«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2006-12-02 | #232, 2006-12-05 | #233, 2006-12-06


ՀՈԿԵՅԻ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Վերջին տարիներին տափօղակով հոկեյը մեր հանրապետությունում որոշակի մասսայականություն է վայելում, իսկ Հայաստանի հավաքականն արդեն աշխարհի առաջնությունների մասնակցության փորձ ունի: Հաջորդ մրցաշրջանում էլ հայ հոկեյիստները կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Առաջինը մրցասպարեզ դուրս կգան Հայաստանի երիտասարդական հավաքականի հոկեյիստները, որոնք կմասնակցեն հունվարի 8-15-ը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայանալիք «C» խմբի աշխարհի երիտասարդական առաջնությանը: Նախնական փուլում մեր հոկեյիստների մրցակիցները կլինեն Թուրքիայի, Նոր Զելանդիայի, Չինաստանի, Բելգիայի եւ Բուլղարիայի հավաքականները: Ընդ որում, մեր հավաքականի առջեւ բավական բարդ խնդիր է դրվելՙ հաղթող ճանաչվել մրցաշարում եւ իրավունք նվաճել հանդես գալու «B» խմբի աշխարհի առաջնությունում:

Աշխարհի «C» խմբի առաջնությանն է նախապատրաստվում նաեւ Հայաստանի ազգային հավաքականը: Մրցաշարը կայանալու է Իռլանդիայում: Մեր հավաքականին հարկ կլինի մրցել Իռլանդիայի, Նոր Զելանդիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Լյուքսեմբուրգի եւ Մոնղոլիայի թիմերի հետ:

Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ մեր հավաքականն իրավունք ունի պայքարելու 2010 թ. ձմեռային օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարին, որին կմասնակցեն 26 հավաքականներ: Մեր հավաքականը պետք է համապատասխան հայտ ներկայացնի, որպեսզի ընդգրկվի 2008 թ. մեկնարկող օլիմպիական ընտրական մրցաշարի մասնակիցների կազմում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4