«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2006-12-09 | #237, 2006-12-12 | #238, 2006-12-13


ՄՐՑԱՇԱՐԸ ԾԱՌԱՅԵՑ ՆՊԱՏԱԿԻՆ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի բաժանմունքի (պետՙ Գագիկ Վարդանյան) նախաձեռնությամբ Երեւանի Արաբկիր համայնքի հանրակրթական դպրոցների միջեւ անցկացվեցին ֆուտզալի մրցումներ: Մրցասպարեզ դուրս եկած 12 թիմերը վիճակահանությամբ բաժանվել էին 2 խմբի, որոնց հաղթողներն էլ եզրափակիչում վիճարկեցին գլխավոր մրցանակը: Մրցումներն անցկացվեցին թիվ 37 դպրոցի մարզասրահում: Նախնական փուլում բոլորից հաջող հանդես եկան եւ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին թիվ 132 եւ 129 դպրոցների թիմերը: Հաղթելով 16-7 հաշվով, թիվ 132 դպրոցի թիմը դարձավ մրցաշարի հաղթող եւ արժանացավ խաղարկվող գավաթին: 3-րդ տեղի համար պայքարում թիվ 130 դպրոցի թիմը 5-3 հաշվով պարտության մատնեց թիվ 149 դպրոցի թիմին: Ցավոք մրցումների 3 տուրից հետո մրցաշարից հրաժարվեց թիվ 145 դպրոցի թիմը, որը լավ տպավորություն էր թողնում:

Մրցաշարի արդյունքներով լավագույն ռմբարկու եւ խաղացող ճանաչված ֆուտբոլիստները պարգեւատրվեցին հատուկ մրցանակներով, իսկ մասնակից դպրոցների տնօրեններն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները պարգեւատրվեցին ՀՖՖ դիպլոմներով: Թիվ 129 դպրոցի թիմին հանձնվեց «Երկրպագուների համակրանք» մրցանակը, իսկ թիվ 149 դպրոցի թիմն արժանացավ «Հաղթանակի կամքի համար» մրցանակին: Հարկ է նշել, որ հանդիպումները սպասարկեցին դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները: Լավագույն մրցավար ճանաչվեց թիվ 37 դպրոցի ուսուցիչ Ալեն Նազարյանը: Իրենց հմուտ գործողություններով աչքի ընկան նաեւ Լաուրա Սարգսյանը (թիվ 36), Վալենտինա Եսայանը (թիվ 132) եւ Արմինե Այվազյանը (թիվ 129):

Անշուշտ նման մրցաշարերի անցկացումը նպաստում է ֆուտզալի հետագա մասսայականացմանը: Նմանատիպ մրցաշար անցկացնելու ցանկություն են հայտնել արդեն Դավիթաշենի համայնքում: Ֆեդերացիայի ֆուտզալի բաժանմունքը պատրաստ է օժանդակել նաեւ այդ համայնքին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4