«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2006-12-09 | #237, 2006-12-12 | #238, 2006-12-13


ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԵՐՆ ԻՋԵԼ ԵՆ

Պարզաբանում է «Ֆլեշ» ընկերության փոխտնօրենը

Մեր թերթի նախորդ համարում հրապարակված «Որոշ ապրանքների ինքնարժեքը նվազել է, մինչդեռ գինըՙ բարձրացել» վերնագրով տեղեկատվության կապակցությամբ, որը ստացել էինք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, արձագանք ստացանք բենզին եւ դիզվառելիք ներկրող խոշորագույն «Ֆլեշ» ընկերությունից: Ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը պարզաբանեց, որ բենզինի եւ դիզվառելիքի գները վերջին երկու-երեք ամիսներին իջել են:

«Ռեգուլյար» տեսակի բենզինի գինը, եթե այս տարվա հունիս-հուլիս ամիսներին կազմում էր 1 լիտրը 340 դրամ, իսկ օգոստոսին, երբ բարձրացան նավթի միջազգային գներըՙ 390 դրամ, ապա այս պահի դրությամբ գինը իջել է մինչեւ 1 լիտրը 310 դրամի: Այսինքն, առկա է գնի իջեցում 25 տոկոսով: Ավելին, Մուշեղ Էլչյանը հայտնեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում այդ գինը կիջնի եւս 10 դրամով:

Ինչ վերաբերում է դիզվառելիքին, ապա այստեղ նույնպես գներն իջել են: Օգոստոսին արձանագրված 1 լիտրը 320 դրամ գինն այժմ իջել է մինչեւ 1 լիտրը 280 դրամիՙ մոտ 15 տոկոսով:

«Ֆլեշի» փոխտնօրենը նշեց, որ վերոնշյալը մանրածախ գներն են, իսկ մեծածախ շուկայում դրանք, բնականաբար, ավելի ցածր են: Տարբերությունը կազմում է 10-15 տոկոս, ինչից ելնելով էլ հնարավոր է համարվում առաջիկա շաբաթվա ընթացքում մանրածախ գնի որոշակի իջեցումը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4