«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2006-12-14 | #240, 2006-12-15 | #241, 2006-12-16


«ԿԱԴԱՍՏՐ ԳԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ»

Կոզեռնի իրացման գոտու բնակիչների նման մոտեցումը կադաստրի կոմիտեի գրանցման վարչության պետն անհասկանալի է համարում

Երեւանի Կոզեռն թաղամասի իրացման գոտում բնակվող 110 ընտանիքների զբաղեցրած անշարժ գույքը (հողամաս եւ շենք-շինություններ) վերջերս Երեւանի քաղաքապետի որոշմամբ ճանաչվեց որպես նրանց սեփականություն: Նշենք, որ վերոնշյալ ընտանիքները երկար տարիներ բնակվել են այդ թաղամասում, բայց օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չունեին սեփականության վկայականներ: Սակայն քաղաքապետի որոշումը միայն մասամբ կարգավորեց այս խնդիրը, իսկ թաղամասի բնակիչները նորից սկսեցին բողոքել, այս անգամ քաղաքապետարանի փոխարեն կադաստրի պետական կոմիտեից: Նրանց հավաստիացմամբ կադաստրի տարածքային ստորաբաժանումում չեն գրանցում իրենց սեփականությունը:

Ո՞րն է Կոզեռնի բնակիչների դժգոհության պատճառը եւ ինչո՞ւ քաղաքապետի որոշումը հավելյալ խնդիրներ առաջացրեց: Այս հարցերն ուղղեցինք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գրանցման վարչության պետ Հակոբ Մարտիրոսյանին: Պարզվեց, որ իրականությունն ամենեւին էլ այնպիսին չէր, ինչպիսի տպավորություն ստեղծվում էր առաջին հայացքից:

- Հաշվառվել էր եւ քաղաքապետի կողմից որոշում էր ընդունվել 110 միավոր գույքի նկատմամբ: Այս թաղամասի իրացման գոտու հատակագիծ-սխեման մեզ ներկայացվել է ընդամենը մեկ-երկու օր առաջ: Մինչ այդ սկսել էինք այդ 110 միավորի գրանցումները: Այսինքն, դեռ հատակագիծը չներկայացրած, կադաստրն իր գործառույթները սկսեց իրականացնել: Պարզվեց, որ այդ 110-ից 48-ը գրանցման հետ կապված որեւէ խոչընդոտ չունի: Այս 110-ից երկուսի բնակիչներն ընդհանրապես թույլ չտվեցին, որ մեր աշխատակիցները մուտք գործեն եւ տեղազննություն իրականացնեն:

Անհասկանալի է այն փաստը, որ առանց կադաստրի տարածքային ստորաբաժանում դիմելու քաղաքացիները հանրահավաքի են դիմել: Վերոնշյալ 48-ից պետական գրանցման համար մեզ դիմել են 9, մնացած 39 չեն դիմել: Ընդամենը ինչ-որ ներկայացուցիչ է հանդես եկել, ընդ որում միշտ պահանջով: 9 դիմածներն իրենց վկայականները ուրբաթ օրը (երեկ-Ա. Մ.) կստանան: Մնացածի հարցը մնում է առկախ: Եվս 4 դիմում եղել է այսօր (երեկ-Ա. Մ.): Նրանց սահմանված կարգով եւ ժամկետներում ընթացք կտրվի եւ դիմում տալու երրորդ օրըՙ երեքշաբթի նույնպես կստանան իրենց վկայականները:

110-ի մեջ 10 ամբողջությամբ ինքնակամ շինություններ են, որովհետեւ դրանք ժամանակին դիմել են որպես ապօրինի կառույցներ օրինականացման համար: Քաղաքապետը չի օրինականացրել դրանք: Այսինքն, մենք չենք կարող սա դիտել որպես օրինականացման համար հիմք: Մինչդեռ այդ 10 այժմ նույնպես մտել են ցուցակի մեջՙ օրինական հիմքերի վերականգնման համար: Նշեմ նաեւ, որ կառավարության որոշմամբ արգելված է իրացման գոտիներում ինքնակամ կառույցների օրինականացումը: Այս հարցը նույնպես մնացել է առկախ:

Շատ են դեպքերը, երբ գույքն օրինական է, կադաստրում գրանցված է մի չափով, իսկ այսօր մտել է այդ 110-ի մեջ բոլորովին այլ չափով: Ենթադրենք մեզ մոտ գրանցված է 100 քմ գույք, իսկ քաղաքապետարանից ստացված որոշման մեջՙ 120 քմ: Այսինքն քաղաքացին ապօրինի զավթել է: Հիմա սրանցից ո՞րն է ճիշտ: Մեր ունեցած այս տեղեկատվությունը տրամադրել ենք քաղաքապետարանին, որպեսզի կատարվեն մակերեսների ուղղումները եւ տարբերություն չունենանք փաստացի ու պետական գրանցված գույքի միջեւ:

Ամբողջ պատկերը սա է: Ես չեմ հասկանում հանրահավաքների իմաստը: Եթե մտածում են բիրտ ուժով ինչ-որ բանի են հասնելու, այդպես չի լինելու: Կա օրենք եւ մենք կարող ենք գրանցել միայն այն, ինչի իրավունքն ունենք օրենքով սահմանված կարգով:

- Ե՞րբ կլուծվի այդ 48-ի խնդիրը:

- Դիմելուց հետո եռօրյա ժամկետում առանց որեւէ նախապայմանի, որովհետեւ այստեղ չճշտված հարցեր չկան:

- Այդ 48-ի սեփականատերերը գիտե՞ն, որ իրենք խնդիրներ չունեն եւ պետք է դիմեն:

- Երբ նրանց ներկայացուցիչները գալիս են կադաստրի տարածքային ստորաբաժանում, նրանց բացատրում են: Ես չեմ կարող ասել, դա հասնում է բնակիչներին, թե՞ ոչ: Քանի դեռ բնակիչը չի դիմել, չենք կարող մեր նախաձեռնությամբ պետական գրանցում կատարել: Դիմում պետք է լինի, որպեսզի մենք դա անենք: Չմոռանանք, որ այդ գործընթացն ուղեկցվում է որոշակի պետական վճարներով: Կոնդում, օրինակՙ եկան, դիմեցին եւ այդ գործընթացը հաջող իրականացավ: Կոզեռնի բնակիչները, որքան էլ տարօրինակ է, չեն գալիս կադաստրի տարածքային ստորաբաժանում, որպեսզի անձամբ լսեն եւ համոզվեն, թե ինչ պետք է անեն, ինչ խնդիրներ ունեն կամ չունեն:

- Իսկ մնացածների խնդիրը ինչպե՞ս եւ ե՞րբ է լուծվելու:

- Այն գույքը, որտեղ հակասություն կա քաղաքապետի որոշման եւ փաստացի իրավիճակի միջեւ, ուղարկել ենք քաղաքապետարան լրամշակելու եւ ճշտելուց հետո հետ ուղարկելու նպատակով: Դա պետք է արվի հնգօրյա ժամկետներում: Եթե ժամանակին չստանանք, կահազանգենք, որ արագացնեն:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4