Վերջին ժամանակներս Հայաստանի ԶԼՄ-ներում եւ առանձին քաղաքագետների կողմից ցածրակարգ հարձակումներ են նկատվում Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ նրա նախագահ Արա Աբրահամյանի հասցեին, ինչը խիստ բացասական եւ մերժողական արձագանք է գտնում հատկապես ռուսահայության շրջանում: Կարիք ունի՞ հայտնի ձեռնարկատերն ու ակտիվ հասարակական գործիչը պաշտպանության: Այս հարցով սկսվեց մեր հարցազրույցը Մոսկվայի հայ համայնքի ամենահարգված ներկայացուցիչներից մեկիՙ Հայաստանի նախկին փոխվարչապետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մկրտիչ Ցոլակի Մկրտչյանի հետ:
- Հազիվ թե, ասում է անվանի տնտեսագետ գիտնականը, իր բազմամասշտաբ բուռն գործունեությամբ ու ազգասիրական ազնիվ դիրքով նա վեր է ամեն տեսակ մեղկ լուտանքների մակարդակից: Բայց եւ, մյուս կողմից, Ռուսաստանի հայ մտավորականությանը, ու ոչ միայն նրան, խորապես վրդովեցնում են հայրենյաց որոշ վայ-քաղաքագետների կամ նրանց պատվերը կատարողների անարժան գործողությունները, եւ այդ հանգամանքը չի կարելի անտեսել:
- Գուցե դա կապված է առաջիկա խորհրդարանական ու ոչ հեռու նախագահական ընտրությունների հետ, երբ կրքերը բորբոքվում են ու հատկապես անմիտ անողոքությամբ փորձում են աչքի ընկնել առավել տկար քաղաքական ուժերն ու դրանց ապաշնորհ ներկայացուցիչները:
- Ըստ երեւույթին այդպես էՙ որպես ինքնահաստատման վերջին միջոց: Ես կառաջարկեի Աբրահամյանին քննադատող կամ առավել եւս դատապարտող «քաղաքագետը» բերանը բացելուց առաջ գոնե համեմատության եզր փնտրեր հայության ու Հայաստանի հանդեպ նրա ու իր արածի միջեւ: Համոզված եմ, որ չի գտնի:
- Աբրահամյանը որպես գործարար մարդ եւ անհատականություն ձեւավորվել է, ինչպես ասում են, Ձեր աչքի առաջ: Գուցե վերհիշեք այդ տարիները:
- Երբ ես Երեւանի Սովետական շրջանի ղեկավարն էի, Արա Աբրահամյանն աշխատում էր մեր ձեռնարկություններից մեկումՙ «Նեյրոն» արտադրական միավորումում, եւ շատ արագ սովորական ինժեներից դարձավ այդ գործարանի փոխտնօրենը: Ավելին, աշխատատեղեր ստեղծելու մղումով մոտ 50 մասնաճյուղեր բացեց Հայաստանի շրջաններում: Տեղափոխվելով Մոսկվա, նա ոչ միայն տպավորիչ հաջողությունների հասավ խոշոր բիզնեսի ասպարեզում, այլեւ կարողացավ արդյունավետ հարաբերություններ կառուցել, առանց չափազանցության, Ռուսաստանի բարձրագույն իշխանական մարմինների ու դրանց ղեկավարների հետ: Գիտեք, 90-ականներին հատկապես Հայաստանից բնակչության մեծ արտահոսքից հետո Ռուսաստանում ստեղծվել էին բազմաթիվ ազգային-հասարակական կազմակերպություններ, բայց նրանց գործունեությունը նվազ արդյունավետ էր տարանջատվածության պատճառով: Այս հանգամանքը մտահոգում էր տեղի հայ մտավորականությանը, եւ մենք խնդիր դրեցինք գտնել այն մարդուն, որն ի վիճակի լիներ եւ ուզենար միավորել ու ղեկավարել այդ ցաքուցրիվ ուժերը: Մեր պատկերացումով, այդ անձը պիտի ունենար կազմակերպական տաղանդ, անկախ ֆինանսական հնարավորություններ եւ, ամենակարեւորը, բարոյական հեղինակություն:
- Հիշու՞մ եք, երբ նույնիսկ քրեական «հեղինակությունները» բնավ էլ «դեմ չէին» գլխավորելու ազգային կազմակերպությունները:
- Ահա եւ մենք խնդրանքով դիմեցինք հենց Արա Աբրահամյանին, նրա մեջ տեսնելով մոտ երկու միլիոնանոց ռուսահայությանը համախմբող կարող ուժը: Բուն Ռուսաստանում նրա գործունեության ամենաարդյունավետ կողմը համարում եմ այն, որ նա, ստեղծելով շուրջ ութ տասնյակ մասնաճյուղեր երկրի բոլոր հայաշատ տարածաշրջաններում, կարողացավ երկխոսության մեջ մտնել տեղական իշխանությունների հետ եւ ազգապաշտպան աշխատանքներ ծավալել: Ո՜վ կարող է ժխտել, օրինակ, ազգամիջյան հարաբերությունների լարվածության թուլացումը Կրասնոդարի երկրամասում:
- Վլադիմիր Ժիրինովսկին մի հայկական միջոցառման ժամանակ հատուկ նշեց, որ հայերը հիանալի են լեզու գտնում վերնախավի հետ, բայց վատ են աշխատում ստորին խավի հետ:
- Ես իմ արժանապատվությունից ցածր կհամարեի ի պատասխան զրպարտիչների այստեղ թվարկել Արա Աբրահամյանի բարի գործերը Հայաստանումՙ կրթական-գիտական ծրագրերի, զանազան մանկական ու բժշկական հաստատությունների, եկեղեցիների վերականգնման ֆինանսավորման, Ղարաբաղի էկոնոմիկայի զարգացման, ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ եւ այլն: Ի դեպ, Մոսկվայում նրա ստեղծած միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտը, համագործակցելով երկու տասնյակ երկրների մասնագետների հետ, հրատարակած եռահատոր աշխատությունում խորապես քննության է առել ցեղասպանության հետ կապված իրավական հարցերը եւ տվել հեռագնա հետեւություններ: Ինչքա՜ն աշխատատեղեր են Հայաստանում ու Ղարաբաղում ապահովվել նրա կատարած ներդրումների շնորհիվ: Առհասարակ նրա արածը պատիվ կբերեր մի ամբողջ նախարարության: Աբրահամյանին այսօր փնովող ողորմելին թող փորձեր հազարավոր համակարգիչներ նվիրաբերեր կրթական օջախներին, փրկեր հայ օդաչուներին...
- Ճանաչվեր ՄԱԿ-ի կողմից, դառնար ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան:
- Ռուսաստանում Աբրահամյանին են վստահել 7 խոշոր երկրների հետ երկկողմ տնտեսական համագործակցության խորհուրդների ղեկավարումը, եւ այդ երկրների գրեթե բոլոր ղեկավարները նրան պարգեւատրել են իրենց բարձրագույն պետական շքանշաններով: Ի վերջո շա՞տ համայնք կարող է այստեղ հպարտանալ, որ իրենց համագումարին անձամբ ներկա է գտնվել ռուսաց ղեկավարը: Հենց այնպես երկրում ոչ ոք չի ճանաչվում Տարվա մարդ:
- Որոշ «քաջարի» հայ քաղաքագետներ նրան մեղադրում են հայ երիտասարդների սպանության քննության գործում անհետեւողականություն դրսեւորելու մեջ:
- Դա բացարձակ զրպարտություն է: Եթե Աբրահամյանը կարողանար պահապան կանգնել ամեն մի ռուսահայի, հավատացեք, նա դա կաներ: Սակայն ինքներդ եք հասկանում, որ դա իրական չէ: Այդ հիրավի ողբերգական իրադարձությունների մեջ փնտրել հակահայկական տրամադրություններՙ միտումնավոր մոտեցումներ են: Մարդասպաններից ոչ մեկը դանակը գործադրելուց առաջ չի հետաքրքրվել պոտենցիալ զոհի ազգային պատկանելությամբ: Պոլ Խլեբնիկովին եւ Աննա Պոլիտկովսկայային սպանողները գիտեին, որ նրանք ԱՄՆ-ի քաղաքացիներ են, բայց ոչ ոք դրա մեջ հակաամերիկյան մտայնություններ չի տեսնում:
Իսկ ինչո՞ւ չասենք, որ հայ երիտասարդների հետ կապված դեպքերը հասարակական լայն հնչողություն ստացան հենց Աբրահամյանի շնորհիվ, որ իր մամուլի ասուլիսներով, ռադիո-հեռուստատեսային ելույթներով համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրեց հենց ազգային խտրականության դրսեւորումների վրա (ես հատուկ ընդգծում եմ այս հանգամանքը): Աբրահամյանը անձնական հսկողության տակ է վերցրել այդ գործերը:
- Ի վերջո չպետք է մոռանալ նաեւ այս երկրի ներքաղաքական բարդ ու հակասական կացությունը, որի վրա մենք չենք կարող ազդել:
- Հավատացեք, ոչ մի պետություն աշխարհում, ինչպես նաեւ որոշ ներքաղաքական ուժեր բնավ էլ շահագրգռված չեն, որ Ռուսաստանը նորից դառնա ուժեղ պետություն, եւ նրանք ամեն ինչ անում են, այդ թվում նաեւ սպանությունների միջոցով, իրավիճակը ապակայունացնելու եւ երկրի ղեկավարին հեղինակազրկելու համար:
- Ձեզ չի՞ թվում, որ անհարկի աղմուկը կարող է ավելի բարդացնել մեր վիճակը:
- Միանշանակ: Կովկասցիները, այդ թվում նաեւ տասնյակ հազարավոր հայաստանցիներ, Ռուսաստանում են հայտնվել բնավ էլ ոչ իրենց կամքով եւ ոչ էլ ռուսների ցանկությամբ:
- Վերադառնանք մեր հիմնական թեմային: Նորերս ինտերնետով ընդարձակ մի նյութ էր հրապարակվել Հայաստանի ներկա ներքաղաքական իրադրության մասին: Եվ որպես ողբերգություն էր ներկայացված այն, որ երկրում տեղ չի մնացել գաղափարներին, որ քաղաքական կյանքը առեւտրայնացված է, որ խոր անկում է ապրում հասարակական բարոյականությունը եւ այլն: Ձեզ չի՞ թվում, որ Աբրահամյանի դեմ ուղղված նսեմ կամպանիան նշված իրողության արտացոլումներից է:
- Աբրահամյանը, որպես ազգային գործիչ խոցելի չէ, ուստի գործի են դրվում բանսարկությունները: Ձեր հիշատակած նյութը իրոք խոր դառնություն է առաջացնում, եթե նույնիսկ դրա մեջ ճշմարտությունը մասնակի լինի: Եթե մարդն անշահախնդիր, սեփական միջոցներով օգնում է իր հայրենիքին եւ դրա դիմաց արժանանում բիրտ անշնորհակալության, ապա ուրեմն այդ հասարակության մեջ խախտված են բարոյական ու մարդկային որոշ արժեքներ: Ուզում եմ հուսալ, որ Աբրահամյանի արածը գոնե չեն մոռանա այն 130 փախստական եւ երկրաշարժից տուժած ընտանիքները, որոնք տան տեր դարձան նրա ֆինանսավորված «Կացարան» ծրագրի շնորհիվ: Գիտեք, ես հեռու եմ բանաստեղծական խառնվածքից, բայց ինձ թույլ եմ տալիս ասելու. Արա Աբրահամյանը իր ընտանեկան դաստիարակությունը եւ հայեցի բարոյականությունը ժառանգել է մոր կաթի միջով եւ սիրում է իր հայրենիքը հարազատ որդու պես: Եվ նա հայությանն ու Հայաստանին օգնում է բնավ էլ ոչ այս կամ այն անձին դուր գալու համար: Կրկնում եմՙ նա վեր է այդ ամենից:
Հարցազրույցը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, Մոսկվա