«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2006-12-08 | #236, 2006-12-09 | #237, 2006-12-12


ԳԻՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱՄԵՆ ՄԻ ԼՈՒՄԱՆ ՊԻՏԻ ՏՐՎԻ ՄՐՑՈՒՆԱԿ ԳԻՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻՆ

Համոզված են գիտնականները

Միջգերատեսչական հանձնաժողովի մշակած «Գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթների» ծաղկաձորյան քննարկումն (դեկտեմբերի 9-10) անցավ առանց գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների մասնակցության: Գիտաժողովը կազմակերպել էր գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը, որի նախագահն է Հարություն Կարապետյանը: Ակադեմիայի նախագահի եւ նախագահության անդամների բացակայության վերաբերյալ նա ասաց. «Մենք որեւէ խնդիր չունենք ակադեմիայի նախագահության հետ, այլ ունենք տեսակետ, որ վերջինս գիտության հետ քիչ կապ ունի: Հայաստանն ունի քիչ փող ու գիտական մեծ ներուժ, հետեւաբար գիտությանը հատկացված ամեն մի լուման պիտի տրվի մրցունակ գիտական արդյունքին ու դրա համար պայմաններ ստեղծելուն: Եթե այս դիտանկյունից նայենք, ակադեմիայի շատ կառույցներ, այդ թվումՙ նախագահությունը, գիտության մրցունակ արդյունքի հետ քիչ կապ ունեն: ԲՈՀ-ն ու ակադեմիան գրեթե նույնն ենՙ դոկտորներ ու ակադեմիկոսներ են դառնում գավառական չափորոշիչներով: Հենց դա է վնասում գիտությանը: Գիտության ներկա վիճակին սեւ ակնոցներով չեմ նայում: Մեր կարծիքով, գումար պետք է տալ ոչ թե տիտղոսին, այլ մրցունակ գիտական արդյունքին: Իսկ հայեցակարգը լավն է, բացի ակադեմիայի եւ ԲՈՀ-ի մասին դրույթներից: Դրանց կարգավիճակը նույնն է մնացել, այդպես ոչ մեզ են պետք, ոչ էլ երկրի զարգացման եվրոպական ուղիներին»:

«Պլաստպոլիմեր» ինստիտուտի գործադիր տնօրեն Պատվական Ոսկանյանը համոզված է, որ առաջին հերթին պիտի լուծվեն գիտության կազմակերպման հետ կապված խնդիրները:

«Մենք ամեն ինչ թողնում ենք գիտնականների ուսերին, այդպես չի լինում: Գիտությունը նախ գաղափար է, իսկ վերջնարդյունքումՙ շուկա: Բայց եթե այդ ճանապարհին դրված չեն գիտնականին ձեռք մեկնող մեխանիզմները, ամեն ինչ կվերանա: Մենք պետք է սովորենք ինչպես վաճառել գիտական արդյունքը: Արտասահմանցիները մեզանից գին են հարցնում, մոլորվում ու չենք իմանում ի՞նչ ասել: Մենք պետք է հետեւենք ռուսների օրինակին եւ երիտասարդներին ուղարկենք Մ. Նահանգներում այդ գործի մեջ հմտանալու: Գերակա ճյուղերն ընտրելիս պիտի հաշվի առնենք մեր ներուժը, այլ ոչ թե դրանց մոդայիկ լինելը: Որ ճյուղերում ավանդաբար ուժեղ ենք եղել, դրանք էլ պիտի առաջնային համարենք», ասաց նա:

Գիտության գերակա ուղղությունների մասին տարբեր կարծիքներ լսելուց հետո ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը անհրաժեշտ համարեց թեթեւակի ակնարկել, որ վերջին շրջանում մեզանում շատ է շահարկվում նանոտեխնոլոգիա բառըՙ մի մասը դրական, մյուսըՙ բացասական առումով: «Շատերը նույնիսկ տերմինը լավ չեն հասկանում, ասում են նանաէլեկտրոնիկա, նանա, նանարներՙ բառը տեղափոխելով բոլորովին ուրիշ դաշտ: Ասել, որ նանոէլեկտրոնիկան գերակա ուղղություն չի կարող լինել Հայաստանի համար, մեղմ ասած, առնվազն իմացության պակաս է: Դեռեւս 1991 թվականին ունեցել ենք էլեկտրոնիկայով զբաղվող 21 հազարանոց բանակ, այսօր էլ այդ ներուժը կա: Պարզապես էլեկտրոնիկան մտել է զարգացման նոր փուլ ու կոչվում է նանոէլեկտրոնիկա», ասաց Ղազարյանը:

Դիպուկ էր հայեցակարգի վերաբերյալ նրա տեսակետը. «Կարծես ընկել ենք շրջափուլի մեջ եւ անընդհատ պտտվում ենք արդեն 4-5 տարի ու մի քայլ առաջ չենք գնացել: Անընդհատ խոսում ենք գիտության հայեցակարգի ոչ ամբողջական հիմնախնդիրների մասին, որ հայտնի են բոլորիս: Հազար անգամ քննարկել ենք, հազար տարբերակներով փաստաթղթեր գրել: Հայտնի են հիմնական 7-8 հիմնադրույթները, բայց առաջ չենք գնում: 2 տարվա ընթացքում կառավարությունը 3 անգամ հետաձգել է այս փաստաթղթի քննարկումը: Առաջ գնալու համար պետք է զբաղվել գիտության զարգացման ծրագրի ու գործող մեխանիզմների մշակմամբ: Փաստաթղթային մասը կարելի է շատ գեղեցիկ գրել, պետք է շուտափույթ մշակել զարգացման ծրագիրը, գործողությունները, իրականացման մեխանիզմերը, իսկ ամենակարեւորըՙ իրականացման տնտեսական ապահովումը»: Նա առաջարկեց հայեցակարգն արագ ընդունել ու անցնել ավելի կարեւոր փուլի: Գիտության եւ կրթության փոխնախարար Արա Ավետիսյանը նշեց, որ հայեցակարգի տնտեսական հիմնավորումը հանձնարարվել է ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի նոր տնօրենին:

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս, ԳԱԱ ֆիզիկայի հետազոտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Սամվել Գեւորգյանը 4 տարի աշխատել է Ճապոնիայում ու լավ պատկերացում ունի գիտության վրա այնտեղ ծախսվող ֆինանսների ու կիրառման ձեւերի մասին: Նա կարծում է, որ երկրի նախագահին կամ վարչապետին կից պետք է ստեղծել գիտության զարգացման հարցերով զբաղվող մի խորհուրդ, որում ընդգրկված լինեն նաեւ արտասահմանում աշխատող մեր երիտասարդ գիտնականները: «Պետք չէ ստեղծել միայն ակադեմիկոսներից ու պետական պաշտոնյաներից կազմված խորհուրդներ: Մեզանում ակադեմիկոսներն են որոշում ո՞ւմ հովանավորել, ո՞ւմՙ ոչ: Ակադեմիան միայն պիտի գնահատի գիտական արժեքն ու ռազմավարական պլաններ մշակի, մնացածը պետք է կատարի խորհուրդը: Հայեցակարգը գործողությունների հերթականություն է, որով պետք է հասնենք այնտեղ, ուր ձգտում եք: Առանց ճիշտ դասավորության, կդոփենք նույն տեղում:

Որեւէ հարց լուծելիս ճապոնացիները մտածում են այնպես անել, որ դիմացինի համար լավ լինի: Նրանց մտածողությամբ, եթե դիմացինի համար լավ լինի, իրենց համար հաստատ լավ կլինի: Իսկ մեզ մոտ հակառակն էՙ թող ինձ համար լավ լինի, մնացածին ինչ ուզում է լինի: Այդպես շատ առաջ չենք գնա»:

Գիտաժողովի բացմանը ներկա չէր նաեւ գիտության ու կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը: Ելույթ ունեցան կրթության նախկին նախարար, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Սերգո Երիցյանը, փոխնախարար Արա Ավետիսյանը եւ ուրիշներ:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4