Պետք է լինեն գործարարների հիմնական նպատակները առաջիկա 3-5 տարիներին
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը երեկ շնորհավորանքներ էր ընդունում: Միության 10-ամյակի կապակցությամբ ողջույնի ուղերձներ էին հղել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահները: Հանդիսավոր նիստի ժամանակ ելույթ ունեցած գործարարները, կառավարության անդամներն ու ՀԱԳՄ գործընկեր կառույցների, այլ կազմակերպությունների ներկայացուցիչները խոսում էին այն ձեռքբերումների մասին, որ արձանագրվել են անցած 10 տարվա ընթացքում եւ այն խնդիրների մասին, որոնց լուծումը անհրաժեշտ է եւ հրատապ: Իսկ 10 տարիների անցած ճանապարհը ամփոփեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը:
Ըստ միության նախագահի, առաջին ձեռքբերումը գործարարների հոգեբանության ձեւավորումն էր, շուկայում աշխատելու փորձը, տվյալ դասին պատկանելու գիտակցումը: «Ձեւավորվեց խավ, որը հասկացավ, որ իր եւ երկրի փրկությունը տնտեսական զարգացման մեջ է», նշեց Արսեն Ղազարյանը, ավելացնելով, որ այդ զարգացման հիմքը ազատ մրցակցությունն է: 90-ականների վերջերից միությունը ակտիվորեն զբաղվում է գործարարների շահերի պաշտպանությամբ, որի արդյունքում իշխանությունները սկսեցին հանձին նրա տեսնել գործընկեր կառույցի, որը «քաղաքական պոպուլիզմը մի կողմ դնելով կարող է աշխատել»:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամները ներկայումս վճարում են հարկային մուտքերի շուրջ 70 տոկոսը, եւ նրանց խնդիրն է դառնալ տարածաշրջանային տնտեսական գործոն: Դրա համար, Արսեն Ղազարյանի համոզմամբ, պետք է գնալ արտադրողականության եւ մրցունակության բարձրացման ճանապարհով: «Երբ դրամավարկային քաղաքականությունը կաթվածահար է անում արտահանումը», այդ ճանապարհն առավել կարեւորվում է: ՀԱԳՄ նախագահը նշեց, որ չնայած մեր արտահանողները դեռ ռեսուրս ունեն արտաքին շուկաներում իրենց դիրքերը պահպանելու համար, բայց եթե այսպես շարունակվի, ապա «2007-08 թթ. կունենանք անկում»: Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ անգամ ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտներում:
Առաջիկա 3-5 տարիների համար հիմնական խնդիրը միության նախագահը համարեց պայքարը հավասար մրցակցային դաշտի ապահովման համար, արհեստական մենաշնորհների, բիզնեսի հետ պետական պաշտոնյաների սերտաճման դեմ:
Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդգծեց, որ միությունը կայացած կառույց է: Նա նշեց, որ հարկ է գիտակցել, որ մասնավոր հատվածը նույնպես պետության մասնիկն է եւ այն պետք է պահել ու զարգացնել: Միաժամանակ, ըստ նախարարի, մասնավոր հատվածում եւս պետք է սկսի հանրային շահը գերակշռել անձնականին:
Կարեն Ճշմարիտյանը կարեւորեց ձեռնարկությունների ճիշտ կառավարման անհրաժեշտությունը, ասելով, որ ներկայում կան 100 աշխատողից ավելի ունեցող ընկերություններ, որոնք չունեն իրավաբան կամ ընկերություններ, որոնք չեն մասնակցում ոչ մի ցուցահանդեսիՙ ակնկալելով, որ ինչ-որ մեկը կգա եւ իրենց ապրանքները կտանի: Բացի մարկետինգի ծախսերից, նախարարը հրատապ համարեց նոր տեխնոլոգիաների եւ ինովացիոն ծրագրերի ներդրումը ձեռնարկություններում: «Տարածաշրջանային զարգացումները ստիպում են, որ գործարարները դեմքով շրջվեն դեպի գիտությունը», նշեց նա:
«Գործընկեր կազմակերպությանը» ողջունելով, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ այն խնդիրներին, որոնց առջեւ կանգնել են ընկերություններն այս պահին: Ըստ ԿԲ նախագահի, այն պայմաններում, երբ ազգային արժույթն արժեւորվում է, ձեռնարկությունները կշարունակեն գործել եւ զարգանալ, եթե բարձրացնեն իրենց արտադրողականությունը: Մրցակցային դաշտում ոչ մրցունակ ընկերությունները կաթվածահար կլինեն: Ի՞նչ լուծումներ է այստեղ առաջարկում ԿԲ նախագահը:
Համաձայն Տիգրան Սարգսյանի վկայակոչած տվյալների, Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 7-12 անգամ ավելի ցածր է, քան եվրոպական երկրներինը: Դա նշանակում է, որ մեր ձեռնարկությունների արտադրողականությունը պետք է աճի առնվազն 7 անգամ, որպեսզի հասնենք այդ երկրներին: Ներկայումս Հայաստանում նկատվում է արտադրողականության տարեկան 10 տոկոս աճ: Այսինքն, կան ոլորտներ, որտեղ այդ գործընթացը տեղի է ունենում: «Գլխավոր խնդիրը սովորելն է աշխատել նոր ձեւերով եւ նոր տեխնոլոգիաներով», եզրափակեց ԿԲ նախագահը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ