«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2006-12-08 | #236, 2006-12-09 | #237, 2006-12-12


ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

1991 թվականի դեկտեմբերի 10 մառախլապատ ու ցուրտ էր: Միեւնույն ժամանակ խուլ պաշարման մեջ գտնվող Արցախը, ինչպես նախընթաց օրերին եւ հետայդու մինչեւ 1994-ի մայիսը, անողոքորեն ենթարկվում էր հրետակոծության ու ռմբակոծության: Միայն այդ օրը սպանվեց 10 խաղաղ բնակիչ, իսկ 11 հոգի վիրավորվեց արկի բեկորներից: Սակայն Ղարաբաղի դեմ իրականացվող ադրբեջանական ագրեսիան չխանգարեց, որպեսզի արցախահայությունը մասնակցի անկախության հանրաքվեին եւ միաձայն կողմ քվեարկի ազատ ու անկախ գոյատեւելուն: Տասնհինգ տարի հետո, դեկտեմբերի 10-ին, Արցախում պայծառ ու արեւոտ եղանակ էր, խաղաղ երկինք, եւ Արցախի ժողովուրդը հանրաքվեով կրկին վերահաստատեց իր կամարտահայտությունըՙ այս անգամ կողմ քվեարկելով երկրի հիմնական օրենքինՙ սահմանադրությանը:

Երկու հանրաքվեների այս հետաքրքրական զուգադրության կապակցությամբՙ միջազգային դիտորդներից մեկը Ստեփանակերտում առանց ոգեւորությունը թաքցնելուՙ ասել է. «Դա շատ խորհրդանշական է, ուրեմն Ղարաբաղին սպասում է պայծառ ապագա»:

Առհասարակ, միջազգային դիտորդական առաքելությունը հիմնականում դրական է գնահատել ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի ընթացքը, այդ մասին հայտարարելով ճեպազրույցներում: Մեկ ուրիշ դիտորդՙ Միլա Բատայը (Ֆրանսիա) վկայակոչելով գեներալ դը Գոլի հայտնի խոսքը, թե կա իրական Եվրոպա եւ կա պաշտոնական Եվրոպա, ասել է, որ իրենք իրական Եվրոպայի ներկայացուցիչներն են, եւ իրենց եզրակացությունը պետք է հաշվի առնի պաշտոնական Եվրոպան:

ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ միջազգային որոշ շահագրգիռ կառույցների բացասական վերաբերմունքի համապատկերին նման մասնավոր տեսակետը գուցե թե փոքր-ինչ զգայական է հնչում, բայց հարկ է սահմանադրական հանրաքվեն գնահատել նաեւ 1991-ի անկախության հանրաքվեի հետ դիտորդական աշխարհագրության անհամեմատելի ծավալաճովՙ 168 դիտորդներից 37-ը ժամանել էր արտերկրից: Պատահական չէր ընտրված նաեւ հանրաքվեի օրը, որովհետեւ դեկտեմբերի 10 մարդու իրավունքների միջազգային օրն է, եւ այս իրավունքի համընդունմամբ դժվար է չհամաձայնել դրա արդյունքների հետ:

Իսկ արդյունքները թվային առումով հետեւյալն են: Ըստ ԼՂՀ հանրաքվեի հանրապետական հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրությանՙ նախնական տվյալներով հանրաքվեին մասնակցել է 77 հազար 279 մարդ, որոնց ավելի քան 98 տոկոսը կողմ է քվեարկել: Դեմ է քվեարկել 549 մարդ, սակայն այս բացասականությունը, որոշ դիտարկումների համաձայն, արդյունք է ոչ թե Ղարաբաղի անկախությանը դեմ լինելու, այլ դրա կողմնակիցները հակված են Արցախը տեսնել Հայաստանի Հանրապետության կազմումՙ որպես միասնական պետության: Ի դեպ, այս մոտեցումը բխում է 88-ի փետրվարի գաղափարաբանությունից, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հարց էր հարուցել ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների առաջՙ մարզը վերամիավորել Հայկական ԽՍՀ-ին: Բնականաբար, հետագա իրադարձությունները, մանավանդ խորհրդային կայսրության փլուզման արդյունքում Ադրբեջանիՙ անկախության հռչակման հանգամանքով պայմանավորված, արցախահայությանը ստիպեցին ինքնորոշման իր իրավունքը կիրառել անկախ պետականության ստեղծմամբ: Անցած 15 տարիները յուրօրինակ փորձություն լինելով Ղարաբաղի համար, միեւնույն ժամանակ պետականության կերտման ու կայացման ժամանակաշրջան էին:

Այս տեսակետը հաստատելով, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում նշել է, որ սահմանադրության ընդունման հապաղումը, հետխորհրդային մյուս պետությունների համեմատ, որոնք ավելի վաղ են ընդունել իրենց երկրի հիմնական օրենքը, պայմանավորված էր ԼՂՀ անցած ճանապարհը ամփոփելու անհրաժեշտությամբ, եւ արդյունքում ունենք հետխորհրդային տարածքի լավագույն սահմանադրություններից մեկը: Այն ուղղակի իմաստով չի նպաստի հակամարտության լուծմանը, սակայն Ղարաբաղի միջազգային ճանաչման հավանականությունը բխում է երկրում ժողովրդավարության խորացումից, որի բոլոր պարամետրերը ամրագրված են սահմանադրությունում: Նա լրագրողներին առաջարկել է համեմատության մեջ դնել Ադրբեջանի ու ԼՂՀ սահմանադրությունները, եւ տեսանելի կլինեն ժողովրդավարության վիճակի տարբերությունները: Նախագահի համոզմամբՙ եթե Ադրբեջանն ունենար ժողովրդավարական այնպիսի սահմանադրություն, ինչպիսին այսօր ԼՂՀ-ինն է, ապա նրա հետ ավելի դյուրին կլիներ Ղարաբաղի հարցում պայմանավորվածության գալ:

Ժողովուրդը, որը հավակնում է եվրոպական չափանիշների, ավելի արժանի է միջազգային ճանաչման, քան բռնատիրական ռեժիմ ունեցող երկիրը, նշել է Ա. Ղուկասյանը:

Անշուշտ, ունենալ լավ սահմանադրություն եւ բավարարվել դրանով, ճիշտ չի լինի: Կարեւորը այն լիարժեք ձեւով կիրարկման դնելն է, որին էլ դատապարտված է ԼՂՀ-ն: Այս միտքը եւս հայտնելով, նախագահը հավաստիացրել է, որ կարվի ամեն ինչ, որպեսզի երկրի հիմնական օրենքը չմնա իբրեւ սոսկ փաստաթուղթ:

1991-ի դեկտեմբերի 10-ին Ղարաբաղում որոտում էին հրանոթները: Տասնհինգ տարի հետո, նույն այս օրը, Ստեփանակերտի ձմեռային երկինքը շիկացել էր հրավառությունից, եւ դա, ինչպես իրավամբ բնութագրել է ԼՂՀ սահմանադրության մշակման աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Զալինյանը, հաղթողների սահմանադրության տոնն էր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4