Կարծում է Անահիտ Թարխանյանը
Երեւանի ճարտարապետական տեսքը խաթարելու ճարպիկ հնարքները կենտրոնի լավագույն պատառների տերը դարձած մեծահարուստները վարպետորեն փոխանցում են մեկմեկու, ու վերջին շրջանում բանը հասել է մինչեւ քաղաքի ամենաբարձրադիր կառույցներից մեկինՙ արդեն իսկ քանդված երիտասարդական պալատին: Երեւանի խորհրդանիշներից մեկը համարվող այս կառույցը գնելիս «Ավանգարդ մոտորս» ընկերությունը խոստացել ու իր խոսքը գրավոր հաստատել է, որ շենքի վերակառուցումից հետո ճարտարապետական նախագիծը պահպանվելու է նույնությամբ, այսինքնՙ արտաքին տեսքը չի փոխվելու: Հետո սեփականատերերից մեկըՙ մարտունեցի Էդիկ Ավետիսյանը հայտարարեց, որ պալատի տեղում կառուցելու է «աշխարհի 8-րդ հրաշալիքը»:
Այդ «հրաշալիքի» նախագիծը, ինչպես տեղեկացրել էինք երեկ, 3 օր առաջ քննարկվել է Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդի նիստում: «Մեր քաղաքը» հասարակական կազմակերպության ղեկավար, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը «Ուրբաթ» ակումբում երեկ հայտնեց, որ գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանն իրեն չի թույլատրել մասնակցել նախագծի քննարկմանը, ինչի իրավունքը ՀԿ-ի ղեկավարն ուներ: Բացի այդ ինքն առաջարկել է պալատի այլընտրանքային նախագիծ, որին հավանություն են տվել պալատի նախկին նախագծի բոլոր հեղինակները: Նոր նախագծում հաշվի են առնվել կառույցի չափսերը խոշորացնելու սեփականատիրոջ բոլոր ցանկություններըՙ ավելի բարձր ու լայն սենյակների ավելացում, ձմեռային 3 այգի եւ այլ հարմարավետություններ: Սակայն առ այսօր սեփականատերը նախագծի վրա հայացք չի նետել ու չի պատասխանել պալատի նախագծի հեղինակներից մեկիՙ Արթուր Թարխանյանի դստեր առաջարկին:
«Երիտասարդական պալատն ամփոփ ու լիարժեք ստեղծագործություն էր:
Չգիտես ինչու, մեզանում սովորական եւ ընդունելի է դարձել, որ սեփականատերերն իրենց «հզոր գաղափարներով ու մտքերով» կարող են փոխել ճարտարապետական ամեն մի ավարտուն գործ: Եթե տվյալ կառույցը սեփականատիրոջը դուր չի գալիս, ուրեմն թող նա հրաժարվի դրանից: Ինչպես անթույլատրելի է փոփոխություն մտցնել որեւէ նկարչի կամ կոմպոզիտորի գործում, նույնը պիտի լինի նաեւ ճարտարապետական նախագծում:
Որքան էլ զարմանալի է, քաղաքաշինական խորհրդի նիստին մասնակցած գրեթե բոլոր ճարտարապետներին սեփականատիրոջ ներկայացրած նախագիծը դուր չի եկել: Նրանք առաջարկել են նոր նախագիծ պատվիրել, նույնիսկ նոր մրցույթ հայտարարել: Ինձ համար անհասկանալի է, որ մեր քաղաքի գլխավոր ճարտարապետը 2 ձեռքով պաշտպանել է այդ էմպիրիկ նախագիծը: Ճիշտ է, դրա հեղինակըՙ գերմանացի Սերգեյ Չոբանը հայտնի ճարտարապետ է, բայց նրա նախագծերը ոչ թե Երեւանի, այլ Դուբայի կամ գերմանական քաղաքների համար են: Չեմ կարծում, որ ճարտարապետական ոճի այդպիսի կտրուկ փոփոխությունները անհրաժեշտ են մեր քաղաքին: Երեւանը ինքնատիպ է, նրան հնարավոր չէ շփոթել որեւէ այլ քաղաքի հետ: Մենք պարտավոր ենք պահպանել քաղաքի ինքնատիպությունը», ասաց նա:
Հարցի լուծումն ինքը տեսնում է ոչ թե սեփականատիրոջ հետ հակադրվելու, այլ նախկին նախագծի հեղինակների իրավունքները պահպանելով ընդհանուր հայտարարի գալու մեջ: Այլապես իրենք իրավական բոլոր հիմքերն ունեն հարցը մինչեւ դատարան հասցնելու համար:
Երեւանի կենտրոնի կառուցապատման դրական ու բացասական կողմերը քննելիս Անահիտ Թարխանյանը նշեց, որ 5-7 տարիների ընթացքում դրանք կբերեն 4,5 մլրդ դոլարի ներդրում, այսինքնՙ տարեկան մոտ 700 մլն դոլար, ինչը համադրելի է Հայաստանի տարեկան բյուջեի հետ, տարեկան կստեղծվեն 20 հազար աշխատատեղեր: Բայց մյուս կողմից քաղաքաշինական ծրագրերը սկսվել են ինքնաբերաբար, առանց հսկողության ու վերլուծության, առանց իրավական, տնտեսական, մշակութային միասնական մոտեցման: Մտահոգիչ է նաեւ այն, որ կենտրոնի բնակչության թիվը կառուցապատումից հետո կկրկնապատկվիՙ 150 հազարից դառնալով 250 հազար: «Այդ ծրագրերով պարզապես ոչնչացվում է քաղաքի մշակութային ու պատմական շերտը: Կենտրոնում այլեւս չկան 19-րդ դարի սեւ շենքերը, որոնցից ամեն մեկը ճարտարապետական մի կոթող էր: Շատ եմ ցավում, որ կորցրեցինք Աբովյան փողոցի բոլոր շենքերը, դրանցից ամեն մեկը չտեսնված ճարտարապետական կոթողներ են, մեր քաղաքի պատմությունը: Ինչո՞ւ քանդել պատմական միջավայրը ու մտածել հին շենքերը նոր տարածքում տեղադրելու մասին: Պետք է վերցնել աշխարհի փորձըՙ երկաթ բետոնե շապիկներով ու սեյսմիկ միջոցներով ամրակայել այդ շենքերի պատերն ու հետո կառուցել այն, ինչ ուզում ենք: Դա ամենապարզ ձեւն է, չեմ ասում, թե այսօր ինչ հնարքներ են օգտագործում հին շենքերի պահպանման համար: Օրինակ, բրիտանական կառավարությունն ուղղակի դողդողում է 400 տարվա պատմություն ունեցող շենքերի վրա, ամեն ինչ անում է դրանց պահպանման համար»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ