Գրավոր մշակույթի, տպագիր գրքի հանդեպ վերաբերմունքըՙ կապված ընթերցանության նվազման հետ հետընթաց է ապրումՙ այս տարիների արժեքային վերափոխություններին զուգընթաց: Նախկինում որեւէ լավ հրատարակության առիթով գրախանութի առաջ լուսացնողը կամ անձնական ընտիր գրադարանով հպարտացողն այսօր գիրքը փողոցային վաճառքի է հանել: Մետրոյի գետանցուղում մի տարօրինակ գրավաճառ ամիսներ շարունակ չէր կարողանում Դոստոեւսկու, Շեքսպիրի, Եսենինի կամ Վարուժանի հատորները վաճառել ընդամենը 200 դրամով: Չնայած դրան, այսօր Հայաստանում գրահրատարակչական եւ տպագրական գործը զարգացում է ապրում եւ տպագրվում է ավելի շատ անուն գիրք, քան նախկինում, անշուշտ խիստ նվազ տպաքանակով. սրա պատճառներն ավելի քան պարզ են: Արդի աշխարհի վերափոխման հիմնական գործոնիՙ տեխնիկայի ինտերնետային հնարավորությունը, հազիվ թե կարողանա փոխարինել մարդու հոգեւոր հիմնական սննդինՙ տպագիր գրքի մշակույթին: (Չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր էկրանին կարդալ փիլիսոփայական, գիտական կամ որեւէ այլ լրջաբնույթ աշխատանքային տեքստ: Չնայած, ով գիտե, ժամանակներ անց գուցե այսօրվա տպագիր գիրքն ունենա այն արժեքը, ինչ ասենք ձեռագիր մատյանը):
Հայաստանի ազգային գրադարանը հոգեւոր-մտավոր հարստություններն ամփոփող մեր եզակի հաստատություններից էՙ 35 երկիր ներկայացնող 70 լեզուներով 6,5 մլն միավոր (այդ թվում նաեւ հնատիպ եւ հազվագյուտ նմուշներ) գրականությամբ: Երեկ ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը անդրադարձավ հաստատության ներկա վիճակին, ապա ծրագրերին, գրադարանային մի շարք գործառույթներին, այդ թվում նաեւ համալրման կարեւոր խնդրին:
Այս տարի ազգային գրադարանի համալրման համար պետբյուջեից հատկացված է 28 մլն 61.000.900 դրամ: Այս գործառույթի հիմնական աղբյուրներն են գնումը, բաժանորդագրությունը, նվիրատվությունը, գրքափոխանակությունը: 2006-ին գրադարան մուտք է արվել 1625 միավոր նոր անուն գիրք, արտերկրից եւ Հայաստանից նվիրատվությամբ 6311 միավոր գրականություն (Վաչե Պարտիզունու անձնական գրադարանիցՙ 1481, Բելա Քոչարյանիցՙ 690, նախագահի աշխատակազմիցՙ 488, լեզվի ինստիտուտիցՙ 794, կենտրոնական արխիվիցՙ 700, Մատենադարանիցՙ 123, Ժակ Թորոսյանից, Ժոզեֆ Թորոսյանից, Պիտեր Քաուինից, Լեւոն Զեքիյանից, Հայկ Ավագյանից, Ահմադ Նուրիզադեից եւ այլն), միջգրադարանային բաժնույթի ծառայությամբ ստացվել է 10 գիրք:
Գրադարանի կարեւոր խնդիրներից մեկը հայերեն տպագիր նյութերի ձեռքբերումն ու պահպանումն է, այդ թվումՙ արտերկրում լույս ընծայվող Հայաստանին վերաբերող այլալեզու յուրաքանչյուր նյութի: «Հայ գրքի մատենագրություն» տարբեր ժամանակաընթացքՙ հնատիպ գրքերից մինչեւ արդի շրջանը, XX դարասկիզբ ընդգրկող 3 հատորների տպագրությունն իրագործված է արդեն, IV-ը ընթացքի մեջ է: Գրադարանի հայերեն հնատիպ հավաքածուն այս տարի համալրվել է 82 միավոր նմուշներով, ինչպես բնօրինակային, այնպես էլ լուսապատճենային տեսքով: Առհասարակ գրադարանը հույժ նախանձախնդիր էՙ ձեռք բերելու այնպիսի գրականություն, որտեղ թեկուզ մեկ ակնարկ կա Հայաստանի եւ հայկական թեմաների առնչությամբ: Նաեւ սփյուռքահայ մամուլի համալրման կարիք կա:
Համալրման նորությունների մեջ տնօրենը առանձնացրեց գերմանական «Die Grossen»- արժեքավոր հանրագիտարանըՙ նշանավոր անհատների մասին, որ գրադարանին է հանձնել ՀՀ նախագահը, վերջերս Գերմանիա կատարած այցելությունից հետոՙ նվիրատվությամբ բեռլինաբնակ լրագրող, մտավորական Համո Պետրոսյանի:
Եվս մեկ կարեւոր եւ մեր կյանք ներմուծվող մշակութային մի երեւույթ ներկայացրեց Դավիթ Սարգսյանը. վերջերս Ֆրանսիա կատարած իր այցելության ընթացքում Ֆանդեյի կենտրոնական գրադարանը մեր ազգային գրադարանին է նվիրել մեկ բիբլիոբուս, ավտոբուս-շրջիկ գրադարան, որը գործելու է մարզերում եւ մարզային գրադարանային համակարգի պարալիզացման պայմաններում մասամբ կվերակենդանացնի գրքի ընթերցանության մշակույթը (թեկուզ հետաքրքրասիրությունից): Ապագայում կա նման շարժական 20 գրադարան ձեռք բերելու ծրագիր:
Գրադարանային աշխատանքը որոշակի հունավորված ընթանում է, ազգային գրադարանը անդամ է միջազգային գրադարանային հեղինակավոր մի շարք կազմակերպությունների: Սակայն շենքային պայմանները, որում ներկայումս գտնվում է հաստատությունը, աններելի է. զարմանալի եւ ցավալի է, որ մեր գրավոր մշակույթի մի ստվար մասը կրող ազգային գրադարանը չընդգրկվեց Լինսի հիմնադրամի ծրագրերում: Գրադարանի 4 մասնաշենքերը (առաջինը շահագործման հանձնվել է 1939 թ.) արմատական վերանորոգման կարիք ունեն: Գրապահոցային ֆոնդերի ջեռուցման խնդիրը դժվար լուծելի է: Նախատեսված գումարները խիստ անբավարար են: Բարեբախտորեն, անմխիթար վիճակում գտնվող սանհանգույցի վերանորոգման աշխատանքներն այժմ իրականացնում է «Վիվասելը»:
Նոր գաղափարների ու ծրագրերի ներմուծման պակաս չկա, սակայն գրադարանն այսօր կանգնած է տեխնիկապես վերազինման խնդրի առաջ. ասել է թե ֆինանսական լուրջ օժանդակության: Թղթային արտադրանքի, հաշմանդամների սպասարկումն ապահովելու, գրքի թանգարան ստեղծելու, քարտեզների թվայնացման ծրագրերը սպասում են հովանավորների:
Գրադարանային մշակույթի զարգացման համար աշխարհում այսօր ամենուրեք առանձնահատուկ հոգածության անհրաժեշտություն կա, մասնավորապես բարեգործության, սակայն եթե քաղաքակիրթ երկրներում բարեգործությունը պետական յուրահատուկ վերաբերմունքի է արժանանում եւ դրանով իսկ խրախուսվում, մեզանում այս երեւույթն առայժմ չգիտակցված է, ինչպես պետական, այնպես էլ անհատական մակարդակներում եւ տարերային բնույթ ունի: Շատ կարեւոր է բարեգործության սլաքն ուղղել լուրջ արժեքներին, ըստ այսու փոխել է պետք «գործարարի տեսակը», նրա մտածողությունը, ազգային եւ մարդկային իրական հարստությունները գնահատելու նրա պատկերացումները: Այնպես որ, գրադարանային վերափոխման ճանապարհին պետական անհրաժեշտ հոգածությանը զուգահեռ, շատ էական է անհատական բարեսիրության գործոնը (որքան էլ մեր չափանիշների տարբերությանը եւ հնարավորությունների սղությանը: Դ. Սարգսյանի բերած մեկ օրինակով էլ խոսուն էՙ Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանի բյուջեն գրեթե մեր հանրապետության պետբյուջեին է հավասար): Այնպես որ, գիտատեխնիկական ահռելի այս առաջընթացի պայմաններում մենք «անդառնալի կորուստներ կկրենք, եթե չիրականացնենք գրադարանային, տպագիր գրքի պահպանման եւ սպասարկման մշակույթը արդիականացնելու ծրագիրը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ