«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2006-12-13 | #239, 2006-12-14 | #240, 2006-12-15


ՋՐԻ ՍԱԿԱԳԻՆՆ ԱՅԺՄ ՆՊԱՍՏԱՎՈՐ Է ՆՎԱԶՄԱՆ ՀԱՄԱՐ

Կարծիք հայտնեց «Երեւան ջրի» գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը

«Երեւան ջրի» գլխավոր տնօրենը, երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կազդի ջրի սակագնի վրա դրամի արժեւորումը, պատասխանեց, որ համաձայն պայմանագրի, յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ին նախատեսված է սակագների վերանայում: Նա նշեց, որ ներկայումս, դրամի արժեւորման պարագայում, որոշ ծախսեր ընկերության համար ավելի էժան են, բայց սակագնի վրա ազդեցություն ունի ոչ միայն փոխարժեքը, այլեւ գնաճն ու էլեկտրաէներգիայի սակագինը: «Այժմ սակագինը կարծես թե ի նպաստ նվազման է», նշեց Սերժ Պոպոֆֆը:

Մինչ այդ ընկերության գլխավոր տնօրենը ներկայացրեց 2006 թ.-ի 6 ամիսների իրականացրած աշխատանքներն ու 2007 թ.-ի անելիքները: Այս տարվա հունիսի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում շարունակվել են ջրամատակարարման բարելավման միջոցառումները, որոնք նկատելի են եղել Քանաքեռ-Զեյթունում: Այստեղ օրական 3 ժամից ջրամատակարարումն ավելացել է մինչեւ 9 ժամի: Երեւանի տարբեր հատվածներում տեղադրվել են 65 ճնշաչափեր (լոգգերներ), որոնք հնարավորություն են տալիս հստակ եւ օբյեկտիվ սահմանել Երեւանում ջրամատակարարման շարունակականությունը: Համաձայն այդ տվյալների, ներկայումս մայրաքաղաքի 79 տոկոսն ունի շուրջօրյա ջրամատակարարում:

2006 թ.-ին շարունակվել են ապօրինի միացումների դեմ միջոցառումները: Եթե 2005 թ.-ի նույն ժամանակահատվածում հայտնաբերվել էր 140 այդպիսի միացումներ, ապա այս տարի ավելի քան 1200-ը: Այս առթիվ «Ազգը» հետեւյալ հարցն ուղղեց Սերժ Պոպոֆֆին. «Ապօրինի միացումները հայտնաբերելիս ընկերության աշխատակիցները հանդիպո՞ւմ են դիմադրության կամ նմանատիպ այլ դժվարությունների»: Պատասխանելով հարցին, գլխավոր տնօրենը հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերի 15-ից մինչեւ նոյեմբերի 15-ը ընկերությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նրանք, ովքեր կօրինականացնեն իրենց ապօրինի միացումները, կազատվեն տուգանքներից: Այդ ժամկետն արդեն ավարտված է: Ինչ վերաբերում է ապօրինի միացումների հայտնաբերման ժամանակ առաջացող դիմադրությանը, ապա Սերժ Պոպոֆֆը հայտնեց, որ որոշ միացումների հետ կապված կան դժվարություններ, բայց ինքը թույլ չի տա, որ իր նկատմամբ ճնշում գործադրվի:

Խոսելով 2007 թ.-ի ծրագրերի մասին, գլխավոր տնօրենը նշեց, որ նախատեսվում է ներդնել մեկ ընդհանուր հեռախոսահամար բոլոր հաճախորդների համար: Մասնաճյուղերը կվերակազմակերպվենՙ 9-ի փոխարեն կլինեն 5-ը: Հաճախորդների տեղեկացման համար տարին երկու անգամ կհրատարակվի եւ կտարածվի «Ջրի մասին փոքրիկ թերթը», անձնակազմը կօպտիմալացվի եւ կվերապատրաստվի:

Այս տարի կատարվել են ընդհանուր առմամբ 1,6 մլրդ դրամի ներդրումներ, որոնցով ձեռք են բերվել մեքենաներ, սարքավորումներ, էքսկավատորներ, համակարգիչներ եւ այլ գործիքներ, վերանորոգվել են ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցերը, պոմպերը: Ի դեպ, Սերժ Պոպոֆֆը հայտնեց, որ բոլոր բակային պոմպերը մինչեւ 2008 թ.-ը կփոխարինվեն նոր ավտոմատ միացվող պոմպերով, որոնք չեն վթարվում էլեկտրաէներգիայի բարձր լարման դեպքում:

Ջրի որակի ստուգման նպատակով շաբաթական իրականացվելու են 600 լրացուցիչ ստուգումներ, որին ներգրավված է նաեւ անկախ աուդիտորական կազմակերպություն: Եկող տարվա առաջին կիսամյակում կստեղծվի ջրի որակի ստուգման նոր լաբորատորիա: Նախատեսվում է նաեւ արմատապես վերանորոգել քլորակայանները եւ փոխարինել 22 կմ ջրի խողովակներ:

Հոսակորուստների ցուցանիշի մասին տրված հարցերի կապակցությամբ «Երեւան ջրի» գլխավոր տնօրենը հայտնեց, որ ներկայումս դրանք կազմում են 80 տոկոս: 30 տոկոսը էլեկտրաէներգիայի ծախսերն են: Առեւտրային հոսակորուստները հայտնաբերելու համար ձեռք է բերվում նոր տեխնիկա: Սերժ Պոպոֆֆը նշեց, որ համաձայն Երեւանի ջրամատակարարման համակարգի վարձակալման պայմանագրի, իրենց գործունեության 10-րդ տարում կորուստները ներկայիս 80 տոկոսից պետք է նվազեն, հասնելով 50 տոկոսի:

Տեղեկացվեց նաեւ, որ անցյալ տարի ընկերությունն աշխատել է վնասով: Այն կազմել է 205 մլն դրամ, իսկ ներառյալ ներդրումներըՙ 590 մլն դրամ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4