«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2006-12-13 | #239, 2006-12-14 | #240, 2006-12-15


ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԻՏԱԿԱՆ ՎԱՍՏԱԿԸ ՔԻ՞Չ Է

Ասում են ծանոթությունն ավելի մեծ դեր ունի

Ակադեմիայի թղթակից անդամների երեկվա ընտրությունների մասին բաժանմունքների դռների առջեւ մերթընդմերթ երեւացող ակադեմիկոսներից ու թղթակից անդամներից ոչ բոլորն էին կարծիք հայտնում, մեծ մասը եկել էր պարտականություն կատարելուՙ լուռումունջ նախընտրած թեկնածուին իր ձայնը տալու: Հումանիտար եւ հասարակական գիտությունների բաժանմունքի առավոտից փակ դռները, երբ 16.00-ի մոտ բացվեցին, ազգագրագետ Սարգիս Հարությունյանն ասացՙ «Հիմնականում գոհ եմ, բայց 2-3 հոգի կարող էին թղթակից անդամ լինել, որ չեղան: Գրականագիտությունիցՙ Հրաչյա Թամրազյանը, փիլիսոփայությունիցՙ Հրաչիկ Միրզոյանը: Արժանի թեկնածուներ էին նաեւ Վերժինե Սվազլյանը, Ազատ Եղիազարյանը: Բոլորն էլ արժանի էին, տեղերն էին քիչ»: Գրականագիտությունից ամենից շատ ձայներ հավաքած Գառնիկ Անանյանիՙ հենց առաջին փուլում անցնելու վերաբերյալ նա ժպիտով ասացՙ «Ի՞նչ է եղել որ, ղոջա մարդ է... ահագին էլ գրականություն է ստեղծել....»:

Ակադեմիկոս Արիկ Գրիգորյանը բացահայտորեն արտահայտեց իր դժգոհությունը, սակայն անուններ չնշեց: «Շատ բաներից դժգոհ եմ: Զզվելիորեն ծանր, անհասկանալի զբաղմունք է սա», ասաց նա:

Մինչ մյուս բաժանմունքներում շարունակվում էին ընտրությունները, այստեղ հենց առաջին փուլով ընտրվեցին հետեւյալ թեկնածուները. պատմությունՙ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյան, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյան, գրականագիտությունՙ ԵՊՀ լրագրության ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյան, լեզվաբանություն` Արտեմ Սարգսյան, հնագիտությունՙ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի նախկին տնօրեն Արամ Քալանթարյան, ազգագրությունՙ Լեւոն Աբրահամյան, սոցիոլոգիաՙ Գեւորգ Պողոսյան, իրավագիտությունՙ Գագիկ Ղազինյան, տնտեսագիտությունՙ Յուրի Սուվարյան, Արմեն Դարբինյան, փիլիսոփայություն` Ալեքսանդր Մանասյան, արվեստագիտություն ՙ Մուրադ Հասրաթյան, Հենրիկ Հովհաննիսյան:

«Նորմա՞լ եք համարում Գառնիկ Անանյանի ընտրությունը», լրագրողների հարցին, հայագիտության բաժանմունքի ակադեմիկոս - քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանն ասաց. «Ես իրավունք չունեմ նորմալ կամ աննորմալ համարելու: Մտածում էի, որ նա կարող է ընտրվել: Բայց ավելի շատ ակնակալում էի, որ Ազատ Եղիազարյանը կանցնի: Քվեարկությանը մասնակցած 15 հոգուց 12-ն իր ձայնը տվել է Գառնիկ Անանյանին, 8-ըՙ Ազատ Եղիազարյանին, 11-ըՙ Հրաչյա Թամրազյանին», ասաց նա:

Իսկ հնարավո՞ր է, որ ընտրված թեկնածուները չհաստատվեն ընտրությունների հաջորդ օրը տեղի ունեցող ակադեմիայի ընդհանուր ժողովում:

«Ակադեմիայի ընտրությունների պատմությունը ցույց է տալիս, որ բաժանմունքներում ընտրված թեկնածուները ընդհանուր ժողովում չեն հաստատվել: Անցած ընտրությունների ժամանակ ընդհանուր ժողովում լեզվաբանությունն ու փիլիսոփայությունը կորցրեցին իրենց տեղերը: Անկանխատեսելի բաներ լինում են», ասաց Բարխուդարյանը:

Պաշտպանության նախարարի միջամտության մասին շրջանառվող խոսակցությունները նա համարեց մտացածին, պնդելով, որ ոչ վերին օղակներից, ոչ էլ ակադեմիայի նախագահի կողմից որեւէ թեկնածուի ձայն տալու ցուցում չի տրվել: «Եթե լիներ` արդյունք չէր տա: Նույնիսկ խորհրդային տարիներին իշխանավորների միջամտությունը արդյունք չի տվել, որովհետեւ քվեարկությունը գաղտնի է»:

Մաթեմատիկայի եւ ֆիզիկայի բաժանմունքներից լսվեցին թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքներ: Ակադեմիկոսներ Պարիս Հերունին եւ Ռաֆայել Ղազարյանն ընդհանուր առմամբ էին գոհ, Էդուարդ Ղազարյանը` մասամբ դժգոհ: Իսկ Դավիթ Սեդրակյանի կարծիքով, թղթակից անդամներ, որպես կանոն, ընտրվում են ծանոթությամբ, այլ ոչ թե գիտական վաստակով: «Ակադեմիայի նախագահությունը թեկնածուների ընտրության հետ ոչ մի կապ չունի, ամեն ինչ որոշում են ակադեմիկոսները: Այդպես է նաեւ զարգացած երկրներում, որովհետեւ գիտնականները միանման, նույն մթնոլորտի մարդիկ են: Միջազգային չափանիշներն այս պարագայում ոչ մի կապ չունի, մեր չափանիշները հաճախ ավելի բարձր են», ասաց նա: Թեյախմության մասին խոսակցությունները, նրա ասելով, ընդամենը շղարշ են, որովհետեւ ակադեմիայի նախագահը գործ ունի միայն բաժանմունքների ղեկավարների հետ: Ընտրությունների որակն ամբողջապես կախված է ակադեմիկոսներից, թեկնածուների հանդեպ նրանց բարի դրացիական հարաբերություններից:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գնահատմամբ, ընտրված թեկնածուների 99 տոկոսն արժանավորներ են: Թերեւս կարելի է ենթադրել, թե ովքեր են մտնում այդ 1 տոկոսի մեջ:

Այսօրվա ընդհանուր ժողովում այդ տոկոսը դժվար թե կորցնի իր տեղը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4