«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2006-12-09 | #237, 2006-12-12 | #238, 2006-12-13


Ի՞ՆՉ ԹՈՇԱԿ ԿՍՏԱՆԱՆՔ 20 ՏԱՐԻ ԱՆՑ

Կենսաթոշակային բարեփոխումների լույսն ու ստվերը

Դժգոհությունը կենսաթոշակների չափից Հայաստանում հավերժական թեմա է: Դժբախտաբար, դժգոհությունն արդարացի էՙ միջին կենսաթոշակը ցածր է անգամ աղքատության առանց այն էլ ցածր գծից: Սակայն պարզվում է, որ սա դեռ ամբողջ եւ ամենասարսափելի դժբախտությունը չէ: Սոցիալական վճարումների եւ կենսաթոշակների Հայաստանում գործող համակարգը 20 տարի հետո վերջնականապես կսնանկանա, եթե չձեռնարկվեն արմատական բարեփոխումներ: Սա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եզրակացությունն է:

Թե ինչպե՞ս պետք է իրականացվեն կենսաթոշակային բարեփոխումները, ի՞նչ կտան բնակչությանը, ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել եւ խոչընդոտների հանդիպել, փորձեցինք պարզել սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանից, Կենտրոնական բանկի ավագ խորհրդական Ներսես Երիցյանից, ինչպես նաեւ Համաշխարհային բանկիՙ «Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրից» (հեղինակՙ Գիլերմո Լարեյն):

Բարեփոխումներն այլընտրանք չունեն

Սրանում կարծես թե համոզված են բոլորը: «Այսօրվա համակարգն ինքնին դատապարտված է, քանի որ կարող է իրեն արդարացնել միայն այն դեպքում, երբ աշխատողներ (սոցվճար կատարողներ)-թոշակառուներ հարաբերակցությունը կլինի 3-ը 1-ի: Մինչդեռ այսօր այդ հարաբերակցությունը 0,9 1-ի է: Այսինքն, բեռը աշխատող սերնդի վրա մեծ է», նշում է Վազգեն Խաչիկյանը, ավելացնելով, որ առաջիկայում այդ հարաբերակցությունը կխորանա ի վնաս աշխատողների:

Ըստ Ներսես Երիցյանի, նույնպես ներկայիս համակարգը «ժողովրդագրական պատկերի փոփոխության հետ մի օր կարող է պայթել»: Վերեւում արդեն նշեցինք, որ, ըստ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, այդ «մի օրը» կարող է գալ արդեն 20 տարի հետո: Հետեւաբար, նկատի ունենալով, որ կենսաթոշակային բարեփոխումները ոչ թե մեկ-երկու տարվա, այլ առնվազն 20-25 տարվա գործընթաց են, կասկած չի մնում, որ դրանք պետք է սկսել հնարավորինս շուտ:

Համակարգի բարեփոխումները արագ սկսելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ մեկ այլ հանգամանքով: Որքան ուշանում են դրանք, այնքան բարձրանում է բարեփոխումների գինը, որովհետեւ տարեց-տարի բարձրացող թոշակները ավելացնում են բյուջեի բեռը, եւ պետությունն ավելի շատ ծախսեր պետք է անի բարեփոխումների իրականացման համար:

Չիլիի փորձը Հայաստանին

Վազգեն Խաչիկյանը հայտնեց, որ նոր կենսաթոշակային համակարգը կսկսի գործել 2009 թ.-ի հունվարի 1-ից եւ որ այդ մասին քաղաքական որոշումն արդեն կայացած է: Ընդգծելով, որ բարեփոխումներն անմիջականորեն վերաբերելու են ապագա կենսաթոշակառուներին (ներկայում 18-45 տարեկաններին), որոնք դեռ աշխատողներ են, սոցհիմնադրամի նախագահը կարեւորում է բարեփոխումների ճիշտ հաշվարկված լինելը: Ըստ նրա, դրանց տեւողությունը պետք է հաշվարկել 40-45 տարվա կտրվածքով, պետք է գնահատել անցումային ծախսերը, եւ թե դա ինչ կարժենա պետբյուջեի եւ հարկատուների վրա:

Ըստ Համաշխարհային բանկի առաջարկած ծրագրի, Հայաստանի ապագա կենսաթոշակային համակարգի կառուցվածքը հիմնված է Չիլիի կենսաթոշակային համակարգի վրա: Չիլիի փորձը լավագույնն է համարում նաեւ Ներսես Երիցյանը, նշելով, որ այն արդեն 20 տարվա պատմություն ունի: Ի՞նչ են բարեփոխել չիլիացիները, որն առաջիկայում սպասում է նաեւ մեզ:

Նախատեսվում է անցում կենսաթոշակների կուտակային համակարգին, ներկայում գործող «սերունդների համերաշխության» համակարգի փոխարեն: Եթե ներկա համակարգով աշխատողների կատարած սոցվճարումները վերաբաշխվում են որպես թոշակառուներին վճարվող թոշակներ եւ աշխատողի վճարած գումարի չափը որեւէ կերպ չի ազդում նրա ապագա թոշակի չափի վրա, ապա նոր համակարգն այլ տարբերակ է նախատեսում:

Յուրաքանչյուր անձի աշխատանքային տարիների ընթացքում կատարած վճարումները կկուտակվեն իր հաշվին, որոնք տվյալ անձի կենսաթոշակային տարիքը լրանալուն պես կվերադարձվեն որպես կենսաթոշակ: Այսինքն, յուրաքանչյուրն ըստ իր կատարած վճարումների կորոշի իր ապագա կենսաթոշակի չափը: «Կուտակային համակարգում կյանքիդ ընթացքում կուտակելով քո հաշվին որոշակի գումար եւ օգտվելով ֆինանսական շուկայի հնարավորություններից, կարող ես դրական եկամտաբերություն ստանալ», պարզաբանում է Ներսես Երիցյանը: Նա նաեւ նշում է, որ կուտակված կենսաթոշակին գումարվելու է պետության երաշխավորած բազային կենսաթոշակ: Թե որքա՞ն պետք է կազմի վերջինս, դեռ ստույգ որոշված չէ, բայց, ըստ ԿԲ նախագահի ավագ խորհրդականի, պետք է մոտ լինի ներկայիս միջին կենսաթոշակի չափին:

Սակայն ամեն ինչ, բնականաբար, այնքան հարթ ու առանց խութերի չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:

Անցումային շրջանումՙ հարկային բեռի բարձրացում

Ինչպես նշեց սոցհիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը, մինչ նոր համակարգին անցնելը պետք է լինեն անցումային շրջան եւ անցումային ծախսեր: Սա, թերեւս, ամենաբարդ ժամանակահատվածն է լինելու:

Նախՙ փաստը, որ բարեփոխումներն սկսվելու են 2009 թ.-ից, եւ որ նախապես դա ծրագրվում էր սկսել 2008 թ.-ից, խոսում է այն մասին, որ երկրի քաղաքական ղեկավարությունը դեռ որոշակի մտավախություններ ունի: Բացի այդ, եւս մեկ տարով նոր համակարգին անցումը հետաձգելով, լրացուցիչ բեռ է դրվում բյուջեի վրա, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, որքան ուշ է սկսվում բարեփոխումը, այնքան թանկանում է նրա արժեքը:

Հաջորդն անցումային շրջանում ստեղծվելիք իրավիճակն է: Այդ ժամանակահատվածում պետությունը պետք է շարունակի ներկա համակարգի կենսաթոշակառուներին վճարել թոշակները, իսկ աշխատողներն էլ պետք է սկսեն կուտակել իրենց ապագա կենսաթոշակները: Փաստորեն, եթե ներկայիս աշխատողների վճարած սոցվճարները այլեւս չեն ուղղվելու ներկա թոշակառուների թոշակների վճարմանը, ապա պետությունը պետք է այլ աղբյուրներից ֆինանսավորի այդ ծախսերը: Ի՞նչ միջոցներից են վճարվելու ներկայիս թոշակառուների կենսաթոշակները:

Այս հարցի պատասխանը չստացանք Ներսես Երիցյանից: Նա միայն տեղեկացրեց, որ տարբերակներից մեկն էլ այն է, որ սոցվճարներն ու եկամտահարկը միավորվեն եւ այդ գումարից վճարվեն ներկա թոշակները: Ըստ մեր զրուցակցի, բյուջեն դա պետք է երաշխավորի: Նոր համակարգում նույնպես պետությունը պետք է երաշխավորի բազային թոշակների վճարումը:

Մեր հարցի պատասխանը ստացանք Համաշխարհային բանկի փորձագետ Գիլերմո Լարեյնի առաջարկած ծրագրում: Այստեղ նշված է, որ կառավարությունը նախատեսում է նոր համակարգում աշխատողների համար ընդհանուր հարկային եւ սոցիալական բեռը ներկայիս 25 տոկոսից բարձրացնել մինչեւ 32 տոկոսի: Փաստորեն, տեղի է ունենալու հարկային բեռի բարձրացում, որի մասին իշխանություններն առայժմ նախատեսում են չբարձրաձայնել: Բյուջեն պարտադրված կլինի առնվազն 20 տարի հավելյալ միջոցներ տրամադրել ներկայիս թոշակառուների համար, ինչն իրագործելը նույնպես լուրջ դժվարությունների է հանդիպելու:

Հարկային բեռի բարձրացումն առնվազն երկու լուրջ խնդիր է առաջացնելու: Առաջինըՙ գործատուների դժգոհությունը, որոնք ընդվզելու են հարկային բեռի բարձրացման դեմ, թեեւ նրանք հիմա էլ, մեղմ ասած, աչքի չեն ընկնում սոցվճարներ կամ հարկեր վճարելու պարտաճանաչությամբ:

Սոցհիմնադրամի նախագահն, օրինակ, բացի հարկային վարչարարության կատարելագործումից, նշում է, որ ներդրվելու են խրախուսման միջոցներ: Նոր համակարգում աշխատողը պետք է շահագրգռված լինի, որ գործատուն ցույց տա իր իրական աշխատավարձը եւ կատարի սոցիալական վճարումները: Այն, որ աշխատողները ներկայիս գործազրկության պայմաններում չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները եւ արհմիություններն էլ, ըստ էության, ընդամենը գոյություն են պահպանում, նշում է նաեւ Վազգեն Խաչիկյանը: Հեռանկարում եւս այս խնդիրը լինելու է բարեփոխումներին խոչընդոտող հանգամանք:

Երկրորդը այդ համակարգում ընդգրկվածների եւ չընդգրկվածների միջեւ առաջացող հակասությունն է: Քանի որ մինչեւ 40 տարեկանների համար, որոնք կամավոր կամ պարտադիր պետք է անցնեն կուտակային համակարգի, գործատուները վճարելու են ավելի բարձր հարկեր, քան դրանից բարձր տարիքի եւ այդ համակարգում չընդգրկվածների համար, ապա գործատուները կսկսեն աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տալ վերջիններիս: Սա նշանակում է, որ կավելանա գործազրկությունը երիտասարդների շրջանում, ինչը կարող է խթանել նրանց արտագաղթը Հայաստանից:

Բարեփոխումների իրականացման մյուս կարեւոր բաղադրիչը դրանց տեղաբաշխմանն է վերաբերում, առանց որի բարեփոխումները դատապարտված են: Խոսքը կապիտալի եւ արժեթղթերի շուկաների մասին է, որոնք Հայաստանում դեռ կայացած չեն:

Ի՞նչ երաշխիք, որ զերծ կմնանք կանխատեսելի եւ անկանխատեսելի ռիսկերից

Վազգեն Խաչիկյանը բարեփոխումների կարեւոր արդյունքներից մեկը համարում է այն, որ դրանց ճիշտ եւ ծրագրված իրականացումը հնարավորություն կտա Հայաստանում ստեղծելու «երկար փողեր», զարգացնելով կապիտալի եւ արժեթղթերի շուկաները:

Ըստ ՀԲ ծրագրի, սոցիալական հիմնադրամների կառավարիչները գումարները կարող են ներդնել գանձապետական պարտատոմսերի, հիպոթեկային վարկերի եւ կորպորատիվ արժեթղթերի մեջ: ՀԲ ծրագրից տեղեկանում ենք, որ այդ կապակցությամբ Հայաստանի իշխանությունները բանակցություններ են վարում Կոպենհագենի, Ստոկհոլմի, Հելսինկիի, Ռիգայի, Տալլինի եւ Վիլնյուսի ֆոնդային շուկաները միավորող «Օ-Էմ-Էքս հոլդինգի» հետ:

Սակայն հարց է առաջանում, թե ֆինանսական շուկայի տատանումների (գնաճ, արժեզրկում կամ արժեւորում եւ այլն) բացասական հետեւանքներից ինչպե՞ս կարող են խուսափել կուտակային վճարներ կատարածները, երբ գա այդ գումարները թոշակի տեսքով հետ ստանալու ժամանակը: Ներսես Երիցյանը գտնում է, որ մասնավոր հիմնադրամներն ավելի արագ կարձագանքեն շուկայի տատանումներին: «Ռիսկերը հնարավոր է նվազեցնել, եթե գումարները ներդրվեն միջազգայնորեն քիչ ռիսկային ճանաչված արժեթղթերում», նշում է ԿԲ նախագահի ավագ խորհրդականը, ավելացնելով, որ դա կանոնակարգվելու է օրենքներով:

Ներսես Երիցյանի լավատեսությանը հակառակ, սոցհիմնադրամի նախագահը մատնանշեց այն փաստը, որ Հայաստանում արժեթղթերի շուկան դեռ կայացած չէ եւ հայաստանյան որեւէ ձեռնարկության բաժնետոմս չի վաճառվում կամ գնահատվում երկրորդային շուկայում: Այդուհանդերձ, Վազգեն Խաչիկյանն էլ գտնում էր, որ այս բարեփոխումները կարող են նպաստել այլ ոլորտներում բարեփոխումների արագացմանը կամ սկսելուն:

Ի՞նչ երաշխիք, որ 10 կամ 15 տարի հետո, երբ ներկայիս աշխատողները կսկսեն ստանալ իրենց կուտակային գումարները թոշակների տեսքով, չեն ծագի փակուղային խնդիրներ, որոնք հիմա հնարավոր չէ կանխատեսել, եւ ո՞վ պետք է դրա համար պատասխանատվություն կրիՙ կենսաթոշակային բարեփոխումների հեղինակները եւ ներկայիս իշխանությունները, թե՞ այն ժամանակվա իշխանությունները: Ի վերջո, հեռանկար ունե՞ն այս բարեփոխումները:

Ի պատասխան մեր հարցերի, Ներսես Երիցյանը կարեւորեց լավ կառավարումն ու վերահսկողությունը բարեփոխումների ամբողջ ընթացքում: Հարկ է նաեւ դասեր քաղել արդեն այս բարեփոխումներն իրականացրած երկրներից եւ նկատի ունենալ ամենահոռետեսական սցենարները: ԿԲ ավագ խորհրդականը նաեւ ընդգծեց, որ այդ երկրներում բարեփոխումները հիմնականում հաջողված են:

Վազգեն Խաչիկյանի կարծիքով, բարեփոխումները հեռանկար ունեն: Յուրաքանչյուր կենսաթոշակային բարեփոխում, իրականացման ընթացքում, 5 կամ 10 տարին մեկ որոշակի փոփոխություններ է կրում, քանի որ բարեփոխումների հաջող իրականացումը կախված է բազմաթիվ գործոններից: «Նրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը կարող է էական փոփոխությունների բերել ամբողջ համակարգում», նշեց սոցհիմնադրամի նախագահը, ավելացնելով, որ այնուամենայնիվ «ինչ-որ տեղից պետք է սկսել»:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4