Ինչպես տեղեկացանք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, հանձնաժողովը մոնիտորինգ է իրականացրել զանգվածային սպառման մի շարք ապրանքների շուկաներում: Պարզվել է, որ շաքարավազի, կարագի, հավի ձվի, մսամթերքի, գարեջրի, բենզինի, դիզվառելիքի, ցեմենտի, շինարարական այլ նյութերի շուկաներում արտադրվող եւ ներմուծվող ապրանքների գները դրամի արժեւորման պարագայում իջնելու փոխարեն կամ մնացել են անփոփոխ, կամ աճել են: Այդ շուկաներում գրանցված են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ տեղական արտադրության մի շարք ապրանքատեսակների ինքնարժեքը նվազել է, մինչդեռ իրացման գներն ավելացել են: Այս առնչությամբ հանձնաժողովը գնահատական կտա իր առաջիկա նիստերից մեկում:
Հանձնաժողովը ուսումնասիրել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում պարբերաբար առաջացող վառելիքի պակասության խնդիրը: Ըստ նախնական գնահատականի, այստեղ իրավահարաբերությունների կարգավորման խնդիր կա:
Ա. Մ.