Չորս խմբերում ավարտվեց ՈւԵՖԱ-ի գավաթի խմբային մրցաշարը եւ հայտնի դարձան հաջորդ փուլի բոլոր մասնակիցները: Հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը հաջողությամբ լուծեց Ամստերդամի «Այաքսը»: Հոլանդական ակումբը հյուրընկալվելիս 3-0 հաշվով պարտության մատնեց «Վարեգեմին»: Այս խաղին էլ «Այաքսի» կազմում հայտավորված չէր Էդգար Մանուչարյանը: Հայ ֆուտբոլիստին այդպես էլ չի հաջողվում վերջնականապես ապաքինվել վնասվածքներից եւ շատ հազվադեպ է հայտնվում «Այաքսի» հիմնական կազմում: Բացի «Այաքսից», «E» խմբից պայքարը կշարունակեն նաեւ «Էսպանյոլն» ու «Վարեգեմը»: «Էսպանյոլը» 1-0 հաշվով պարտության մատնեց «Աուստրիային»:
Բավական անսպասելի հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց թուրքական «Ֆեներբախչեն»: Սեփական հարկի տակ թուրքերը մինչեւ 64-րդ րոպեն 2 գնդակի տարբերությամբ զիջում էին «Այնտրախտին»: Սակայն վերջին 26 րոպեներին «Ֆեներբախչեին» հաջողվեց փրկել խաղըՙ խփելով 2 գնդակ: Դա հնարավորություն տվեց թուրքերին «H» խմբում զբաղեցնել 3-րդ տեղը եւ «Նյուքասլի» ու «Սելթայի» հետ շարունակել պայքարը: Խմբի մյուս խաղում «Պալերմոն» ոչ-ոքի խաղաց «Սելթայի» հետ (1-1):
«E» խմբում վերջին խաղում հաջորդ փուլի ուղեգիրն իր համար ապահովեց «Ֆեյենոորդը», որը հաղթելով «Վիսլային» (3-1), գրավեց 3-րդ տեղը: «Բլեքբյոռնը» պարտության մատնեց «Նանսիին» (1-0) եւ 10 միավորով դարձավ խմբի առաջատար: Երկու թիմերն էլ կշարունակեն պայքարը:
«G» խմբում ՊՍԺ-ն 4-0 հաշվով ջախջախեց «Պանաթինաիկոսին», իսկ «Հապոել»-«Մլադա» խաղն ավարտվեց ոչ-ոքի (1-1): Պայքարը կշարունակեն «Պանաթինաիկոսը», ՊՍԺ-ն ու «Հապոելը»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ