«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2006-12-05 | #233, 2006-12-06 | #234, 2006-12-07


ՄԵՐ ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԱՎԵԼԻ ԾԱՆՐ ՕՐԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Մութ ու ցուրտ տարիների դաժան պայմաններում հայաստանյան տպագիր մամուլը դժվարին շատ օրեր էր տեսել, նույնիսկ կարագի թղթի վրա է տպագրվել, բայց մի քանի օր կամ շաբաթ լույս չտեսնելու վիճակ չէր եղել: Հիմա պարտադրված է այդ փորձությանն էլ դիմանալ, մինչեւ «շրջափակումն» ավարտվի եւ տպագրական թուղթն Ուկրաինայից առատորեն հասնի «Տիգրան Մեծ» հրատարակչություն:

Վաղվանից անորոշ ժամանակով լույս չեն տեսնի «Հայաստանի Հանրապետություն», «Գոլոս Արմենիի» թերթերը, մյուսներն, ինչպես ժողովուրդն է ասում, իրեցն գլխի ճարը մի կերպ կտեսնեն: Օրինակ, «Ազգը» կտպագրվի «Նոյյան տապան» հրատարակչությունումՙ 2,5 անգամ ավելի ինքնարժեքով եւ առանց գնի փոփոխության:

Թղթի «շրջափակման» վերաբերյալ մեր թերթերի խմբագիրներն ու լրագրողական կազմակերպությունների ղեկավարներն ունեն գրեթե նույն ու մի քիչ էլ տարբեր տեսակետներ: «Ուրբաթ» ակումբում երեկ խոսեցին ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, «Ինտերնյուս» ՀԿ նախագահ Նունե Սարգսյանը եւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Աստղիկ Գեւորգյանը կարծում է, որ որեւէ մեկին իրավունք չի տրված թեկուզ մեկ օրով հասարակությանը զրկել տեղեկատվություն ստանալու իրավունքից: «Լրատվական դաշտի ամայացում թույլ չտալու համար անհրաժեշտ էր գնալ դիվանագիտական բոլոր ճանապարհներով: Չեմ պատկերացնում, որ վաղը պիտի արթնանանք ու հայաստանյան բոլոր թերթերը չկարողանանք կարդալ: Չեմ ուզում դիտավորություն տեսնել, չեմ ուզում ասել, որ ընտրությունների նախաշեմին սա փորձաքար է մեզ համար: Կարծում եմ, որեւէ օղակ լավ չի աշխատել, բացի այդ, այսպիսի վիճակ ստեղծվում է մենաշնորհի պայմաններում: Մինչեւ չունենանք թուղթ ներկրող մի քանի այլ կազմակերպություններ ու թղթի պահեստավորման խելամիտ քաղաքականություն, այսպիսի դեպքեր էլի կլինեն»:

Եթե մեր պետական մարմինները իրենց փոքր-ինչ պատասխանատու զգային ռազմավարական ապրանք համարվող թղթի ներկրման համար, հարցը շատ արագ լուծելի կլիներ: «Այս փորձությունն էլ մի կերպ կանցկացնենք, բայց հետո ի՞նչ է լինելու: Առիթից օգտվելով ասեմ, որ տպագիր մամուլին շատ ավելի ծանր օրեր են սպասում ոչ այնքան թղթի պաշարների պակասի, այլեւ տարածող կազմակերպությունների սնանկացման պատճառով: Չէ՞ որ վերջիններս մեծ գումարներ են պարտք տպագիր մամուլին եւ ամեն րոպե կարող են սնանկ ճանաչվել: Մեր թերթն արդեն 6 մլն դրամի կորուստ է ունեցել «Հայկոնտակտ» տարածող կազմակերպության սնանկացման հետեւանքով: Թղթի պակասն այս կամ այն կերպ կհաղթահարվի, սա շատ ավելի ծանրակշիռ է», ասաց Հակոբ Ավետիքյանը:

Նիկոլ Փաշինյանը հարցին նայում է բոլորովին այլ տեսանկյունիցՙ նրան զայրացնում են դրսեւորվող հասարակական հարաբերություններն ու մեր մտածողության ախտանիշերը. «Այս ամենի հիմքում մեր մտածողությունն է: Խնդիրն այն չէ, այս պահին թուղթ կա, թե՞ ոչ: Այլ այն, որ ոչ մեկին հասկանալի չէ, թե ի՞նչ կարող է լինել հաջորդ պահին: Մենք դուրս ենք գալիս անկանխատեսելիության ոլորտ եւ ոչ մեկը չի կարող ասել, թե ի՞նչ է լինելու հաջորդ պահին: Հիմնական խնդիրն այստեղ եմ տեսնում ոչ միայն մամուլի, այլեւ Հայաստանի համար»:

Տպագրական թղթի «շրջափակումը» վտանգավոր համարվեց նաեւ նախընտրական տեխնոլոգիաների հնարքներից մեկը դառնալու իմաստով: Նունե Սարգսյանը տեղին նկատեց, որ նախընտրական շրջանում տպագիր մամուլի գործունեությունը սահմանափակելու համար գործի են դրվում երեւակայական տարբեր հնարքներ, որոնցից մեկն էլ, ըստ ամենայնի, կլինի տպագրական թղթի պակասը: «Այն ինչ կատարվում է այսօր խիստ վտանգավոր է: Իսկ ինչ ենք անելու, եթե ընտրությունների շրջանում այս նույն վիճակը ստեղծվի: Միանգամայն համաձայն եմ, որ դա կարող է կրկնվել, եւ դրան պետք է պատրաստ լինել նաեւ հոգեբանորեն», ասաց նա:

Ընտրությունների շրջանում մեր լրատվամիջոցների վիճակն իրոք տխուր է լինելու, որովհետեւ, ինչպես նշեց Բորիս Նավասարդյանը, միջազգային կազմակերպություններն այլեւս չեն կարող կատարել իրենց տրված զսպող մեխանիզմի դերը: «Այս պարագայում չկա որեւէ գործընկեր, որը լրատվամիջոցների նկատմամբ իր պարտավորությունները կատարի մինչեւ վերջ: Թերթը տարածողը կարող է սնանկ ճանաչվել, թուղթ բերողըՙ մերժել, տպագրողըՙ հրաժարվել եւ այլն: Թղթի վիճակը Հայաստանում այդքան ճգնաժամային չէ, միշտ էլ կան պաշարներ եւ ցանկության դեպքում կարելի է օգտագործել: Հիմա քաղաքական նկատառումներ չեմ տեսնում, բայց ուզած պահին դա հնարավոր է»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4