«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2006-12-05 | #233, 2006-12-06 | #234, 2006-12-07


«ՎԻՄՊԵԼԿՈՄԸ» ՁԳՏԵԼՈՒ Է ԴԱՌՆԱԼ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Ինչպես եւ այլ շուկաներ մուտք գործելիս, այնպես էլ Հայաստանում «Արմենտելի» նոր սեփականատեր «Վիմպելկոմ» ընկերությունը ձգտելու է լինել առաջատար բջջային կապի ոլորտում, մատուցել որակյալ ծառայություններ լարային հեռախոսակապի շուկայում, ներդնել ժամանակակից նոր սարքավորումներ: Այս մասին երեկ հրավիրած առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին «Վիմպելկոմի» կորպորատիվ զարգացման հարցերով փոխնախագահ Վլադիմիր Ռյաբոկոն եւ «Արմենտելի» նոր գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը: Առաջ անցնելով նշենք, որ սպառողներին հետաքրքրող ամենակենսական հարցերի պատասխանները (սակագների փոփոխություն եւ այլն) նրանք չտվեցին, հիմնավորելով, որ ներկայումս դեռ ուսումնասիրում են շուկան եւ հաշվարկներ անում: Սակայն հիմնականը, որ հերթական անգամ վերահաստատեցին «Վիմպելկոմի» ներկայացուցիչները, այն էր, որ ընկերությունը հրաժարվելու է մենաշնորհներից, ձգտելու է շահույթ ստանալ սակագների իջեցման, նոր ծառայությունների մատուցման, դրանց որակի բարելավման արդյունքում:

Բջջային կապի շուկայում, ըստ Օլեգ Բլիզնյուկի, ներկայումս շուրջ 1 մլն բաժանորդ կա: Դրանցից 600 հազարըՙ «Վիվասելի», 400 հազարը «Արմենտելի» բաժանորդներն են: «Արմենտելի» գլխավոր տնօրենը նշելով, որ ինքն արդեն հասցրել է նկատել, որ բջջային կապի որակը դեռ բավարար չէ, ընդգծեց այն բարձրացնելու եւ ծածկույթն ընդլայնելու անհրաժեշտության մասին: Ներդրվելու են բիլինգի նոր ծառայություններ, որի շնորհիվ ինչպես ընկերությունը, այնպես էլ հաճախորդները զերծ կմնան ավելորդ կորուստներ ունենալուց:

Լարային (ֆիքսված) հեռախոսակապի ասպարեզում, որտեղ «Արմենտելն» ունի 600 հազար բաժանորդ, հեռախտությունը կազմում է 20 տոկոս, իսկ թվայնացման մակարդակըՙ 50 տոկոս, ընկերությունը նախատեսում է արագացնել անալոգային հնացած սարքավորումների փոխարինումը թվայինով, մատուցել նոր ծառայություններ եւ բարձրացնել դրանց որակը:

«ՎԻմպելկոմի» ներկայացուցիչները ընդգծեցին «Արմենտելի» աշխատակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը, ասելով, որ «Արմենտելի» գործունեության իրենց մոդելը լինելու է տեղական ավանդույթների եւ «Վիմպելկոմի» փորձի միաձուլումը:

«Արմենտելի» գործարքի վերաբերյալ տրված այն հարցին, ըստ որի ավելի բարձր գինՙ 600 մլն դոլար, առաջարկել է այլ ընկերություն, բայց մրցույթում հաղթող է ճանաչվել «Վիմպելկոմը», Վլադիմիր Ռյաբոկոն պատասխանեց, որ եթե այդպես լիներ, ապա ցանկացած ընկերություն կդիմեր միջազգային դատարան: Ասվածին Օլեգ Բլիզնյուկը ավելացրեց, որ հանուն ինչի՞ վաճառող ընկերությունը պետք է հրաժարվեր լրացուցիչ 100 կամ 150 մլն դոլարից: Հայաստանի կառավարության դերակատարության մասին հարցի կապակցությամբ էլ Վլադիմիր Ռյաբոկոն հայտնեց, որ ինքը «Վիմպելկոմի» կողմից բանակցություններ է վարել վաճառող ընկերության հետ եւ կառավարության ներկայացուցիչների հետ շփում չի եղել:

Մենաշնորհից հրաժարվելու մասին խոսելով, «Վիմպելկոմի» ներկայացուցիչը վերստին նշեց, որ ընկերությունը չի վախենում մրցակցությունից եւ ավելին, ողջունում է մրցակցությունը: Այն բերում է նոր ծառայությունների մատակարարման, տեխնոլոգիաների ներդրման, որակի բարձրացման եւ սակագների նվազման: «Կառավարության հետ մենք ունենք ապամենաշնորհացման պայմանագիր եւ մնում ենք դրան հավատարիմ: Այժմ աշխատում ենք, թե երբ դա պետք է լինի», ասաց Վլադիմիր Ռյաբոկոն: Նա նաեւ ավելացրեց, որ «Արմենտելի» պետական մնացած 10 տոկոսի ձեռք բերման վերաբերյալ դեռ վերջնական որոշում կայացված չէ:

Մամուլի ասուլիսի ժամանակ «Վիմպելկոմի» ներկայացուցիչները մանրամասներ հաղորդեցին ընկերության գործունեության մասին Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում: Ռուսաստանում «Վիմպելկոմը» զբաղեցնում է ամբողջ շուկայի 33 տոկոսը եւ ունի 50 մլն բաժանորդ, Ղազախստանումՙ 3,5 մլն բաժանորդ, Ուկրաինայում 6 ամսվա ընթացքում բաժանորդների թիվը կազմել է 1,5 մլն, մյուս երկրներում ընկերությունը դեռ նոր է մուտք գործել, բայց բաժանորդների, ինչպես նաեւ շահույթի աճի ցուցանիշները նույնպես նույն միտումներն ունեն: Այս բոլոր երկրներում որտեղ ընկերությունը մուտք է գործել, աշխատել է գործունեություն ծավալել եւ շահույթ ստանալ գների իջեցման եւ խոսելաժամանակի ավելացման միջոցով:

Մամուլի ասուլիսի ժամանակ նշվեց նաեւ, որ «Վիմպելկոմը» առաջին ռուսական ընկերությունն է, որի բաժնետոմսերը 10 տարի առաջ սկսվել են վաճառվել Նյու-Յորքի ֆոնդային բորսայում: Ընկերության ամենախոշոր բաժնետերերն են նորվեգական հեռահաղորդակցության ընկերություն «Տելենորը» եւ ռուսական «Ալֆան», որը հանդես է գալիս որպես հիմնական ներդնող: Բաժնետերերից եւ ոչ մեկը չունի վերահսկիչ փաթեթ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4