Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը այս տարվա նոյեմբերի 22-ին իր գնահատականն է տվել Հայաստանի վերաբերյալ, որին երեկ անդրադարձավ Հայաստանում հիմնադրամի ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Մինչ այդ նա ներկայացրեց Հայաստանի տնտեսական իրավիճակը:
ԱՄՀ ներկայացուցիչն ընդգծեց, որ վերջին 5 տարիներին Հայաստանի տնտեսությունը դրական զարգացումներ է ունեցելՙ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) միջին տարեկան աճը կազմել է 12 տոկոս, գնաճը 3 տոկոս, 1 շնչին ընկնող եկամուտը եռապատկվել: 2006 թ.-ին 9 ամիսներին իրական ՀՆԱ աճը կազմել է 11 տոկոս, գնաճըՙ 6 տոկոսՙ սննդամթերքի եւ էներգակիրների գների թանկացման պատճառով: Ակնկալվում է, որ միջին տարեկան գնաճը կմնա 3 տոկոսի սահմաններում, իսկ այս տարվա գնաճը կկազմի 5 տոկոս: Նույն ժամանակահատվածում հայկական դրամը դոլարի նկատմամբ արժեւորվել է 15 տոկոսով:
Հարկային եկամուտներն այս տարի աճել են 19 տոկոսով, դեֆիցիտը ցածր է բյուջեով ծրագրված 2,8 տոկոսից: Այս տարվա առաջին 9 ամիսներին ավանդների դոլարացումը նվազել էՙ 70 տոկոսից հասնելով մինչեւ 55 տոկոսի: Սպասվում է, որ արտաքին առեւտրի բացասական տարբերությունը կավելանա պայմանավորված ադամանդների արտահանման նվազմամբ եւ ներմուծման աճով: Սակայն ընդհանուր առմամբ վճարային հաշվեկշիռը կբարելավվի շնորհիվ արտարժույթի ներհոսքի եւ համախառն միջազգային պահուստների աճի:
Ինչ վերաբերում է Հայաստանին տրված ԱՄՀ տնօրենների խորհրդի գնահատականին, ապա այն մի կողմից իր գոհունակությունն էր հայտնում արձանագրված արդյունքների եւ տարվող քաղաքականության նկատմամբ, մյուս կողմից ընդգծում այն ոլորտները, որտեղ բացասական միտումները շարունակվում են: Այսպեսՙ Հայաստանի իշխանությունների իրականացրած դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունները նշվում է որպես հեռատես, ապա ընդգծվում, որ բարեփոխումները հնարավորություն տվեցին հաջողությամբ իրականացնել Աղքատության կրճատման եւ տնտեսական առաջընթացի (ԱԿՏԱ) վարկային ծրագիրը: Միաժամանակ առաջիկայի համար որպես հիմնական խնդիր շեշտվում է մեծածավալ կապիտալ ներհոսքի ազդեցության չեզոքացումը եւ հարկային եկամուտների ավելացումը:
Տնօրենների խորհուրդը ողջունում է Հայաստանի Կենտրոնական բանկի «շրջահայաց դրամավարկային քաղաքականությունը»ՙ միտված գների կայունության պահպանմանը, բայց գնաճի ծրագրային ցուցանիշների բարձրացման առնչությամբ կարծիք հայտնում, որ այստեղ հարկ է «խուսափել հաճախակի փոփոխություններից»: Դրամի արժեւորման առումով դրական է գնահատվել ԿԲ միջամտությունները խիստ տատանումները հարթելու նպատակով եւ նշվել է, որ ներկայումս չկան դրամի գերարժեւորված լինելու հստակ ապացույցներ: Ինչպես հայտնեց Նինկե Օմեսը ԱՄՀ տնօրենների խորհուրդը ընդգծում է, որ այս դեպքում մրցունակությանը սպառնացող վտանգներին դիմակայելու լավագույն ճանապարհը արտադրողականության աճին նպաստելն է, գործարար միջավայրի բարելավումը, մրցակցության խթանումը, որոնք կարող են բերել նաեւ արտահանման բազմազանության:
Հարկային քաղաքականության վերաբերյալ տնօրենները նշել են, որ այստեղ առաջընթացը թույլ կտա կրճատել «մեծ ծավալներ ունեցող ստվերային տնտեսությունը»: Նշվել է, որ ՀՆԱ-հարկեր հարաբերակցությամբ Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանում ամենացածր ցուցանիշ ունեցող երկրներից մեկը: Այստեղ առաջարկվում է վերացնել հարկային արտոնությունները արտաքին ներդնողների համար, ընդլայնել շինարարության հարկումը եւ հարկային մարմինների իրավասությունները գործարքների եւ հարկատուների ստուգման հարցում: Այս առնչությամբ «Ազգի» տված այն հարցին, թե որտե՞ղ է ԱՄՀ-ն նկատել ՀՆԱ-հարկեր ցուցանիշի զգալի բարելավում, ինչպես նշված է տնօրենների խորհրդի գնահատականում, այն դեպքում, երբ 2005 թ.-ի ցուցանիշը նույնն է եղել, ինչ 2002 թ.-ին, Նինկե Օմեսը պատասխանեց, որ եկող տարի հարկերն ավելի են աճելու, քան ՀՆԱ-ն: Ըստ նրա, անցյալ տարի այս ցուցանիշը կազմել է 14,1 տոկոս, այս տարի կկազմի 14,7 տոկոս, իսկ եկող տարիՙ 15,1 տոկոս: Սակայն ԱՄՀ ներկայացուցիչը նշեց, որ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով նախատեսվում էր, որ այս ցուցանիշը այս տարի պետք է կազմեր 16,2 տոկոս, ինչը իրականում ավելի ցածր է եղել: Հետեւաբար տարօրինակ է թվում ԱՄՀ կողմից այստեղ զգալի առաջընթաց տեսնելը:
Գազի սուբսիդավորման վերաբերյալ ԱՄՀ-ն առաջարկում է մինչեւ 2008 թ.-ը աստիճանաբար դադարեցնել այն: Սա Նինկե Օմեսը բացատրեց երկու կարեւոր հանգամանքով: Առաջին, որ «Գազպրոմի» հետ գործարքը բավարար չափով թափանցիկ չէ, քանի որ այն արտացոլված չէ պետական բյուջեով եւ կառավարվում է պաշտպանության նախարարության կողմից: Եվ երկրորդ, որ սուբսիդավորումից աղքատներն «այնքան էլ լավ չեն օգտվում», այսինքնՙ այն անարդյունավետ է:
Եկող տարվա համար Հայաստանին առաջադրված պայմանների թվում Նինկե Օմեսը հիշատակեց մի շարք օրենքների ընդունման անհրաժեշտությունը, կապված ոչ առեւտրային պետական կազմակերպությունների կարգավիճակի հստակեցման, բանկային գաղտնիքի, ապահովագրության ոլորտների հետ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ