Բաց եւ թափանցիկ հասարակության առաջ` ԶԼՄ-ների միջոցով
Կարեւորելով զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) հետ աշխատանքն ու հասարակության առաջ հնարավորինս բաց ներկայանալու խնդիրը` հունիսի 6-ին Երեւանի պետական համալսարանում ստեղծվել է հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը: Համալսարանի խնդիրներին, ուսանողների հետ տարվող աշխատանքներին, գիտական քաղաքականությանը, միջազգային համագործակցությանը եւ այլ հարցերին անդրադառնալու նպատակով համալսարանականները «Երեւանի պետական համալսարանը զանգվածային լրատվամիջոցներում» թեմայով դեկտեմբերի 2-3-ը սեմինար-քննարկում էին կազմակերպել Ծաղկաձորում: Ռեկտորի եւ պրոռեկտորների հետ հանդիպումները հատկապես հետաքրքրական էին, քանի որ նրանք չէին փորձում ամեն ինչ պայծառ լույսի ներքո կամ «վարդագույն ակնոցներով» ներկայացնել` անդրադառնալով ե՛ւ խնդիրներին, ե՛ւ դրական կողմերին:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ներկայացնելով Բոլոնիայի գործընթացի շրջանակներում համալսարանում կատարվող աշխատանքները, մատնանշեց այդ ճանապարհին եղած խնդիրները: Հետխորհրդային կրթական համակարգից մնացած ներկա համակարգը Բոլոնիայի գործընթացին համատեղելու դժվարություններից խոսելով` ռեկտորը նշեց, որ իրենք հիմնականում կարողացել են խուսափել խիստ վնասակար եւ ջարդող մեթոդներից: Բուն ուսումնական գործընթացի առնչությամբ պրն Սիմոնյանը նշեց, որ պետք է բեռնաթափել ուսանողների լսարանային աշխատանքը եւ շեշտը դնել ավելի շատ գործնականի վրա, քանի որ գործնականի սակավության պատճառով «հաճախ ուսանողները համալսարանից դուրս են գալիս փայլուն գիտելիքներով եւ զրոյական հմտություններով»: Համալսարանի խնդիրներից է նաեւ գրադարանի գրքերի հնությունը, որոշ լաբորատորիաների սարքավորումների վատթար վիճակը, ինչպես նաեւ երկաստիճան մագիստրոսական համակարգին անցնելիս ունեցած խնդիրները: «Մենք անցանք երկաստիճան համակարգի, բայց, ըստ էության, մագիստրատուրան չտարբերվեց բակալավրիատից», խոստովանեց ռեկտորը` հավելելով, որ մագիստրատուրան գիտելիքների եւ հմտությունների առումով այլ ուղղություն պիտի տա: «Ազգ»-ի հետաքրքրությունը 14 հազար շրջանավարտ ունեցող ԵՊՀ-ում կաշառակերության ծավալների մասին ռեկտորից ստացավ նման արձագանք. «Կաշառակերությունը բուհերում շատ է, այն լիովին վերացնելը որեւէ ոլորտում հնարավոր չէ, բայց նվազագույնի հասցնելը հնարավոր է»: Կաշառակերության դեմ պայքարում ռեկտոր Սիմոնյանը կարեւորեց, օրինակ, բյուջեի հաշվետվության բաց ներկայացումը, որն էլ պատրաստվում են առաջիկայում անել. «Թող իմանան, թե որ գումարն ինչպես է ծախսվել»: «Կաշառակեր դասախոսներին ղեկավարությունից հիմնականում չեն ճնշում, քանի որ որոշ դեպքերում ուսանողից վերցված գումարից նրանք էլ են «բաժին» ունենում»ՙ մեր այս դիտարկմանը Արամ Սիմոնյանը պատասխանեց, որ համալսարանում կաշառակերությունը ուղղաձիգ չէ, այսինքնՙ վերեւից ներքեւ գումար չեն տալիս, դրանք անհատական բնույթ են կրում:
ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյանը ներկայացրեց ուսանողների եւ շրջանավարտների հետ տարվող աշխատանքները` կարեւորելով նրանց իրավունքների եւ պարտականությունների հայեցակարգի մշակումը, որն առաջիկայում կներկայացվի գիտխորհրդի նիստին: Ուսանողների ոչ ֆորմալ կրթության ապահովման համար պրոռեկտորը կարեւորեց Դիլիջանի մարզաառողջարանային համալիրի վերակառուցումը, որի համար արդեն գումարներ են հավաքվում: Քանի որ վերը նշված վարչությունում ստեղծվել է նաեւ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոն, հետաքրքրվեցինք, թե ԵՊՀ շրջանավարտների քանի տոկոսն է աշխատանք գտնում: «Տարեկան 2400 շրջանավարտ ենք ունենում, որոնց 30 տոկոսն հետագա վեց ամիսներին աշխատանք գտնում է», ասաց պրոռեկտոր Քարամյանը` հավելելով, որ հենց կարիերայի կենտրոնի միջոցով 6 ամսում աշխատանք են գտել մոտ 60 հոգի: Կարեւոր էր պրոռեկտորի դիտարկումը ամենամյա ծավալուն ընդունելությունների մասին հատկապես այն բաժիններում, որոնց պատրաստած մասնագետներն աշխատանքային շուկայում քիչ պահանջարկ ունեն կամ գրեթե չունեն. «ԵՊՀ ուսանողների թիվը շատ է եւ մեր տնտեսության պահանջարկի պարագայում նրանց թիվը ամենաշատը պետք է լինի 9 հազար»:
ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սամվել Հարությունյանն էլ իր ոլորտի իրավիճակը ներկայացնելիս, գործընկերային ծրագրերը հավելելով ասաց, որ եթե խորհրդային տարիներին հայկական գիտությունը ֆինանսավորվում էր 500 մլն դոլարով, այժմ այն 12-13 մլն է:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ