«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2006-12-05 | #233, 2006-12-06 | #234, 2006-12-07


ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻՆ ԲՆՈՐՈՇ Է ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ընդառաջելով լրագրողների խնդրանքին, հերթական մամուլի ասուլիսը երեկ անցկացրեց անմիջապես մարտական դիրքերում։ Նախքան դիրքեր մեկնելը պաշտպանական գերատեսչության ղեկավարը լրագրողներին առաջնորդեց Ստեփանակերտում գտնվող Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը։ Այս այցելությունն, ըստ նախարարի, խորհրդանշական է նրանով, որ այստեղ ռազմահայրենասիրական դաստիարակություն եւ ուսում է ստանում այն սերունդը, որը վաղը պիտի փոխարինի այսօր հայրենիքի սահմանները պաշտպանող ավագ սերնդին։ Լրագրողները ծանոթացան վարժարանի դրվածքին, ներկա եղան ուսումնական պարապմունքներին։

Հաջորդ այցելությունը Ն զորամաս էր։ Գնդի մարտական հերթապահության ավանը (իսկ այդպիսիք կան ՊԲ բոլոր զորամասերում) նախարարի բնորոշմամբՙ հազվագյուտ է իր ինժեներական կահավորանքով։ Ավանը պարունակում է այն բոլոր տարրերը, որոնք առկա են զորամասիՙ առաջնագծում իրենց վստահված հատվածում։ Մարտական դիրքեր մեկնելուց առաջ զինվորներն այստեղ, այսպես կոչված, հարմարվողական վարժություններ են անցնում, որպեսզի առաջնագծում ավելի արագ ու ճշգրիտ կարողանան իրականացնել իրենց հերթապահությունը։ Այնուհետեւ, արդեն մարտական դիրքերում, հակառակորդի դիրքերից ընդամենը 150 մետր հեռավորության վրա, լրագրողները մոտիկից ծանոթացան իսկական մարտական հերթապահության նրբություններին, զրույցներ ունեցան սահմանը հսկող զինվորների հետ։

Առհասարակ, գրելու համար հայ զինվորի արժանապատիվ կեցվածքի մասին, պետք է անպայման լինել մարտական դիրքերում։ Իսկ այն ինչ տեսանք խրամատում անսասան կանգնած զինվորների աչքերում, դա նախ եւ առաջ չթաքնված հպարտությունն էր։

Պաշտպանության նախարարը ցույց տվեց հակառակորդի հնարավոր հարձակումը կասեցնելու նպատակով կառուցված ինժեներական կառույցներըՙ վերստին շեշտելով ԼՂՀ սահմանների անառիկությունը։

Այնուհետեւ դաշտային վրանում տեղի ունեցավ մամուլի ասուլիս։ Սեյրան Օհանյանը կարճառոտ ներկայացրեց այն աշխատանքները, որոնք իրականացվել են համակարգում, 2006 թվականի ընթացքում։ Մասնավորապես շարունակվել են մարտական պատրաստության գծով միջոցառումները։ Այս տարի առանձնապես կարեւորվել է հետախուզական ծառայությունը, որի դրսեւորած մի արդյունքը վերջերս հետախույզի օրվա կապակցությամբ Ստեփանակերտում անցկացված ռազմավարժական միջոցառումն էր։ Պաշտպանության բանակում արդիականացման ու համալրման միջոցառումներն անցկացվել են ժամանակին ու որակով։ Նվազել են արտակարգ պատահարները զորամասերում։ Նախարարը գոհունակությամբ արտահայտվեց հրամանատարազորային վարժությունների կապակցությամբ, նշելով, որ դրանք ցանկալի արդյունքներ են տվել։ Այս տարի 100 տոկոսով է իրականացվել զորահավաքը, ինչը նշանակում է, որ պահեստային ուժերը մշտապես պատրաստ են անհրաժեշտ դեպքում ստանձնելու հայրենիքի պաշտպանության գործը։

Ս. Օհանյանը նաեւ պատասխանեց լրագրողների տված տարաբնույթ հարցերին։ «Ազգի» այն հարցին, թե արդյոք ՊԲ հրամանատարին չի մտահոգում Ադրբեջանիՙ անընդհատ աճող ռազմական ծախսերի ծավալը, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ իրենք դրանից հետեւություններ, անշուշտ, անում են։ Միջոցառումներ են իրականացվում բանակի շարժունակությունը բարձրացնելու ուղղությամբ։ Դա շատ առանձնահատուկ է արցախյան բանակին, որովհետեւ պատերազմական գործողությունների ընթացքում, երբ դարձյալ հակառակորդի զինական ուժը գերակա էր, շարժունակությունը բնորոշ է եղել ԼՂՀ ՊԲ-ին։

Անդրադառնալով ազատագրված տարածքների հնարավոր վերադարձման մասին հարցին, Ս. Օհանյանն ասաց, որ այդ տարածքները ժամանակին ազատագրվել են Արցախի անվտանգության ապահովման նպատակով։ Իբրեւ ռազմական գերատեսչության ղեկավարիՙ իր խնդիրը երկրի անվտանգության ապահովումն է արտաքին ոտնձգություններից։ Իսկ բանակցությունների արդյունքում հնարավոր են փոխզիջումներ, որն արդեն քաղաքական պատասխանատուների խնդիրն է։ Ամենակարեւորըՙ առաջին գծում իրավիճակը հանգիստ է, կորուստները համարյա զրոյի են հասցվել, իսկ եթե հակառակորդի կողմից հրադադարի խախտումներ են լինում, ապա ՊԲ մարտիկները կրակոցներին պատասխանում են ըստ նպատակայնության։

Արդյոք ադրբեջանական կողմից փորձեր արվում են դիրքերն առաջ տանելու ուղղությամբ. այս հարցին դրական պատասխանելով, նախարարը վստահեցրեց, որ դրանք միշտ էլ ղարաբաղյան զինուժի կողմից կանխվում են։

Հաջորդ տարի լրանում է ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման 15-ամյակը, եւ այս կապակցությամբ տրված հարցին Ս. Օհանյանը պատասխանեց, որ առաջին հերթին վերագնահատելու են անցած ուղին թե՛ պատերազմական ժամանակահատվածի եւ թե՛ հետպատերազմյան ժամանակաշրջանիՙ բանակի ամրապնդման համատեքստում։

Վերջում պաշտպանության նախարարը հաճելի անակնկալ մատուցեց լրագրողներին։ Նա գերատեսչության անունից շնորհակալագիր հանձնեց ասուլիսի բոլոր մասնակիցներին հետեւյալ բովանդակությամբ. «Պաշտպանության բանակի հետ համագործակցելու եւ ԼՂՀ պաշտպանության նախարարի արտագնա մամուլի ասուլիսին մարտական դիրքում մասնակցելու համար»։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4