«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2006-12-08 | #236, 2006-12-09 | #237, 2006-12-12


ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ ՑԱԾՐ ԲԵՌ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՑ Է

2006 թ.-ին այն կկազմի 1 մլրդ 261 մլն դոլար

Եկող տարվա հունվարի 16-ին առաջին անգամ կթողարկվեն նորՙ խնայողական պարտատոմսեր, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց համար: Այս մասին երեկ հայտնեց Տնտեսական լրագրողների ակումբի հյուրըՙ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության արտաքին պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը: Նա նշեց, որ դրանց մարման ժամկետը կլինի 3 ամսից մինչեւ 25-30 տարի: Սակայն առաջին թողարկումը կլինի 9 ամիս կամ 1 տարի ժամկետայնությամբ: Դրանք կվաճառվեն ոչ թե աճուրդով, այլ ուղիղ վաճառքովՙ մեկ ամսվա ընթացքում:

Քաղաքացիներին հետաքրքրող հիմնական հարցիՙ արժեթղթերի եկամտաբերության մասին Արշալույս Մարգարյանը հայտնեց, որ դրանք մի փոքր ցածր են բանկային ավանդների միջին տոկոսադրույքից: Ներկայումս այն 7-7,5 տոկոս է: Ինչո՞ւ ցածր, որովհետեւ ընդունված է, որ պետական պարտատոմսերը մրցակցության մեջ չեն մտնում բանկային համակարգի հետ, ունեն ավելի ցածր եկամտաբերություն եւ երաշխավորված են: Պետական պարտքի կառավարման վարչության պետը հայտնեց, որ առաջին թողարկումը կլինի 100-150 մլն դրամ ծավալներով, ապա անդրադարձավ մամուլի ասուլիսի հրավիրման հիմնականՙ Հայաստանի արտաքին եւ ներքին պարտքի սպասարկման թեմային:

«Մենք ունենք լավագույն վարկային պորտֆելը», հավաստիացրեց Արշալույս Մարգարյանը: Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերը 30-40 տարվա ժամկետով են, ունեն 10 տարվա արտոնյալ ժամկետով եւ գրեթե առանց տոկոսների: Դա բյուջեի վրա լուրջ ծանրաբեռնվածություն չի առաջացնում եւ Հայաստանը համարվում է արտաքին պարտքի ցածր բեռ ունեցող երկրներից: Համախառն ներքին արդյունք (ՀՆԱ)-արտաքին պարտք հարաբերակցությունը անցյալ տարի կազմել է 22 տոկոս, այս տարի կկազմի 21 տոկոս, իսկ եկող տարիՙ 17 տոկոս:

2006 թ.-ի 9 ամիսների արդյունքներով Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 1 մլրդ 168 մլն դոլար: Տարվա արդյունքներով, ըստ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության վարչության պետի, կկազմի 1 մլրդ 261 մլն դոլար: Կանխատեսվում է, որ 2007 թ.-ին արտաքին պարտքը կավելանա, հասնելով 1 մլրդ 369 մլն դոլարի: Այստեղ հաշվարկված են այն գումարները, որոնց Հայաստանին տրամադրելու մասին միջազգային ֆինանսական կազմակերպություններն արդեն որոշումներ են ընդունել:

Ինչպե՞ս է ընթանում արտաքին պարտքի մարումը: Համաձայն Արշալույս Մարգարյանի տեղեկատվության, 2006 թ.-ին Հայաստանը մարել է 16,8 մլն դոլար կամ 7 մլրդ դրամ վարկի գումար եւ 9 մլն դոլար կամ 3,7 մլրդ դրամ տոկոսավճար: Եկող տարի նախատեսվում է մարել 17,2 մլն դոլար կամ 6,2 մլրդ դրամ վարկային գումար եւ 10 մլն դոլար կամ 3,6 մլրդ դրամ տոկոսավճար: Պետական պարտքի կառավարման վարչության պետը հայտնեց, որ ամենամեծ մարումները կընկնեն 2025-2026 թթ.-երի վրա: Վկայակոչելով միջազգային կազմակերպությունների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները, նա նաեւ նշեց, որ անգամ ամենահոռետեսական սցենարի դեպքում (տնտեսական աճի նվազում մինեւ 2,5-3 տոկոսի, արտահանման նվազում եւ ներմուծման ավելացում) 2025 թ.-ին Հայաստանը չի հայտնվի ծանր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում:

Ի՞նչ վերաբերում է ներքին պարտքին, ապա կազմում է 58 մլրդ դրամ: Միայն այս տարի այդ ցուցանիշը կազմել է 7 մլրդ դրամ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4