Տարին ամփոփում է ՀՊՄՀ-ն
Նոյեմբերի 27-ին Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքում կայացած «Եվրոպական կրթություն-2006. եվրոպական փորձի ինտեգրում» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ հանձնաժողովի որոշմամբ Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Արտուշ Ղուկասյանին շնորհվել է Վիկտորիա թագուհու անվան միջազգային մրցանակ: Գիտաժողովում համալսարանի ռեկտորը հանդես է եկել եվրոպական կրթական համակարգի ինտեգրմանն ու բարձրագույն կրթական համակարգի ներկա խնդիրներին նվիրված զեկուցմամբ: Ի դեպ, եվրոպական երկրների ռեկտորների միության կազմակերպած օքսֆորդյան այս հանդիպումը երկրորդն էր. առաջինը կայացել է այս տարվա մայիսին Բարսելոնում, որտեղ կրթության բնագավառում ներդրում ունենալու համար ռեկտորը պարգեւատրվել էր Սոկրատեսի անվան մրցանակով:
Վերջին մրցանակի առիթով հանդիպելով ռեկտորի հետ զրուցեցինք ոչ միայն բուհի միջազգային կապերի, մրցանակների, այլեւ անցնող տարում կատարված աշխատանքների եւ խնդիրների մասին:
«Այս անգամ (նկատի ունի Օքսֆորդի գիտաժողովը- Գ. Գ.) ավելի ընդլայնված նիստ էր, ներկայացրի մեր բուհն ու կատարված աշխատանքները: Այնպես որ Վիկտորիա թագուհու մրցանակը միայն իմը չէ, այլ բուհինն է», ասաց ռեկտորը` միաժամանակ հայտնելով, որ մանկավարժական համալսարանը դարձել է եվրոպական համալսարանների միության, իսկ ինքը` եվրոպական ռեկտորների խորհրդի անդամ: «Սա արդեն լրացուցիչ պարտականություն է` ներկայացնելու ոչ միայն մեր բուհը, այլեւ հայաստանյան բուհերը», նշեց Արտուշ Ղուկասյանը:
Շատ երկրների հետ միջազգային համագործակցության տարբեր ծրագրեր եւ պայմանագրեր ունեցող մանկավարժական համալսարանը վերջին տարիներին հատկապես ընդլայնել է միջազգային կապերը, իսկ Վիկտորիա թագուհու անվան պատվավոր մրցանակը ռեկտոր Ղուկասյանի ստացած միակ պարգեւը չէ. նոյեմբեր ամիսը մանկավարժական համալսարանի ռեկտորի համար հատկապես մրցանակաշատ էր: Նոյեմբերի 16-17-ը Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան մանկավարժական համալսարանում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է միջազգային գիտաժողով` «Բոլոնյան գործընթաց. կրթական ծրագրերի որակը արդի փուլում» թեմայով, որին ՌԴ-ի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Մոնղոլիայի, Վրաստանի, մերձբալթյան երկրների ներկայացուցիչների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ղեկավարների հետ մասնակցել է նաեւ մեր մանկավարժական համալսարանի ռեկտորը: Միջազգային համագործակցության այս տարվա մեկ այլ հանգրվանը եղել է նոյեմբերի 20-22-ը Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքում, որտեղ ՀՊՄՀ ռեկտորը մասնակցել է «Հինգերորդ տարածաշրջան» հելսինկյան եվրոպական ֆորումին: Ռեկտորի ներկայացմամբ, հիշյալ ֆորումին ներկայացվում են պետությունների գլոբալ խնդիրներն ու մասնակից երկրների քաղաքականությունը կրթության եւ գիտության ասպարեզում: Միջազգային տարատեսակ հանդիպումներից զատ ռեկտորը խոսեց նաեւ բուհի միջազգային կապերի եւ համագործակցային ծրագրերի մասին: Մանկավարժական համալսարանը փոխանակման ծրագրերի, համատեղ գիտական եւ մեթոդական աշխատանքների եւ տարատեսակ պայմանագրերի շրջանակներում համագործակցում է Շվեդիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Ամստերդամի, Բուլղարիայի եւ այլ երկրների ավելի քան 12 բուհերի հետ: Ռեկտորի խոսքով, Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի հետ ունեցած համագործակցության պայմանագրի շրջանակներում կողմերը բավական գիտական եւ մեթոդական աշխատանքներ են իրականացրել, որոնք այժմ խմբագրման եւ տպագրման ընթացքում են: Բուլղարիայի համալսարաններից մեկի հետ ունեցած պայմանագրի արդյունքում այժմ համալսարանում հայագիտական կրթություն է ստանում մեկ ուսանող: Արտուշ Ղուկասյանը նշեց, որ նրանց նման ուսանողների քանակի ավելացումը կապված է ֆինանսական խնդիրների հետ: Սփյուռքյան կրթական կառույցների հետ իրականացվող ծրագրերի շնորհիվ մանկավարժական համալսարանը կարողանում է տարին երկու անգամ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր իրականացնել:
Ոչ ուսումնական, բայց անցնող տարին ամփոփելիս ռեկտորը գոհունակությամբ նշեց, որ բուհը համալրել է նախատեսված բոլոր վճարովի եւ անվճար տեղերը` ընդունելություն ունենալով 44 մասնագիտացումների գծով` առկա եւ հեռակա ուսուցման համակարգերում: Համալսարանը ընդունելություն է կատարել նաեւ հետբուհական ուսուցման համակարգում` 102 հայցորդ, համալրվել են նաեւ ասպիրանտական ուսուցման տեղերը` բացի վճարովիից: Բացի այդ, ավելացել եւ յուրաքանչյուր տարի ավելանում է մանկավարժական համալսարան դիմողների թիվը` այժմ մոտ 11 հազար է: Ռեկտորը սա մեկնաբանում է կառավարության մոտեցմամբ, որը հատուկ ուշադրություն է դարձնում դպրոցներին եւ ուսուցիչներին. «Բուհն ընդառաջում է մանկավարժներին, այժմ բուհում սովորում են դպրոցում աշխատող ուսուցիչներ, որոնց դպրոցի բարեփոխումները բերեցին այստեղ` երկրորդ կրթություն ստանալու համար: Այս տարի 148 ուսուցչի ենք ընդունել, իսկ նրանց ամբողջ թիվը համալսարանում կազմում է մոտ 2 հազար: Սա մեծ պատասխանատվություն է ե՛ւ դպրոցի, ե՛ւ բուհի համար»:
Ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հետ զրույցում աննկատ չմնացին նաեւ բուհի խնդիրները: Դրանց շարքում ռեկտորն առանձնացրեց համալսարանի աշխատողների սոցիալական վիճակի բարելավումը, աշխատավարձերի վերանայումը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ