Ուղիղ երեք տարի առաջ հանկարծամահ եղավ Մեսրոպ արք. Աշճյանը: Նրա իսկ հիմնած Գյումրիի Թռչունյաց տան մանուկները կորցրեցին սիրելի հարազատին, ում հայրական հոգատարությունը հովանի եղավ իրենց մռայլ մանկությանը, որբացավ «Մուղնի» հրատարակչությունը, իսկ Մուղնու Սբ. Գեւորգ վանքը կորցրեց իր անխոնջ աղոթարարին, ում ջանքերով վանքը ստացավ իր վաղեմի դեմքն ու փառահեղ տեսքը: Մարդկանց աշխարհից պակասեց մի ափ բարություն, սիրտ, որ տրոփում էր հոգատարությամբ եւ կարեկցանքով ու շատերին էր հորդորում բարեգործությամբ շենացնել մայր հայրենիքը:
«Սրբազանը մոտ 200 անուն գրքի տպագրություն է հովանավորել», ասում է Մեսրոպ արք. Աշճյան սրբազանի թանգարան-գրադարանի վարիչ Հովհաննես Մկրտչյանը: Նա հատկապես կարեւորում է այն ակցիան, որ կազմակերպել է Մեսրոպ սրբազանը 1985-ի ապրիլին ԱՄՆ-ում: «Նա Եղեռնի 70-ամյակի կապակցությամբ հավաքեց մոտ 2000 եղեռնը վերապրած ծերունիների եւ ոգեկոչման մեծ միջոցառում իրականացրեց: Այդ միջոցառմանը մասնակցել են Կալիֆոռնիայի ազգությամբ հայ նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը, Շառլ Ազնավուրը եւ այլք, պատմում է Հովհաննեսը, որ պակաս կարեւորություն չի տալիս սրբազանի կազմակերպած ուխտագնացություններին Արեւմտյան Հայաստան եւ Ջավախք: Բացի այդ, նա վերադարձնում էր մեզ մեր արմատներին գործնականորեն: «Նա կազմակերպում էր Արեւմտյան Հայաստանի որեւէ մարզի ազգային-տեղական նշանակության մշակույթի ոգեկոչման օր: Այդ օրը մեծ տոնախմբություն էր կազմակերպվում, մարդիկ զգեստավորվում էին այդ մարզի բնակիչների տարազով, ներկայացնում էին այնտեղի ասեղնագործը, մշակույթն ընդհանրապես, ճաշատեսակներն ու սովորությունները: Սրբազանի այս նախաձեռնությունները եթե հիմա էլ շարունակող լինի, նրա հոգին պիտի ուրախանա երկնքում», համոզված է զրուցակիցս:
«Մեսրոպ արքեպիսկոպոսը պատարագում էր կիսավեր եկեղեցիներում, մամռակալած քարերին վերադարձնում հայ եկեղեցականի խոսքն ու հայ հոգեւոր երգի հազարամյա հնչյունները», ասում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Ա. Մելքոնյանը աշխատանքով եւ հոգեւոր սերտ կապերով է կապված սրբազանին ու նրա հիշատակը հավերժացնելու գործին: Նրա նախաձեռնությամբ 2004-ից ի վեր ի մի են բերվում Աշճյան սրբազանի կյանքն ու գործը, նրա մասին հուշերն ու նրա մտքերը, որոնք զետեղված են «Մեր դժվար ժամանակների մեծ հայը» գրքում: Գիրքը լույս կտեսնի առաջիկա ամիսներին: «Սա ոչ միայն Մեսրոպ սրբազանի, այլեւ աշխարհի բոլոր հայերի վերջին 40 տարիների պատմությունն է: Չէ՞ որ անկախ աշխարհագրությունից եւ հարմարավետությունից, նա այնտեղ էր ուր հայ կար», ասում է թանգարան-գրադարանի վարիչը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ