Հարգելի խմբագրություն
Ձեզ դիմում է «ԱՆ-12» օդանավի անձնակազմը, որին Արա Արշավիրի Աբրահամյանը աֆրիկյան գերությունից փրկեց 2005 թ. հունիսին: Մենք Արա Աբրահամյանին ուզում ենք կրկին ու կրկին շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ նա մեզ երկրորդ կյանք նվիրեց, երջանկություն եւ անդորր բերեց մեր ընտանիքներին:
Մենք, որպես Արա Աբրահամյանի հսկայական բարությունը, հոգու շռայլությունն ու վեհանձնությունն անձամբ զգացած մարդիկ, խորին վրդովմունք եւ տարակուսանք ենք արտահայտում Արա Աբրահամյանի հասցեին Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներում ոմն Հ. Առաքելյանի ասած լկտի խոսքերի կապակցությամբ: Այս նամակի նպատակը չենք համարում Արա Աբրահամյանի պաշտպանությունը. նա որեւէ պաշտպանության կարիք չունի:
Հայաստանին, հայ ժողովրդին եւ իրեն դիմող բոլոր անձանց օգնելու իր գործունեությամբ Արա Աբրահամյանը վաղուց վաստակել է արժանի հեղինակություն եւ հարգանք: Մենք չենք էլ ուզում թվարկել նրա բոլոր պատվանշանները, քանի որ առանց դրանց էլ նրա անունը հայ ժողովրդի արժանավոր շարքում առաջինների թվում է: Մի՞թե Արա Աբրահամյանի հեղինակության պատճառով չէր, որ բազմամիլիոնանոց Ռուսաստանը նրան դիմեց ռուս նավաստիների ազատագրմանն օժանդակելու խնդրանքով: Եվ արդյունքն ամենքիս լավ հայտնի է:
Մինչդեռ որոշ ԶԼՄ-ներ, կառուցողականություն եւ անաչառություն դրսեւորելու փոխարեն, ընդհակառակը, շիկացրին կրքերը, իջնելով բուլվարային մամուլի մակարդակին:
Բայց իմացեք, ոչ-ոք չի կարողանա արատավորել Արա Աբրահամյանի անունը եւ ինչ-ինչ խոսքերով ի չիք դարձնել նրա վաստակը, որը միայն հայ ժողովրդին չի վերաբերում: Պատահական չէ, որ նրա գործունեությունը բարձր են գնահատել բազմաթիվ պետություններ եւ միջազգային կազմակերպություններ:
Նման պայմաններում օրինական հարց է ծագում. իսկ ո՞վ է այս բոլոր, մեղմ ասած, անվայել խոսքերի հեղինակը, արե՞լ է ինչ-որ բան հայ ժողովրդի կամ առանձին որեւէ մեկի համար:
Ուրեմն եկեք կանգ առնենք եւ մեր ձայները միացնենք համախմբվելու եւ ի նպաստ հայ ժողովրդի ու Հայաստանի համատեղ աշխատելու Արա Աբրահամյանի կոչին:
«ԱՆ-12» ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄ
Ա. Ռ. Կարապետյան
Ս. Ս. Դարբինյան
Ռ. Ա. Խաչատրյան
Ս. Ա. Մուրադյան