«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2006-12-07 | #235, 2006-12-08 | #236, 2006-12-09


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԴԵՌ ՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ, ԹԵԵՎ...

Հայկական կինոն սխալ ուղիով է գնում, չկա ազգային քաղաքականություն եւ գաղափարախոսություն, հայկական կինոն պետք է նորից վերադառնա դեպի ժողովուրդը: Երեկ նման կարծիք հայտնեց Կինոգործիչների միության նախագահ, կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցըՙ հայկական կինոդաշտում ստեղծված իրավիճակի մասին խոսելիս: Կինոգետ Սուրեն Հասմիկյանն էլ նշեց, որ կան կադրեր, ստուդիաներ, սակայն չկա դաշտը, առհասարակ արվեստի դաշտը: Այսօր, ըստ կինոգետի, հակառակ հեղինակային ֆիլմերի առատությանը, հեղինակային ֆիլմ գոյություն չունի, քանի որ հեղինակային կարծիք, մոտեցում գոյություն չունի. «Հեղինակային ֆիլմը պարգեւ է, եւ միակ դեպքը Չարլի Չապլինն է: Անգամ Փարաջանովը մենակ ֆիլմ չի ստեղծել եւ, պատահական չէ, որ նա իր ելույթներից մեկում շնորհակալություն է հայտնել վարորդից մինչեւ կաթողիկոսին»: Ինչ վերաբերում է փաստական նյութին, ապա վավերագրական կինոն կա, բայց կաղում ենք գեղարվեստական ընդհանրացումներից:

Անդրադարձ եղավ նաեւ սիրողական կինոն պրոֆեսիոնալ կինոյի դաշտ բերված մերօրյա խնդրին. «Տարօրինակ ձեւով կինո են ներխուժել կինոսիրողները»: «Իսկ ինչպիսի՞ն են միության եւ առանձին ստեղծագործող կինոգործիչների հարաբերությունները» մեր հարցին պատասխանելիս Ռ. Գեւորգյանցը նշեց, որ փառատոներ են կազմակերպում, դրանց մասնակցում են նաեւ երիտասարդ գործիչները, եւ կապերը մեծ են: Ինչ վերաբերում է, որ ֆիլմերի քննարկումները չեն կազմակերպվում Կինոգործիչների միությունում, ապա Գեւորգյանցն ընդգծեց, որ նախկինում չեն կազմակերպել, քանի որ քննարկումներին չեն ցանկացել ստեղծագործողները մասնակցել, «քննադատություն չեն սիրում լսել»: Նա խոստացավ, որ այսուհետեւ կազմակերպվելու են կլոր սեղաններ, իսկ առաջինը նվիրված է լինելու բուռն քննարկում անցած Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմին:

Վատթար վիճակը գիտակցելով, սակայն, երկու բանախոսներն էլ լավատեսորեն էին տրամադրված: Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը տեղեկացրեց, որ անցնող տարում ստեղծվել է կինոյի ազգային կենտրոն, որի խորհուրդը ղեկավարում է կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը: Այն ներկայացնելու է եկող տարվա ծրագրերը, սցենարները, իսկ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան խորհուրդն էլ ընտրելու է գալիք տարում իրականացվելու արժանի նախագծերը: Իսկ մեկ ու կես տարի առաջ ստեղծված հեռուստատեսության եւ կինոյի պետական ակադեմիան մրցանակաբաշխություններ է կազմակերպելու: Պատրաստվում է նաեւ կինոյին նվիրված ամսագիր հրատարակելՙ խնդիրներին անդրադառնալու եւ առողջ քննարկումներ կազմակերպելու նպատակով: Հավելենք նաեւ, որ անցնող տարում պետական բյուջեի տրամադրած միջոցներով 3-4 կարճամետրաժ եւ լիամետրաժ ֆիլմեր են նկարահանվել:

Իտալացի կինոդրամատուրգ Տոնինո Գուերոյի մասին, որը կինոգետ Հասմիկյանի խոսքով, բարձրացրել է Իտալիայի նեոռեալիստական կինոն, Ռուբեն Գեւորգյանցը սկսել է ֆիլմ նկարել: Գուերայի մասին ներկայացված 32 ֆիլմերից Իտալիայի մշակույթի գործիչների անկախ ասոցիացիան եւ Գուերայի ֆոնդը մրցանակը շնորհել են մեր Կինոգործիչների միության նախագահին: Այս մասին «Ազգը» լուր հաղորդել էր:

«Ամարկորտ» կոչվող մրցանակը, որ նշանակում է «Ես հիշում եմ», Գեւորգյանցին շնորհվել է համաշխարհային կինոյում ներդրում ունենալու համար: «Ամարկորտ» անունը նաեւ Ֆելինիի ֆիլմերից մեկի անունն է, իսկ մրցանակի պատրաստումը կապված է Փարաջանովի անվան հետ: Ֆիլմը կավարտվի եկող տարվա գարնանը, որի պրեմիերան կլինի ե՛ւ Իտալիայում, ե՛ւ Հայաստանում: Ֆիլմը Հայաստանի մասին ջերմ վերաբերմունք ունեցող կինոդրամատուրգ Տոնինո Գուերոյի մասին է: Իսկ նրա «11 տոկոսով հայ ծագմամբ կնոջ» պապի հայրը եղել է Ղարսի նահանգապետը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4