Մայրաքաղաքի «Դինամո» մարզասրահում ավարտվեց հայկական բռնցքամարտի երախտավորներից մեկիՙ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Էդուարդ Արիստակեսյանի հուշամրցաշարը, որը միջազգային բնույթ էր կրում: Բացի Հայաստանի բռնցքամարտիկներից, հաղթողի կոչման համար ռինգ էին դուրս եկել Ռուսաստանի 2, Չեխիայի 4 եւ Վրաստանի 15 բռնցքամարտիկներ: Ընդհանուր առմամբ քաշային 11 կարգում մրցավեճի բռնվեցին 76 բռնցքամարտիկներ: Մրցաշարում բավական հաջող ելույթներ ունեցան հայ բռնցքամարտիկները, որոնցից 8-ը կանգնեցին պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին: Եզրափակիչ մենամարտերում մրցակիցներին հաղթեցին Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Վաչագան Ավագյանը (51 կգ), Մկրտիչ Նիկոլյանը (54 կգ), Գաբրիել Թոլմաջյանը (57 կգ), Արա Փուլուզյանը (60 կգ), մեր անվանի նախկին բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի որդինՙ Արթուրը (75 կգ) եւ Ցոլակ Անանիկյանը (91 կգ): Ընդ որումՙ վերջինիս առավելությունը մրցակցի նկատմամբ բացահայտ էր եւ մրցավարը ժամկետից շուտ դադարեցրեց մենամարտը:
Քաշային երեք կարգերում լավագույնը մրցաշարի հյուրերն էին: Մինչեւ 64 եւ մինչեւ 69 կգ քաշային կարգերում մրցաշարի հաղթողներ դարձան Լեւան Գվամիչավան եւ Կախաբեր Ժվանիան, իսկ գերծանրքաշային կարգում ուժեղագույնը չեխ բռնցքամարտիկ Ստանիսլավ Բարտակն էր:
Ընդհանուր առմամբ մասնագետները եւ մրցաշարի հյուրերը գոհ էին արդյունքներից: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն էլ նշեց, որ կան խոստումնալից, հեռանկարային երիտասարդ բռնցքամարտիկներ, որոնց կարելի է փորձարկել մյուս տարի կայանալիք միջազգային մրցաշարերում: Եվ քանի որ հաջորդ մրցաշրջանը նախաօլիմպիական է, ուստի հավաքականի առաջնահերթ խնդիրն օլիմպիական վարկանիշ ձեռք բերելն է: Ըստ Մեհրաբյանի, օլիմպիական ուղեգրեր ձեռք բերելու ամենահարմար առիթը 2007 թ. սեպտեմբերին Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությունն է, որում կձգտեն հաջող հանդես գալ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ