Եվ շարունակեց մնալ բնակարանաշինական նոր ծրագրի սպասող
1988-ի դեկտեմբերյան արհավիրքից անցած տարիները հիշողության առումով վաղեմության ժամկետ չեն դարձել եւ շուտ չեն դառնալու: Այդպես է համենայն դեպս Գյումրիում, Սպիտակում, տարերքի կործանարար հարվածին ենթարկված մյուս բնակավայրերում ապրող հարյուր հազարավոր մարդկանց համար, ովքեր անցել են այդ մղձավանջի միջով եւ իրենց մեջ այս կամ այն կերպ կրում են ու շարունակելու են կրել դրա բազմակողմանի հետեւանքները: Երկրաշարժի զոհերի հիշատակի օրը նաեւ այս մարդկանց, վերապրողների այսքան տարիների տոկումի առջեւ խոնարհումի, աղետի գոտու վերականգնման ուղղությամբ արված-չարվածը կշռադատելու առիթ է:
Հերթական դեկտեմբերի 7-ը գյումրեցիների հետ նշելու էին եկել Ազգային ժողովի եւ կառավարության ներկայացուցիչներ, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենը, կուսակցական, հասարակական, մշակութային գործիչներ, զինվորականներ: Նույն նպատակով Գյումրի էր ժամանել հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ծաղկեպսակ դնելով եւ խոնարհվելով երկրաշարժի զոհերի հիշատակին քաղաքի կենտրոնական հրապարակի եւ Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ կառուցված հուշարձանին, երկրի ղեկավարն այնուհետեւ այցելեց հրապարակի մի կողմում կառուցվող քաղաքապետարանի նոր շենքի շինհրապարակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ Գյումրու քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ կառուցված ու այս տարվա սեպտեմբերին շահագործման հանձնված ծածկած լողավազան, որից հետո փակ խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետարանում: Լրագրողների հետ նախագահի ակնկալվող հանդիպումը այս անգամ չկայացավ:
Ցավոք, ստիպված ենք հերթական անգամ արձանագրել նաեւ վերջին տարիներին տարօրինակ օրինաչափություն դարձող մի իրողություն, որն այլ կերպ դժվար է անվանել, քան անհարգալից վերաբերմունք այստեղ ապրող դեռ անօթեւան ու գործազուրկ հազարավոր մարդկանց նկատմամբ: Խոսքը ինչպես տարբեր բարձրաստիճան պետական պաշտոնյաների, այնպես էլ որոշ լրատվամիջոցների կողմից դեկտեմբերի 6-ին ու 7-ին արվող հայտարարությունների մասին է, թե իբր այլեւս աղետի գոտի չկա, դա հիմա զարգացման գոտի է, Գյումրու բոլոր հիմնական խնդիրները լուծված են եւ այլն: Սա չիմացությա՞ն հետեւանք է, թե պարզ ուրացում: Բոլոր դեպքերում մեկ անգամ եւս հիշեցնենք, որ Գյումրիում անցած տարիներին ամբողջ արված-կառուցվածից հետո էլ դեռ երկրաշարժից անօթեւան 4000-ից ավելի ընտանիք կա, իսկ բնակարանաշինական որեւէ նոր ծրագիր 2003 թվականից հետո չի իրականացվում եւ չի էլ խոստացվում: Իսկ ԲԳՎ առաջարկվող ծրագրով այս մեծ խնդրի լուծումը անհնար է պատկերացնել: Ավելորդ է խոսել նաեւ քաղաքի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ տնտեսական վերականգնման քաղաքականության մասին, որը երբեւէ չենք տեսել հանրապետության որեւէ կառավարության օրակարգում:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի