«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2006-12-05 | #233, 2006-12-06 | #234, 2006-12-07


ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԿԴԻՄԱՆԱՆՔ ԱՌԱՆՑ ՕՐԵՆՔՈՎ ՕՐՀՆԵՐԳԻ

Չնայած Ազգային ժողովի երկու խմբակցություն` «Արդարությունն» ու ՀՅԴ-ն դեմ էին արտահայտվել Իրաքում հայ խաղաղապահների ծառայության ժամկետը մեկ տարով երկարաձգելուն, սակայն «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» հուշագրին միանալու ժամկետը մեկ տարով եւս երկարաձգելու օգտին քվեարկեց 85 պատգամավոր, եւ հարցը կանաչ ճանապարհ ստացավ: Սակայն այդպես էլ ոչ մի խմբակցություն ստորագրահավաք չնախաձեռնեց «ՀՀ օրհներգի մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու արտահերթ նիստ հրավիրելու համար, եւ մենք երեկ գիշերվանից պաշտոնապես մնացինք առանց օրհներգի: Այսինքն` օրհներգ ունենք, դա «Մեր հայրենիքն» է, սակայն չունենք օրենքով սահմանված օրհներգ, ինչպես որ պահանջում է փոփոխված սահմանադրությունը: Երբ «Ազգը» ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ, օրինակ, հանրապետական խմբակցությունը ստորագրահավաք չնախաձեռնեց, ԱԺ նախագահը հակադարձեց. «Բոլորին վերաբերող բոլոր հարցերին ե՞ս պիտի պատասխանեմ», ավելի ուշ ավելացնելով. «Թող բերեն կառավարության նախաձեռնությունը, եւ նիստը հրավիրվի»: Հարցը ԱԺ խոսափողից նախագահություն ուղղած միակ պատգամավորը` Վիկտոր Դալլաքյանն էլ լրագրողների հետ զրույցում նույնպես գտնում էր, որ ճիշտը կառավարության նախաձեռնությունն է, քանի որ կառավարությունն է բերել օրենքի նախագիծը խորհրդարան: Երբ հարցը լրագրողներն ուղղեցին կառավարության հետ հարցուպատասխանի եկած վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, վերջինս այն տեղին համարեց. «Ցավոք սրտի Ազգային ժողովում չհասցրինք երկրորդ եւ երրորդ ընթերցումները կատարել, մի քանի օր երեւի մենք պաշտոնապես օրինագիծ չենք ունենա, բայց գործնականում մի քանի օրը ազդեցություն չի ունենա մեր տերության գործունեության վրա, կփորձենք մոտակա ժամանակում արտահերթ նիստ գումարել եւ այդ հարցը լուծել», ասաց նա:

Իսկ թե ինչո՞ւ դա ժամանակին չարվեց, ըստ վարչապետի, Ազգային ժողովի աշխատանքի ժամանակը չբավարարեց. «Օրենքի նախագիծը եւ, ընդհանրապես, օրհներգի հետ կապված բոլոր խնդիրներն այնքան լուրջ հարցեր են, որ չէինք կարող դնել եւ արագացված որոշումով այդ խնդիրը լուծել»: Նաեւ վարչապետն ընդունեց, որ ե՛ւ կառավարությունը, ե՛ւ Ազգային ժողովը դեր ունեին հարցի դանդաղման գործում եւ խոստացավ. «Կփորձենք դա ավելի սեղմ ժամկետում լուծել»:

«Օրինաց երկիր» խմբակցությունը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ երեկ փաստորեն լոկալ պատերազմներ էր վարում կառավարության հետՙ եվրոպական ակադեմիայի խնդրի հետ կապված փոխհրաձգություն տեղի ունեցավ Հեղինե Բիշարյանի եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի, իսկ օդանավակայանում օդի հարկի գանձման ինչ-որ չարաշահումների հետ կապված` Հովհաննես Մարգարյանի ու ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի միջեւ, մինչեւ անգամ բանը հասավ անձնական վիրավորանքների մակարդակի: Կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալուց հետո հակադրությունների ջրի երես ելնելու հարցին ի պատասխան վարչապետը գնահատեց. «Անցած ճանապարհը կամ պատմությունը չվերագնահատենք կամ չգնահատենք, այն ինչ որ արել ենք երեք տարվա ընթացքում` արել ենք համատեղ ուժերով, եւ եթե կային հակասություններ, ապա դրանք չէին խանգարում կառավարության ծրագիրն իրագործելուն»:

Արամ Զ. Սարգսյանի` մամուլում տպագրված կոչին, որով նա մտադրություն է հայտնում ընտրությունների ժամանակ դիմել վարչապետին կամ պաշտպանության նախարարին` կոչ անելով միեւնույն ընտրատարածքում առաջադրվել մեծամասնական ընտրակարգով, քանի որ վարչապետը, նրա կարծիքով, թույլ չի տա հաղթելու համար դիմել ընտրակեղծիքի, կընդունի՞ վարչապետն այդ առաջարկը. «Բազմաթիվ առաջարկներ են լինում, Արամի առաջարկը դրանցից մեկն է, ես ուղղակի կորոշեմ, թե որ առաջարկն ընդունեմ»:.

Սերժ Սարգսյանը պատրաստվում է նախագահական ընտրությունների՞. լրագրողի հարցի ենթատեքստում պաշտպանության նախարարի վերջին շրջանի ակտիվությունն էր: Արձագանքն այս տեսքն ուներ. «Ամեն մի աբսուրդ կարծիքի հո չի՞ կարելի հավատալ եւ դրանց պատասխանել, ինչ արտահերթ ընտրություններ, ինչ խնդիրներ կան, որ արտահերթ ընտրություններ լինեն»: Պաշտպանության նախարարի ակտիվությունը նա բնական համարեց, յուրաքանչյուր քաղաքական գործիչ ակտիվություն անելու է, ինչո՞ւ են հենց նրա ակտիվության վրա լրագրողները շեշտադրում: Վարչապետը ընդհանրապես քաղաքական ուժերի ակտիվությունը բնական համարեց ընտրարշավի մոտենալուն զուգահեռ` մատնացույց անելով ԱԺ-ն: Բայց լավ կլինի, որ սահմանների մեջ լինեն, անձնական վիրավորանքների չանցնեն, ցանկություն հայտնեց նա, ինչը, հենց երեկվա ԱԺ հարցուպատասխանը վկա, երեւում է, որ հնարավոր չի լինելու:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4