Արցախի Ժուռնալիստների միությունը եւ Ստեփանակերտի մամուլի ակումբը «Արտիկլ-19» միջազգային կազմակերպության տեղեկատվության մատչելիության ծրագրի շրջանակներում անցկացրել են սոցիոլոգիական հարցում տեղեկատվության մատչելիության թեմայով: Հարցմանն ընդգրկված 37 լրագրողների, որոնք ներկայացնում են 35 (13 արցախյան, 15 հայաստանյան եւ 7 արտասահմանյան) լրատվամիջոցներ, առաջարկվել է պատասխանելՙ ովքե՞ր են, նրանց կարծիքով, ԼՂՀ ամենամատչելի եւ ամենաանմատչելի պաշտոնյաները: Ընդ որումՙ յուրաքանչյուր անվանակարգում նրանք կարող էին թվարկել երկուական անուն:
Լրագրողները մատնանշել են երեք տասնյակից ավելի տարբեր մասշտաբի պաշտոնյաների, որոնցից 21-ը, ըստ հարցման արդյունքների, մատչելի են, 20-ըՙ անմատչելի: Նրանց թվում եղել են անուններ, որոնք թվարկվել են միաժամանակ երկու դասակարգումներում, միեւնույն ժամանակ հարցման որոշ մասնակիցների պատասխաններում, երկուսի փոխարեն, նշվել է մեկ պաշտոնյայի անուն:
Ընդհանրացնելով արդյունքները, սոցհարցման կազմակերպիչներն, ըստ հավաքված միավորների, առանձնացրել են լավագույն եւ վատագույն եռյակներին: Այսպես, միավորների հաշվարկով լավագույն եռյակում են հայտնվել ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը (22), կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանը /8/ եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը (7): Այսպես կոչված վատագույնում, դարձյալ հավաքված միավորների հաշվարկով, նշվել են ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի (15), ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանի (3) եւ արդարադատության նախարար Ռոբերտ Հայրապետյանի (3) անունները:
Կարելի է, իհարկե, չհամաձայնել ներկայացված ցուցանիշներին, որովհետեւ դրանք կազմվել են մասնակից ԶԼՄ-ներում առկա ոչ բոլոր լրագրողների կարծիքների հիման վրա: Ամեն մի լրատվամիջոցից, աննշան բացառությամբ, մասնակցել է մեկ լրագրող, հիմնականում նրանք, ովքեր պարբերաբար լուսաբանում են ԼՂՀ առօրյան: Ընդհանրապես այս սոցհարցումը նպատակ ուներ պարզելու Արցախում պաշտոնյա-լրագրող հարաբերությունների իրական վիճակը, այլ ոչ թե գնահատելու պաշտոնատար անձանց աշխատանքային գործունեությունը, բայց տվյալ պարագայում էլ դարձյալ նկատելի է դառնում այն անջրպետը, որն առկա է ԶԼՄ ներկայացուցիչների եւ որոշ իշխանավորների միջեւ: Համաձայն սոցհարցման արդյունքների, կան մեկից ավելի անգամ նշված եւս վեց անմատչելի պաշտոնյաներ, իսկ ընդհանուր առմամբ 20 անմատչելի պաշտոնյաների առկայությունը Արցախի նման փոքր երկրում արդեն իսկ շոշափելի թիվ է: Ի վերջո, որեւէ պաշտոնյայի լավ կամ վատ աշխատանքի մասին հանրությունն իրազեկվում է առաջին հերթին լրագրողների միջոցով. եւ լրագրողների հետ շփումից խուսափելը նշանակում է խուսափել թափանցիկ աշխատաոճից: Դա նաեւ օրենքի պահանջ է մասնավորապես «Տեղեկատվության ազատության մասին» ԼՂՀ օրենքի, որի անվերապահ կիրարկումը հավասարապես բոլորիս պարտականությունն է:
Մխիթարական է, որ մատչելի պաշտոնյաներն Արցախում ավելի շատ են: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին, օրինակ, լավագույնների մեջ կարելի է տեսնել, որովհետեւ խորհրդարանի խոսնակին այդպիսին են գնահատել 6 լրագրողներ, իսկ ընդհանուր առմամբ 7 պաշտոնատար անձինք մեկից ավելի դրական «ձայն են հավաքել»:
Սոցիոլոգիական հարցումները սովորաբար կոչված են ներկայացնելու սոսկ իրավիճակի ուրվապատկերը, եւ տվյալ դեպքում հակված չենք մտահանգելու, թե խոսքի ազատությունն այս առումով Արցախում վտանգված է: Խնդիրը լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ առավել բաց վերաբերմունք դրսեւորելու մեջ է, մանավանդ որ լրագրողները ներկայացուցիչներն են այն խավի, որին ընդունված է կոչել չորրորդ իշխանություն, եւ որոնց միջոցով է ամբողջանում իշխանավորների հանդեպ ժողովրդի ունեցած հարգանքի ու վստահության պատկերացումը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ