Լեռնային Ղարաբաղի սահմանադրական հանրաքվեի ընդունումը չի տապալի բանակցային գործընթացը: Եթե Ադրբեջանը ցանկանա դուրս գալ գործընթացից, միշտ էլ առիթ կգտնի, բայց նա չի սառեցնի գործընթացը, քանի որ Ալիեւը չգիտի հաջորդ քայլը, հակառակ պարագայում դուրս կգար բանակցային գործընթացից: Երեկ այս կարծիքը հայտնեց Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության անդամ Հովհաննես Իգիթյանըՙ պատասխանելով «Ազգ»-ի հարցին, թե արդյոք հանրաքվեից հետո միջազգային կառույցների հայտարարությունները կարո՞ղ են նշանակել, որ սահմանադրական հանրաքվեի ընդունումը կխոչընդոտի ԼՂՀ հակամարտության խնդրի կարգավորման հետագա բանակցություններին: Նույն հարցին համալսարանի տնտեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսան Մանասյանն այսպես արձագանքեց. «Ադրբեջանական կողմը կարծում էր, թե հանրաքվեն պետք է ամբողջ Ադրբեջանում անցկացվեր: Իսկ Իլհամ Ալիեւին ԼՂՀ ժողովուրդը լիազորել է ԼՂՀ հարցով զբաղվել»:
Երկրի հիմնական օրենքի ընդունումը Լեռնային Ղարաբաղում Մանասյանը գնահատեց որպես պատմական իրադարձությունՙ նշելով, որ դիվանագիտական իմաստով դա ամենաճիշտ ուղին էր: Ինչ վերաբերում է ժողովրդի այդպիսի ակտիվ մասնակցությանը սահմանադրական հանրաքվեին, Ալեքսան Մանասյանի համոզմամբ, դա վկայում է հանրաքվեի համաժողովրդական ընդունելություն գտնելու մասին: Միջազգային կառույցների հայտարարություններից չմտահոգվելովՙ Մանասյանը հիշեցրեց 1992 թ. ԵԱՀԿ-ի այն բանաձեւը, որով Մինսկի խումբը պետք է գործ ունենար ընտրված իշխանությունների հետ: Այնպես որ հանրաքվեի անցկացումը, նրա խոսքով, նորմալ է:
Արձանագրելով, որ ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի ընդունումը ոչ թե Հայաստանի, այլ Ղարաբաղի քայլն էՙ ՀՀՇ վարչության անդամը սահմանադրության տեքստը շատ լավը եւ միջազգային առաջադիմական չափանիշներին համապատասխան համարեց: Վարչության անդամ Իգիթյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները չպետք է պատասխանեին միջազգային կառույցների հայտարարություններին, քանի որ Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը դա արդեն արել էր: Նա նախագահ Քոչարյանի մամլո քարտուղարի պատասխան հայտարարությունները համարեց ոչ այնքան դիվանագիտական: Իսկ միջազգային կառույցների բացասական արձագանքի համար Հովհաննես Իգիթյանը մեղադրեց Հայաստանի իշխանություններին, քանի որ բանակցային գործընթացում որպես կողմ Հայաստանն է ներգրավված եղել:
«Եթե Հայաստանը բանակցային գործընթացի մասնակից է եւ չպատասխաներ հայտարարություններին, արդյոք դա հակասական չէ՞ր լինի» հարցին պատասխանելիս Հովհաննես Իգիթյանն ասաց, որ պետք էր հայտարարություններին պատասխանել միջազգային կառույցների հետ հանդիպման ժամանակ, երբ իրենք նման հայտարարություններ էին անում: «Այսինքն կարելի՞ է եզրակացնել, որ մեր դիվանագիտությունը զգացմունքային է», «Ազգ»-ի հարցին Իգիթյանը պատասխանեց. «Կարելի է եզրակացնել, որ ԼՂՀ-ն դարձավ Հայաստանի սխալ դիվանագիտության պատանդ»: ՀՀՇ վարչության անդամի համոզմամբ, Հայաստանի լավագույն արձագանքը ավելի ժողովրդավար լինելն էՙ միջազգային հանրությանն ապացուցելու համար, որ Ղարաբաղի համար ավելի լավ է Հայաստանի հետ լինելը: Որպես Ադրբեջանի ժողովրդավար երեւալու հնարք Իգիթյանը մատնանշեց ԼՂՀ հանրաքվեից մեկ օր առաջ ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը բացելու հանգամանքը:
Բանախոսներն անդրադարձան նաեւ բանակցային գործընթացին: Ալեքսան Մանասյանն առհասարակ դեմ արտահայտվեց բանակցային գործընթաց ասվածինՙ նշելով, որ նախագահների հանդիպումները բանակցություններ չեն, այլ երկկողմ բանակցային գործընթացը վերսկսելու նախապատրաստություն: Իսկ Իգիթյանի գնահատմամբՙ բանակցային գործընթացը դարձել է նախագահների անպտուղ հանդիպումների շարան:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ