«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2006-12-07 | #235, 2006-12-08 | #236, 2006-12-09


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի երեկվա հանդիպումը լրագրողների հետ «Ուրբաթ» ակումբում անդրադարձ էր երկրի ոչ միայն տնտեսական, այլեւ աշխարհաքաղաքական իրավիճակին:

Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող կենտրոնացման երեւույթները, նախկին վարչապետի գնահատմամբ, ունենում են նաեւ քաղաքական հետեւանքներ: Վկայակոչելով իր հաշվարկները, Հրանտ Բագրատյանը հայտնեց, որ 45 ընտանիք ներկայումս վերահսկում են համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 50 տոկոսը, ավելացնելով, որ իշխանությունների համար առաջնահերթությունն ամեն ինչ վերահսկելի դարձնելն է: «Տեղի է ունենում արժեքների գահավիժում», ընդգծեց նախկին վարչապետը, միաժամանակ ընդունելով, որ «արժեքները սկսում էին ներքեւ գնալ» դեռ իրենց իշխանության տարիներինՙ 1993-1995 թթ.:

Գյուղատնտեսության մեջ աճ կա, բայց ոչ 70 տոկոս 90-ականների համեմատ: Այստեղ, ըստ նախկին վարչապետի, անհրաժեշտ է գնալ գյուղատնտեսության մասնագիտացման ճանապարհով, ինչը, նրա կարծիքով, տեղի չի ունենում: Հրանտ Բագրատյանի համոզմամբ, հետընթաց ենք արձանագրում նաեւ մեզ համար առաջնայինՙ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եւ մեր հարեւան երկրները մեզանից առաջ են անցել:

Ստվերայնության ցուցանիշը բնութագրող ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը մնում է անփոփոխ: Ե՛վ 1995 թ.-ին է եղել 15 տոկոս, ե՛ւ հիմա է մնում այդ մակարդակի վրա: Հրանտ Բագրատյանի կարծիքով, դա նշանակում է, որ ստվերի դեմ պայքար չի տարվում: Նախկին վարչապետը կարեւորեց նաեւ ներմուծման հրատապ ապամենաշնորհացման անհրաժեշտությունը: Սակայն ամենաուժգին քննադատությունն ուղղվեց Կենտրոնական բանկին:

Հրանտ Բագրատյանը նախ անընդունելի համարեց սահմանադրության մեջ ամրագրված այն դրույթը, ըստ որի ԿԲ խնդիրը գնաճն է: Դա, ըստ նրա, ԿԲ խնդիրներից մեկն է, բայց ոչ առաջնայինը, իսկ առաջնայինը դրամավարկային քաղաքականության իրականացումն է: Հրանտ Բագրատյանն այդ կապակցությամբ դժգոհ է նաեւ կառավարությունից ու ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարից, որոնք չեն ընդդիմանում ԿԲ-ին ու ասում, որ այդ քաղաքականությունը հարվածում է «մեր բյուջեին, աշխատավարձերին»:

Այնուհետեւ նախկին վարչապետը Կենտրոնական բանկին մեղադրեց անգործության մեջ, ասելով, որ պետք է դոլարային ներհոսքը ստերիլիզացներ, ինչը չի անում: Այսինքն, պետք է ստեղծեր ներդրումային հիմնադրամներ, արժեթղթերի շուկա, որպեսզի այդ գումարները ուղղվեին այնտեղ: «Կառավարեք այդ փողը, ստերիլիզացրեք: Չեն անում, որովհետեւ ավելի հեշտ է 21 բանկերին կառավարելը», նշեց Հրանտ Բագրատյանը, ասելով, թե քիչ է մնում, որ հավաքարարի նշանակումն էլ այդ բանկերում համաձայնեցվի ԿԲ հետ: «Տոտալիտար համակարգ է ձեւավորվել այստեղ», վրդովմունք հայտնեց նախկին վարչապետը, ավելացնելով, որ Կենտրոնական բանկում նոր շունչ, նոր կառավարում եւ փոփոխություն են անհրաժեշտ: Միաժամանակ նա անհասկանալի համարեց, թե ինչու են արժեթղթերի եւ ապահովագրության ոլորտները տրվել ԿԲ-ին:

«Դոլար-դրամ փոխարժեքի ներկա գործընթացի շարունակմամբ երկրի տնտեսության վիճակը ինչպիսի՞ն կլինի» հարցին պատասխանելով, նախկին վարչապետը, կարծիք հայտնեց, որ վիճակը կվատանա, բայց ճգնաժամ չի լինի: «Ընդունում եմ, որ երկիրը լավ-վատ զարգանում է», նշեց նա:

Քաղաքական խնդիրների անդրադառնալով, Հրանտ Բագրատյանը փաստորեն անընդունելի է համարում Հայաստանի իշխանությունների կողմից տարվող ներկա քաղաքականությունը հարեւանների, մասնավորապես Թուրքիայի հետ: «Ինչո՞ւ ենք Թուրքիային ասումՙ մի գնա Արեւմուտք, իսկ ո՞ւր գաՙ Արեւե՞լք, մեզ վրա՞» հարցադրում արեց Հրանտ Բագրատյանը, չնշելով սակայն, թե ե՞րբ եւ ո՞վ է դա ասել: «Մենք չունենք Թուրքիայի եւ Արեւմտյան Հայաստանի հարց: Մենք ունենք Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հարց», շեշտեց նա: Ցեղասպանության ճանաչման հարցը նա համարեց բարոյական խնդիր, ընդգծելով, որ Թուրքիան պարտավոր է դա ճանաչել: Սակայն եթե դրանից հետո խոսվի տարածքային կամ այլ փոխհատուցումների մասին, ապա, ըստ Հրանտ Բագրատյանի, ամբողջ աշխարհը մեր դեմ կլինի:

Մեկ այլ խորհուրդ էլ էր տալիս նախկին վարչապետը գործող իշխանություններինՙ «Ինչո՞ւ չենք փորձում հակասություններ գտնել Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում: Ինչո՞ւ ենք ադրբեջանցիներին թուրքեր անվանում: Ինչո՞ւ չենք ձգտում Թուրքիայի հետ լուծումներ գտնել»: Այս կապակցությամբ մեր այն հարցին, թե արդյոք Թուրքան ցանկանո՞ւմ է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, հակադրվելով Ադրբեջանին, եւ շփումներ հաստատելու նախկին իշխանությունների փորձերը ի՞նչ արդյունք տվեցին, Հրանտ Բագրատյանը պատասխանեց, որ հեշտ լուծումներ չկան, սակայն պետք չէ ուժեղացնել նրանց: Իսկ իրենց շփումների արդյունքը նա համարեց Հայաստանի համար Թուրքիայի օդային միջանցքի բացումը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4