«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2006-12-09 | #237, 2006-12-12 | #238, 2006-12-13


ԷԼԻՏԱՐ ՄԱՐԶԱՁԵՎԸ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Դեւիսի գավաթի խաղարկության 4-րդ խմբի մրցաշարը կկայանա Երեւանում

Էլիտար մարզաձեւ հանդիսացող թենիսը նաեւ նյութական մեծ միջոցներ պահանջող մարզաձեւ է: Ուստի պատահական չէ, որ խորհրդային տարիներին լավ ավանդույթներ ունեցող մարզաձեւն էլ անցումային շրջանում անկում ապրեց: Բարեբախտաբար գտնվեցին սրտացավ մարդիկ, ովքեր որոշեցին աջակցել մարզաձեւինՙ նպաստելով բոլորի կողմից սիրված թենիսի մասսայականացման աճին: Արդեն վեց տարի հայտնի գործարար Հարություն Փամբուկյանն ստանձնել է թենիսի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի պատասխանատու պաշտոնը: Գաղտնիք չէ, որ թենիսիստների վարպետությունը բարձրացնելու, բարձրակարգ մարզիկներ պատրաստելու համար նախ եւ առաջ հարկավոր է ժամանակակից պահանջներին համապատասխանող նյութատեխնիկական բազա ստեղծելՙ ապահովելով մարզումային գործընթացի նորմալ ընթացքը: Վերջին տարիներին Հարություն Փամբուկյանի ներդրումների շնորհիվ զգալի առաջընթաց է արձանագրվել վերոնշյալ հարցում: Վերանորոգվել ու ժամանակակից տեսքի են բերվել թենիսի կորտերը, կառուցվել է փակ մարզադահլիճ, այժմ էլ ընթացքի մեջ են լողավազանի շինարարության աշխատանքները: Թենիսի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի բազայի վրա ստեղծվել է «Master Class» թենիսի ակումբը:

Հենց այդ ակումբի նիստերի դահլիճում էլ կայացած թենիսի ֆեդերացիայի հաշվետու ընտրական համաժողովում Հարություն Փամբուկյանը միաձայն կրկին վերընտրվեց իր պաշտոնում: Անդրադառնալով հաշվետու ժամանակահատվածում ֆեդերացիայի գործունեությանը, մեր թենիսիստների ելույթներին, ֆեդերացիայի փոխնախագահ Ալեքսանդր Ծատուրյանը նշեց, որ արձանագրվել են որոշակի հաջողություններ: Մեր տղամարդկանց հավաքականը, քանի դեռ Սարգիս Սարգսյանը չէր հեռացել մեծ թենիսից, Դեւիսի գավաթի խաղարկությունում 4-րդ խմբից հասել էր մինչեւ 2-րդ խումբ: Սակայն Հայաստանի հավաքականի առաջատարիՙ մեծ թենիսին հրաժեշտ տալն ազդեց մեր ընտրանու մրցելույթների վրա: Ի դեպ, պատվավոր մրցանակի խաղարկության փուլերից մեկը, միջազգային ֆեդերացիայի որոշմամբ, կայանալու է Երեւանումՙ 2007 թ. օգոստոսի 6-13-ը: Ինչպես նշեց ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը, հավաքականի առջեւ խնդիր է դրվելու հաղթող ճանաչվել խմբում եւ նվաճել 3-րդ խմբի ուղեգիր:

Ցավոտ հարցերից է կանանց թենիսը: Ցավոք, առայժմ մեր թենիսիստուհիները մրցունակ չեն միջազգային մրցասպարեզում եւ չեն մասնակցի ֆեդերացիայի գավաթի խաղարկությանը: Իսկ ահա պատանեկան թենիսում որոշակի հաջողություններ արձանագրվել են: Զարուհի Հարությունյանն ընդգրկվել է մինչեւ 14 տարեկանների Եվրոպայի հավաքականում, Անի Ամիրխանյանըՙ 13 տարեկանների:

Միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ կազմակերպվել են մարզչական դասընթացներ: Վրաստանում էլ մեր ներկայացուցիչները մասնակցել են մրցավարական դասընթացներին:

2003 թ. գործողության մեջ է մինի-թենիս ծրագիրը, որի նպատակն է մարզաձեւն արմատավորել հանրակրթական դպրոցներում: Ֆեդերացիայի ջանքերով այսօր արդեն 13 դպրոցների 1-ին եւ 2-րդ դասարանի մոտ 700 աշակերտները ֆիզկուլտուրայի դասաժամերին յուրացնում են թենիսի գաղտնիքները:

Իհարկե, մարզիչներին մտահոգում է թենիսիստների մրցակցային փորձի պակասը: Միջազգային մրցաշարերին մասնակցությունը խոշոր ծախսերի հետ է կապված, իսկ հանրապետությունում էլ դրանց թիվը մեծ չէ: Այս առումով ֆեդերացիայի նախագահն իրավացիորեն նկատեց, որ պետք է իրենց գործունեությունն ակտիվացնեն թենիսի ակումբները: Անհրաժեշտ է կազմակերպել ինչպես ներակումբային տարբեր մրցաշարեր, այնպես էլ մրցախաղեր ակումբների միջեւ: Իհարկե, արդեն ավանդական են պատանիների եւ աղջիկների, վետերանների ու դիվանագետների մրցաշարերը, Արթուր Շիլաջյանի հուշամրցաշարի անցկացումը, սակայն դա բավական չէ թենիսիստներին մրցակցային մեծ փորձ կուտակելու համար:

Համաժողովում քննարկվեցին նաեւ այլ հարցեր, արվեցին առաջարկներ, որոնք պետք է նպաստեն Հայաստանում թենիսի հետագա մասսայականացմանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4