«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2006-12-01 | #231, 2006-12-02 | #232, 2006-12-05


ԲԱՔՈՒՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

Մոսկվաբնակ ադրբեջանցիները խուճապի են մատնվել. Պուտինի ցուցումով Ռուսաստանի իշխանությունները կարգուկանոն են հաստատում «շուկայական հարաբերություններումՙ հօգուտ տեղացի բնակչության»: Կառավարության որոշմամբ, 2007 թ. համար ներգաղթողների ընդհանուր քանակաչափը սահմանափակված է 300 հազարով, իսկ ադրբեջանցիների քանակը հենց միայն Մոսկվայում տարբեր տվյալներով կազմում է 1-2 միլիոն, եւ հիմնական զանգվածը տնօրինություն է անում հենց մանրածախ շուկաներում: Բնականաբար, սրանց մի մասն ստիպված կլինի վերադառնալ «պատմական» հայրենիք, որն ինքը սեփական գործազուրկների պակաս չի զգում:

Ադրբեջանի ղեկավարությունն անհանգստացած է երկրի առջեւ ծառացած խնդիրների կապակցությամբ: Նախագահ Ալիեւի կարգադրությամբ ստեղծվում է պետական հանձնախումբ, որը կզբաղվի վերադարձող տարաբախտ հայրենակիցների բախտով:

Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները դժգոհություն են հայտնում ընդունվող որոշումների առնչությամբ, դրանց մեջ տեսնելով որոշակի խտրականություն հատկապես ադրբեջանցիների նկատմամբ, թեեւ շուկաներում քիչ չեն նաեւ ԱՊՀ այլ երկրների ներկայացուցիչները: Հայերն ավելի շատ զբաղված են շինարարական շուկաներում:

Օբյեկտիվորեն, վաղ թե ուշ նման օրենսդրական խստացում պիտի տեղի ունենար. չափից դուրս շատ են, հատկապես Մոսկվայում, այլազգի ապօրինի ներգաղթողները, որոնք գրավելով մանրածախ շուկաները, դրանցից դուրս են մղում տեղացիներին: Սակայն նոր սահմանափակումներն ավելի շուտ պետք է շաղկապել առաջիկա խորհրդարանական ու նախագահական ընտրությունների հետ: «Վճռական» Պուտինը բարձրացնում էր հարգը եւ հնարավոր է, տեղ է բացում իր երրորդ ժամկետի համար:

Մնում է միայն սպասել, թե կգործե՞ն արդյոք նոր որոշումներն ու օրենքները: Համենայն դեպս, առ այսօր նմանատիպ միջոցառումները լրիվ ընկրկել են հրեշավոր կոռուպցիայի առջեւ:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4