«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2006-12-09 | #237, 2006-12-12 | #238, 2006-12-13


ՀԻՆ ԳՈՐԻՍԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՂԱՎԱՂՎՈՒՄ Է

Սեւ գրանիտն իր սեւ գործն այնտեղ էլ է անում

«Սեւ դամբարան», այսպես են Գորիսում անվանում քաղաքի Մաշտոցի փողոցում կառուցված առաջին սեւ գրանիտե շինությունը: Բազալտե կամարակապ տների շղթան քանդող այս շենքն իրոք խորթ միջավայրում է, որովհետեւ հայտնվել է հենց այն տան կողքին, որի պատշգամբից գորիսեցիներին է դիմել զորավար Անդրանիկը: Պատշգամբը կոչվում է նրա անունով, գորիսեցիներն այդպես էլ ասում ենՙ զորավար Անդրանիկի պատշգամբ: Տան դիմաց Գորիսի հայտնի Պասաժն է, որն արդեն 2 տարի փակ է: Շշուկներն ասում են, որ սեփականատերը ինչ-ինչ խնդիրներ ունի քաղաքապետարանի հետ:

Պասաժի գլխին դրված հսկա ու անճոռնի տանիքը դուր չի գալիս ոչ միայն գորիսեցիներին, այլեւ քաղաքի գլխավոր ճարտարապետին: «Պասաժն էլ է վատ ստացվել, տանիքը սարսափելի արհեստական է: Ինձ թվում է, անպայման պետք է ուղղել, որովհետեւ պատմական Գորիսի տարածքում է: Կարելի էր ավելի լավ կառուցապատել, քանդելու դեպքում գուցե ավելի տհաճ երեւա: Զորավար Անդրանիկի պատշգամբի կողքի նորաբաց խանութը կողքի տների հետ համադրություն չունի: Եթե ապակուց լիներ, գուցե ավելի լավ դիտվեր: Նախագծային շեղումներ կան, քարի գույնը տհաճ է ընտրված, ինչ-որ բաներ կան: Պատմական Գորիսի տարածքում կառուցված այս 2 շենքերում ճարտարապետական սխալներ կան, բայց դրանց կողքին կան ավանդական ճարտարապետությամբ կառուցված շենքեր», ինքն իրեն մխիթարում է Գորիսի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի վարիչ, գլխավոր ճարտարապետ Գարեգին Փարսյանը: Հին Գորիսից կամ ինչպես գորիսեցիներն են հիմա ասումՙ Գորիս գյուղից հետո քաղաքը զբոսաշրջիկների համար գրավիչ է իր պատմական կենտրոնով: Ամեն տարի մոտ 15 հազարից ավելի զբոսաշրջիկ է մտնում Գորիս: «Քաղաքի զարգացման գերակա ճյուղը տուրիզմն է: Բնակլիմայական պայմանները, տարածքի 100-ից ավելի պատմական հուշարձանները հրաշալի պայմաններ են ստեղծում դրա զարգացման համար: Գորիսը ձմռանն էլ է դուրեկան, օրվա մեծ մասը արեւոտ է լինում: Մեր ցանկությունն այն է, որ քաղաքի դեմքը պահելով հին շենքերը դարձնենք հյուրանոցային համալիրներ, ռեստորաններ ու սրճարաններ, բրուտագործական արհեստանոցներ: Մեր ներկայացրած նախագիծը ընդգրկված է զարգացման ծրագրում: Եվրոպացի մասնագետներին շատ դուր եկավ քաղաքի ուրույն ճարտարապետությունը», ասում է Փարսյանը:

Քաղաքի միակ հյուրանոցիՙ «Միրհավի» տերը արմատներով մշեցի, եվրոպաբնակ պարոն Շահենն է: Ծնվել է Իրանում, ապրել Գերմանիայում, շրջել Եվրոպայով մեկ, 90-ականներին եկել է Հայաստան ու կապվել Գորիսին: Ինքն էլ է կարծում, որ քաղաքը բոլոր հնարավորություններն ունի զարգանալու, բայց դեռ շատ խոչընդոտներ կան: Դրանցից առաջինը գիշերային լուսավորության բացակայությունն է: «Օտարները չեն սիրում փակվել հյուրանոցում: Հարցնում են, ո՞ւր կարելի է գնալ երեկոյան, զվարճանքի ի՞նչ վայրեր կան քաղաքում: Երեկոյան ձանձրույթ ապրող զբոսաշրջիկի համար քաղաքը կորցնում է իր գրավչությունը», ասում է պրն Շահենը: Գորիսի ավանդական ճարտարապետության աղավաղումը ինքը անընդունելի է համարում, որովհետեւ հենց դրա մեջ է տեսնում քաղաքի ողջ հրապույրը: Իր հյուրանոցի ճարտարապետը Փարսյանն է, միասին են հյուրանոցն այդքան գորիսյան դարձրել:

Փարսյանն ասում է, որ հին Գորիսը վերջին 15 տարիներին այդքան չէր աղավաղվի, եթե հուշարձանների պահպանության վարչությունն այն արգելոց դարձներ: «Այդ դեպքում հին միջավայրը պահելու ուժ կունենայինք: Մարդկանց սեփական տներն են, ավելացումներ են անում, ի՞նչ կարող ենք անել: Հիմա փորձում ենք հին Գորիսը պահել ավելի շատ մարդկանց խնդրելով, համոզելով, թեկուզ իշխանական լծակներով ստիպելով», պատմում է ճարտարապետը: Իբրեւ քաղաքաշինարար իր համար ամենակարեւորը կոյուղու խնդիրն էՙ քաղաքը կոյուղագիծ չունի: Պարոն Շահենն անընդհատ բողոքում է շրջակա միջավայրի աղտոտվածությունից: «Միրհավի» բարձունքից տեսանելի են գետի երկայնքով թափված աղբակույտերը:

«Մենք գետի լավ հուն ունենք: Եթե մաքրվի, հովիտը շատ լավն է: Եթե կոյուղագիծը լինի, շատ խնդիրներ կլուծվեն: Ճարտարապետական առումով մենք մեծ խնդիրներ չունենք, երեւանյան խնդիրները դեռ մեզ մոտ չեն առաջացել: Գորիսը մեղմ քաղաք է, լավ կառուցապատված, կանաչապատման խնդիր չունենք: Քաղաքը միայն կարիք ունի խնամքով հարդարվելու: Եթե կենտրոնի հատվածը բարեկարգվիՙ շղթայական ռեակցիայով ամեն մարդ իր տան առաջը կարգի կբերի: Մեր ժողովուրդը անող է: Օրինակ, Արարատյան դաշտավայրում տան ճարտարապետական տեսքը կարեւոր չի եղել, իրենց 4 պատը կառուցել են ու վերջ, իսկ մերոնք հիվանդ են եղել էդ հարցում, բոլոր տները կամարներով, մաքուր տաշով: Մեծ դժվարությամբ անում էին, բայց տան մեջ մի աթոռ չունեին դնելու: Հիմա հակառակը չեն անի: Ուղղակի մի քիչ անտարբեր են, մի քիչ ճնշված ու լքված: Կյանքի պայմանները լավանալու դեպքում անպայման քաղաքը կփոխվի: Մեր ժողովուրդն անող է», ասում է նա:

Սյունիքի մարզպետն ու Գորիսի քաղաքապետը, նրա բնութագրմամբ, շատ հետաքրքրական բնավորություն ունեն. «Ամեն ինչ կանեն քաղաքի համար, բայց նրանց համոզել է պետք, որ այսինչ բանը պետք է»:

«Քաղաքը լուսավորություն չունի, չունենք կենտրոն, հրապարակ: Երեկ Սիսիանում էի, նախանձեցի, որ Կապանի հրապարակի հատվածը վերականգնվում է: Հիմա ինձ տեղ չեմ ճարում, մեր լեզվով ասածՙ պիտի մարզպետին բիզ-բիզ անեմ: Մեր բյուջեն 170 մլն դրամ է: Որ պատկերացնեք, թե ինչքան փոքր գումար է, ասեմ, որ Երեւանի միջին կարգի բիզնեսմենը այդքան ավելացված արժեքի հարկ է մուծում: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ հարցը լուծել: Այսօր ունենք մոտ 60 կետ լուսավորություն, որը սարսափելի քիչ է: Կյանքը քաղաքում մեռած է: Ձմռանը Գորիսում շատ լավ եղանակ է լինում, Երեւանի նման չի, բայց քաղաքում միայն փոքր-փոքր մթերային խանութներ են բացվում, չկան սրճարաններ, զվարճանքի վայրեր:

Մեզ միայն ազդակ է պետք, երեւի կողքից պիտի գա: Դոնորների, Գորիսով հետաքրքրված մարդկանց կարիք ունենք: Օրինակ, կարելի է քարանձավային հյուրանոցային համալիր կառուցել: Մեր նկարիչներից մեկը քարանձավ է խնդրում արվեստանոցի համար, 4-5-րդ դարի Գորիս գյուղը շատ հետաքրքրական է, շատ լավ բնակավայրեր ունենք: Եթե պարոն Շահենի նման մարդիկ գտնվեն, քաղաքը կզարգանա: Մեր բյուջեն շատ խեղդված է, բայց մենք էլ սխալներ ունենք: Ամեն մեկի վրա պիտի պարտավորություն դնենք իր խանութի դիմացի լույսը վառելու, մի հետաքրքրական լուսամփոփ դնելու: Գորիսյան ավանդույթները պիտի պահենքՙ գորիսեցին սկզբում փողոցն էր մաքրում, հետո իր տունը: Հիմա քաղաքը բարեկարգման կարիք ունի, շատ քիչ աշխատանք է պետք քաղաքին հարդարված տեսք տալու համար»:

Գորիսի անվանափոխված փողոցներում դեռեւս պահպանվում են Լենինի եւ պիոներների անուններով ցուցանակները: Մեծ առաջնորդի անունը մնացել է Մաշտոցի փողոցի տների դարպասների վրա: Մի պահ թվում է, թե Գորիսը դեռ խորհրդային կյանքով է ապրում:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ, Գորիս-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4