«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2006-12-13 | #239, 2006-12-14 | #240, 2006-12-15


ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՄԱՔԱՅԼ Է ԸՆԹԱՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

Եվրոխորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի դեկտեմբերի 11-ի հայտարարության կապակցությամբ ԼՂՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» պատգամավորական խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Չցանկանալով բանավեճի մեջ մտնել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ, ստիպված ենք, այնուամենայնիվ, նկատել, որ սահմանադրական հանրաքվեն Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման նախաձեռնություն չէ եւ չի կանխորոշել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի ելքը, այլ ամփոփել է մեր անկախ պետականության 15-ամյա փորձը եւ նախանշել նորՙ ավելի ազատական եւ ժողովրդավարական նպատակներ, որոնք, համոզված ենք, լիովին ներգրվում են միջազգային հանրության ձգտումներին»:

Զարմանք հայտնելով, որ ԵԽ գլխավոր քարտուղարն ընդունելով հանդերձ մարդու իրավունքների վրա հիմնված քայլերի արդարացված լինելը, այնուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի համար նման հնարավորություն տեսնում է միայն ապագայում, ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցությունը գտնում է, որ 15 տարի փաստացի գոյություն ունեցող, պարտադրված պատերազմի փորձություններով անցած եւ զարգացման ժողովրդավարական ուղի ընտրած հանրապետության 150 000 քաղաքացիներն իրենց իրավունքներն ու ազատությունները պաշտպանված տեսնելու, պետական կառավարման համակարգն ավելի ազատականացնելու, քաղաքացիական վերահսկողության լծակներ ունենալու խնդիրների լուծումը չեն կարող թողնել անորոշ ապագային, քանի որ կյանքը հրամայաբար պահանջում է համաքայլ լինել ժամանակակից աշխարհի հետ:

Հայտարարության մեջ ցավ է հայտնվում, որ Թ. Դեւիսը կարծես թե ԼՂՀ ժողովրդին դեպի ամբողջատիրության կամ ամենաթողության քաոսի մղելու ցանկություն ունի, ինչը ոչ միայն չի պատշաճում ԵԽ արժեքային համակարգին, այլեւ կարող է խախտել տարածաշրջանի կայունությունը: Հույս հայտնելով, որ ԵԽ գլխավոր քարտուղարի բարձր պաշտոնում Թ. Դեւիսը նման անշնորհակալ առաքելություն չի ստանձնել, վերոհիշյալ հայտարարության հեղինակները հարկ են համարում նկատել տալ, որ ավելի վաղ նա անձամբ Ադրբեջանին կոչ էր արել շփումներ հաստատել ղարաբաղյան կողմի հետ, ինչը պաշտոնական Բաքվի կողմից այդպես էլ ուշադրության չի առնվել:

Եվրոպական միջազգային կառույցների արձագանքների կապակցությամբ իր տարակուսանքն է հայտնել նաեւ ԼՂՀ արտգործնախարարությունը: Այդ առթիվ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ դրանով իսկ փորձ է արվում կասկածի տակ դնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդիՙ իրավական հարթությունում գտնվելու հնարավորության փաստը:

ԼՂՀ արտգործնախարարությունը միեւնույն ժամանակ համոզմունք է հայտնում, որ սահմանադրության ընդունումը չի կարող միջազգային միջնորդների համար խոչընդոտ դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս համատեքստում ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստում է, որ Ադրբեջանիՙ 1995 թվականին ընդունված եւ 2002 թվականին փոփոխված սահմանադրությունը հենց նպատակամղված էր բանակցություններին հարված հասցնելուն, սակայն չգիտես ինչուՙ եվրոկառույցները այս առթիվ չեն քննադատել Ադրբեջանին: Այն փաստը, որ միջազգային հանրությունը ճանաչել է 1991 թ. Ադրբեջանի անկախության հանրաքվեն, իսկ ԼՂՀ անկախության հանրաքվենՙ ոչ, վկայում է , որ դրանով իսկ խրախուսվել են Ադրբեջանի հավակնությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ինչն էլ հենց պատճառ է դարձել ԼՂՀ-ի դեմ ագրեսիա իրականացնելու, նշվում է ԼՂՀ արտգործնախարարության հայտարարության մեջ:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4