«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2006-12-05 | #233, 2006-12-06 | #234, 2006-12-07


ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՐԱԿԱՆ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆԸ

Այլ ոչ թե «հիմնական կարիքների» կամ «կենսաբանական պահանջմունքների» բավարարմանը

Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) վերանայման անհրաժեշտությունն անժխտելի է: Ողջունելի է նաեւ, որ ԱՀՌԾ վերանայման աշխատանքային խումբն այդ նպատակով պատրաստ է հասարակական քննարկումներ ծավալել եւ առաջարկություններ ընդունել, այդ նպատակով ստեղծելով ինտերնետային էջ (www.PRSP.am): Հայաստանում արձանագրված տնտեսական աճն ու մի շարք այլ գործոններ ծրագրում շտկումների անհրաժեշտություն են առաջացրել: Բացի այդ, ԱՀՌԾ-ով նախատեսված մի շարք նպատակներ ժամանակավրեպ էին արդեն իսկ ընդունման ժամանակ: Դրանց վերանայումն ավելի իմաստալից եւ իրական կդարձնի ծրագիրը: Այստեղ առաջնայինը, նախեւառաջ, աղքատության սահմանագծի փոփոխումն է:

Հիշեցնենք, որ 6 տարի առաջ, 1999 թ.-ին, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 1 չափահաս անձի համար ընդունվել էր ամսական 12 հազար դրամը: Այսինքն, այդ սահմանագիծը հատող անձինք արդեն համարվում էին ոչ աղքատներ: Այս սահմանագիծն ընդունվել էր ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) իրականացրած տնային տնտեսությունների հետազոտության արդյունքում, հիմք ընդունելով փաստացի պատկերը: Մինչդեռ առողջապահության նախարարությունը սահմանեց մեկ այլ, բժիշկների եւ դիետոլոգների հաշվարկած նվազագույն սպառողական զամբյուղՙ 26 հազար դրամ արժեքով: Ակնհայտ է, որ 12 հազար դրամ աղքատության սահմանագիծն ընդունվել էր առանց մասնագետների տեսակետը հաշվի առնելու: Սա առաջին լուրջ պատճառն է, որպեսզի վերանայվի նվազագույն սպառողական զամբյուղի չափը:

Չնայած 2005 թ.-ի միջին փաստացի գներով նվազագույն սպառողական զամբյուղը կազմել էր մոտ 16 հազար դրամ, դա չի կարող բավարար համարվել անգամ սնվելու նվազագույն պահանջները բավարարելու համար, չխոսելով արդեն մյուս կենսական անհրաժեշտությունների մասին: Ի դեպ, հենց ԱՀՌԾ առաջին բաժնի առաջինՙ «Աղքատության սահմանումները եւ գնահատման մեթոդաբանությունը» գլխում սահմանվում են այդ անհրաժեշտությունները: Մասնավորապես նշվում է, որ «այս ծրագրում աղքատության տակ հասկացվում է կենսաբանական, սոցիալական, հոգեւոր-մշակութային նվազագույնը բավարարելու անհնարինությունը»: «Մարդն աղքատ է կամ աղքատ չէ հիշյալ երեք խմբերի համակցությամբ եւ միայն կենսաբանական պահանջմունքների բավարարումը չի բերելու մարդու սոցիալական հնարավորությունների մեծացման կամ աղքատության վերացման», նշվում է ծրագրում: Սակայն դրա հետ մեկտեղ արձանագրվում է, որ Հայաստանում հետազոտությունները կատարվում են միայն կենսաբանական պահանջների ցուցանիշների հիման վրա: Այսինքն, ինչպես նշում են սոցիալական ոլորտի պատասխանատուները, Հայաստանում ոչ թե աղքատությունն է հաղթահարվում, այլ մարդու «հիմնական կարիքները»: Սակայն քանի որ ծրագիրը կոչված է աղքատության հաղթահարման ծրագիր, ապա անհրաժեշտ է, որ իրական աղքատության հաղթահարման նպատակ դրվի: Այն աղքատության, որի սահմանումը տրված է նույն ԱՀՌԾ առաջին գլխի առաջին բաժնում:

Հարկ է նաեւ նշել, որ վերջերս ազգային վիճակագրական ծառայությունն անցավ աղքատության մակարդակի գնահատման նոր մեթոդաբանության: Համաձայն նոր մեթոդաբանության, բացի պարենային եւ ոչ պարենային անհրաժեշտ ապրանքներից, աղքատության գիծը սահմանելիս նկատի են առնվում նաեւ երկարատեւ օգտագործման առարկաները: Գնահատումը կատարվում է ոչ մեկ շնչի, այլ մեկ չափահասի հաշվարկով, փոխվել են նվազագույն պարենային զամբյուղի կառուցվածքն ու էներգետիկ արժեքը: Այս ամենի արդյունքում աղքատության ընդհանուր գիծը գերազանցել է 19 հազար դրամ, ինչը որոշ առաջընթաց է 12 հազար դրամի (2005.-ի գներով 16 հազար դրամի) համեմատ: Սակայն այս եզրակացությունը ԱՎԾ-ն կատարել է 2004 թ.-ին անցկացրած հետազոտությունների արդյունքների հիման վրա: Այսինքն, եթե այն հիմք ընդունվի ծրագիրը վերանայելիս, ապա արդեն ժամանակավրեպ կլինի:

Միակ տրամաբանական տարբերակն այն է, որ որպես աղքատության սահմանագիծ, այնուամենայնիվ, ընդունվի 1999 թ.-ին առողջապահության նախարարության հաշվարկած նվազագույն սպառողական զամբյուղը (26 հազար դրամ արժեքով 1999 թ.-ին), որի արժեքը 2005 թ.-ի չորրորդ եռամսյակի գներով գրեթե 30 հազար դրամ էր: Նկատի ունենալով 2006 թ.-ին արձանագրված գնաճը, այս ցուցանիշը ներկայում ավելի բարձր կլինի:

Հասկանալի է, որ աղքատության այսպիսի սահմանագիծ ընդունելը մի շարք այլ նպատակային ցուցանիշների արմատական վերանայման անհրաժեշտություն կառաջացնի: Այդ նպատակների իրականացումն ավելի դժվար կլինի եւ ավելի մեծ միջոցներ եւ ջանքեր կպահանջի: Սակայն աղքատության այս սահմանագիծն ընդունելու եւ հաղթահարելու նպատակադրման դեպքում կարող ենք վստահորեն ասել, որ ԱՀՌԾ-ն իրական աղքատության հաղթահարման, այլ ոչ թե «հիմնական կարիքների» կամ «նվազագույն կենսաբանական պահանջմունքների» բավարարման ծրագիր է: Այսպիսիՙ ավելի բարձր աղքատության սահմանագիծ հաղթահարելը համահունչ է նաեւ Հայաստանի արձանագրած եւ առաջիկա տարիներին կանխատեսվող տնտեսական աճին: Վերջինիս ամենամեծ նվաճումը կլինի հենց իրական աղքատության հաղթահարումը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4