ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մենք Ժիրայր Սեֆիլյանի մասին պատմող մեր նախորդ տեղեկատվական նյութերից մեկն անվանել էինք «Սեֆիլյանի հետ կատարվածի ենթատեքստը տանում է դեպի մեծ քաղաքականություն»: Վերնագիրը բացելու ժամանակ չէր եղելՙ հիմա բացում ենք: «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության քարտուղար Արմեն Աղայանը լրագրողներին պատմում էր, թե անցած նախագահական ընտրություններին, երբ իրենց ներկայացուցիչը ընտրատեղամասերից մեկում անաչառ հետեւել է ընտրությունների ընթացքին, պայքարել ընտրակեղծիքների դեմ, չի ծախվել, ինչպես ուրիշ ընդդիմադիր հանձնաժողովականներ, այդ ընտրատեղամասում հաղթել է ընդդիմադիր նախագահական թեկնածուն: Այս շարքային պատմության մեջ, որքան էլ տարօրինակ թվա, կարող է թաքնված լինել այն շարժիչը, որը միացրել է այսօր իշխանությունը` կալանելով Ժիրայր Սեֆիլյանին եւ վախեցնելով նրա կողմնակիցներին: Իսկապես էլ. ամեն ինչ հանդարտ ու սիրուն է ընտրություններից առաջ, ամեն ինչ` պարզ ու հասկանալի: Խաղի կանոնները վաղուց հաստատված ու հղկված են, բոլորն ընդունել են այդ կանոնները: Ընդդիմությունն ընդդիմություն է անում, իշխանական կուսակցությունները տալիս-առնում են, եւ հազիվ թե ընտրություններից առաջ որեւէ ցնցող փոխատեղում լինի: Այսինքն` բոլորն ընդունել են վաղուց, էն գլխից գծված խաղի կանոնները, տեղավորվում են այդ գծածի մեջ, ու ոտքերը մի թիզ անգամ դրանից դուրս չեն դնում: Համենայնդեպս` բոլոր ընտրություններից հետո այդպիսի տպավորություն է:
Բայց Սեֆիլյանը ինչ-որ նոր, նախապես գծվածի մեջ չտեղավորվող կառույցներ էր փորձում ստեղծել, նրա կողմնակիցները խոսում են արդար ընտրություններից ու չծախվելուց, սա ոչ մեկի, հատկապես իշխանության պլանների մեջ չի մտնում: Մեր իշխանությանը ձեռք է տալիս այս կանխատեսելի ընդդիմությունը, որն աղմկում է, գոլորշի բաց թողնում եւ լռում, աղմկում է, գոլորշի բաց թողնում... ու վերջ: Իսկ այս` Սեֆիլյանի ձեւավորած շարժումը, որ ազատագրված տարածքներից ոչ մի թիզ չհանձնելու, ազգային գաղափարախոսությունն ու ազգային շահը չանտեսելու, հիմնադրամ ստեղծելով` ազատագրված տարածքների խնդիրները լուծելու նպատակներ էր դրել, եւ որի հետեւորդներն անկասկած լինելու էին գործող ընդդիմությունից մի քանի անգամ հիասթափվածները, կանգնեցնել չէր լինի: Ահա եւ հապճեպ կայացրած որոշումըՙ Սեֆիլյանին վերցնել հենց հիմա, Նոր տարուց առաջ, մի երկու-երեք ամիս կոտրել նրա կառույցների թափը, որից հետո նա հազիվ թե հասցնի ընտրական շարժընթացին միանալ: Մի խոսքովՙ հավանաբար Սեֆիլյանը եւ նրա կողմնակիցները եկել-հասել էին երրորդ ուժ դառնալու գաղափարին, իրական երրորդ ուժ, որն այդպես էլ Հայաստանի քաղաքական դաշտի ոչ մի խաղացող չկարողացավ ձեւավորել: Ու այդ երրորդ ուժը լրջորեն էր տրամադրված, նրա առաջ քաշած լուրջ նպատակներն անպայման հետեւորդներ էին ունենալու, մանավանդ որ մյուս ընդդիմադիրների «հաստատակամությունը» ժողովուրդը մի քանի անգամ տեսել էր: Սա իսկապես կարող էր լուրջ մրցակից դառնալ իշխանության, հատկապես այն թեւերի համար, ով նախագահական թեկնածու ունի արդեն: Իսկ դա բուն նախընտրական ժամանակ չէր կարելի թույլ տալ. հայտնի է, այն ուժը, որ մեծամասնություն կունենա այս խորհրդարանական ընտրություններին, նա էլ նախագահի թեկնածու է առաջադրելու:
Ո՞վ թույլ կտա այս «պատասխանատու» ընդդիմությանը գծվածից դուրս գալ: Իսկ Սեֆիլյանը չէր ուզում ենթարկվել խաղի հաստատված կանոններին: Ահա եւ ոմանց ուղեղներում ծնվեց Սեֆիլյանի կալանումը` որպես խաղի կանոններին սպառնացող վտանգ: Սակայն դա արվել է բավական փնթի եւ այնպիսի մարտավարական սխալներով, որ երկու-երեք լավ փաստաբանը կկարողանան շատ համոզիչ ցույց տալ այդ սխալները: