«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2006-12-05 | #233, 2006-12-06 | #234, 2006-12-07


ՀՈՎՎԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ

Վերջերս Գուգարաց թեմից ստացած հաղորդագրությունները հարուստ են հաճելի նորություններով:

Մասնավորապես նոյեմբերի 25-ին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Չուլջյանի ձեռամբ օծվել եւ տեղադրվել է Կուրթանի ձորում գտնվող 7-րդ դարում կառուցված Հնեվանքի գմբեթի խաչը: Անհիշելի ժամանակներից խոնարհված եւ լքված վանական այս համալիրը պետական բյուջեից հատկացված միջոցներով կենդանության նոր շունչ է առնում:

Սեպուհ սրբազանը իր քարոզում նշել է. «Հնեվանքի այս հիասքանչ եկեղեցու խաչը սրբագործվեց` վերածվելով հաղթության զենքի եւ ամրության վահանի ի մխիթարություն եւ ի օրհնություն Լոռվա աշխարհի մեր հավատացյալների»: Տոնական այդ օրը ուխտավորներին իրենց գեղարվեստական համարներովՙ ասմունքով ու հոգեւոր երգերով, զվարթացրել են Կուրթանի հանրակրթական դպրոցի սաները: Միջոցառումն ավարտվել է օրհնված մատաղի ճաշկերույթով:

Իսկ նոյեմբերի 22-ին կայացել է Վանաձոր համայնքի ավագանու նիստ, ուր միաձայն ընդունվել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Չուլջյանի եւ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի առաջարկըՙ մարզի մանկական կրթօջախներն անվանել համաքրիստոնեական եւ հայազգի նշանավոր սրբերի անուններով: Հայաստանի բոլոր մարզերում սա առաջին նախաձեռնությունն է, որի նպատակն է մատաղ սերնդի մեջ սեր ու ակնածանք արթնացնել հոգեւոր եւ ազգային մեծությունների հանդեպ:

Ի դեպ, Գուգարաց թեմի Լոռու մարզում թեմակալ առաջնորդի եւ մարզպետի նախանձախնդրությամբ եւ համագործակցությամբ դեռեւս 1998 թ. հայոց եկեղեցու պատմություն առարկանՙ որպես դպրոցական պարտադիր առարկա, հանրապետությունում առաջին անգամ մուտք գործեց մարզի հանրակրթական դպրոցներ:

Եթե արդեն իսկ արված աշխատանքին միանա նաեւ կոնկրետ հայեցակարգային մի ծրագիր` ընդդեմ քայքայիչ աղանդների եւ ավետարանչականների հոգեորսության ու մարդակործան գործունեության, որ այդքան շատ են Լոռու եւ Տավուշի մարզերում, կարող ենք ենթադրել, որ Գուգարաց թեմի աշխատանքը Հայ առաքելական եկեղեցու գործնական ու արդյունավետ աշխատանքի լավ օրինակներից մեկն է:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4