Գիտությունների ազգային ակադեմիայի 4 բաժանմունքներումՙ մաթեմատիկայի, մեխանիկայի եւ ինֆորմատիկայի, ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի, բնական գիտությունների, հայագիտության եւ հասարակական գիտությունների, այսօր տեղի կունենան ակադեմիայի թղթակից անդամների ընտրությունները:
Ենթադրվում է, որ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքում սուր պայքար կլինի գրականագիտության թղթակից անդամի համար: Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը կարծում է, որ առաջադրված բոլոր թեկնածուները լավագույններն են: Որոշ մասնագիտությունների համար 1 թեկնածուի առկայությունը նա բացատրում է այն հանգամանքով, որ մյուսները հրաժարվել են իրենց թեկնածությունիցՙ միակ թեկնածուին ավելի արժանավոր համարելով...
Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, տեղի են ունեցել նաեւ հակառակ երեւույթներ, այսինքնՙ գիտխորհրդում միաձայն ընտրված թեկնածուն իր տեղը զիջել է մեկ ուրիշի: Հարկադրաբար է նա գնացել այդ քայլին, թե հորդորանքով, այդ մասին չի բարձրաձայնվում բոլորիս հայտնի պատճառովՙ ոչ ավելորդ գլխացավանքի մեջ ընկնելու ժամանակ կա, ոչ էլՙ ցանկություն ու տրամադրություն:
Ասվածն օդում չթողնելու համար ասենք, որ մեր ունեցած տեղեկություններով, Երեւանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանն իր թեկնածությունը հանել է հօգուտ լրագրության ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանի: Գրականագիտություն մասնագիտության համար հատկացված է թղթակից անդամի 1 տեղ, որի համար առաջադրվել են 6 թեկնածուներՙ Գառնիկ Անանյանը, Զավեն Ավետիսյանը, Ազատ Եղիազարյանը, Հրաչյա Թամրազյանը, Ալբերտ Մուշեղյանը եւ Վերժինե Սվազլյանը: Ակնկալվում է, որ ամենասուր պայքարը հենց այս տեղի համար է լինելու:
Նույն թվով թեկնածուներ են առաջադրվել նաեւ պատմություն մասնագիտության համարՙ Լավրենտի Բարսեղյան, Գրիգոր Գրիգորյան, Վարդան Գրիգորյան, Ալբերտ Խառատյան, Բաբկեն Հարությունյան, Արամ Սիմոնյան, սակայն 2 տեղի համար: Պատմությանը հատկացված է եւս 1 տեղՙ տարիքային սահմանափակմամբ (մինչեւ 50 տարեկան), որի միակ թեկնածուն ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն է: Նույն սկզբունքով, 1 տեղի համար միակն է նաեւ կրթության ու գիտության փոխնախարար Արա Ավետիսյանըՙ մեխանիկա մասնագիտության համար: Ձայների անհրաժեշտ քանակ չստանալու դեպքում, սակայն, տվյալ թեկնածուն իր տեղը կորցնում է:
Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքում 1 տեղի համար 1 թեկնածու է առաջադրվել հնագիտություն (ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի նախկին տնօրեն Արամ Քալանթարյան), ազգագրությունՙ (պատմ. գիտ. թեկնածու Լեւոն Աբրահամյան), սոցիոլոգիա (ԳԱԱ փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյան) մասնագիտությունների համար:
Լեզվաբանության թղթակից անդամի համար ներկայացված են Լեւոն Եզեկյանի, Սուրեն Զոլյանի, Վազգեն Համբարձումյանի, Լավրենտի Հովհաննիսյանի, Վաղարշակ Մադոյանի, Արտեմ Սարգսյանի թեկնածությունները:
Հայագիտության մասին խոսելիս Վլադիմիր Բարխուդարյանը նորից ասաց, որ վիճակը շատ վատ է, իսկ լավացման հույսերը կապված են վարչապետին կից ստեղծված հանձնաժողովի հետ, որը գլխավորում է գիտության ու կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը: Անցած տարի իրենք ներկայացրել են հայագիտության զարգացման հայեցակարգ, սակայն դեռ չի հաստատվել: Մինչեւ դեկտեմբերի 20-ը հանձնաժողովում ընդգրկված հայագետները կհավաքվեն վարչապետի մոտ ու կորոշեն, թե ի վերջո ի՞նչ զարգացում պիտի ունենա հայագիտությունը:
Բարխուդարյանը համոզված է, որ թղթակից անդամների ընտրությունները կանցնեն արդար ու կընտրվեն լավագույնները: Բայց որքան էլ ակադեմիայի նախագահության անդամները խոսեն արժանի թեկնածուների եւ արդար ընտրությունների մասին, դեռեւս Վիկտոր Համբարձումյանի ժամանակներից ի վեր մեր ակադեմիայում հարցերը քննարկվում են ընտրություններին նախորդող թեյախմության ժամանակ: Ակադեմիայի նախագահն առանձին-առանձին իր մոտ է հրավիրում նախագահության անդամներին, հարց ու փորձ անում, խորհուրդ տալիս ու առնում: Մի խոսքով, ամեն ինչ, ըստ կարգվույն:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ