«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2006-12-14 | #240, 2006-12-15 | #241, 2006-12-16


ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԻ ԱՂԲԸ ՀԱՆԵԼ ԵԹԵՐԻՑ

Այսօրվանից գործողության մեջ է այդ մասին կառավարական որոշումը

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Այսօրվանից գործողության մեջ կմտնի կառավարության «Դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության կարգի եւ այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» որոշումը:

Երեկ «Հայկական բժշկական ասոցիացիա» կազմակերպությունը որոշման իրականացումը խթանելու լոբբիինգ էր սկսել:

1996 թվականի ապրիլից գործում է «Գովազդի մասին» օրենքը, որն արգելում է դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդն առանց առողջապահության նախարարության թույլտվության: Մի ամբողջ 10 տարի, սակայն, մենք ամեն օր եթերով, ժամանակ առ ժամանակ նաեւ մամուլով ականատես ենք, թե Հայաստանում ինչպես է արհամարհվում օրենքի այս դրույթը:

«Հայկական բժշկական ասոցիացիա» կազմակերպությունը դիմել է առողջապահության նախարարություն եւ պարզել, որ մինչ օրս գոնե մեկ գովազդատու չի դիմել նրան` նման թույլտվություն ստանալու համար: Գովազդները հեռարձակվել եւ հեռարձակվում են, տպագրվել եւ տպագրվում են: Որ մարդկային առողջությունը կոպեկի արժեք ունի Հայաստանում, վկայությունը հենց դա է` անվերահսկելի գովազդը ռադիոյով, հեռուստատեսությամբ, մամուլով:

Ավելորդ է ասել, թե որքան վտանգավոր են դրանք` ներբողների շարաններով անհայտ, կասկածելի կրթությամբ ժամանակակից հեքիմների մասին, որոնք խոստանում են բուժել բացարձակապես ամեն ինչ, նույնիսկ հիվանդություններ, որոնց հանդեպ անզոր է ժամանակակից բժշկագիտությունը: Նրանցից շատերը իրենց բիզնեսն ընտանեկան են դարձրել, եւ ընտանյոք հանդերձ էլ ներկայանում են գովազդներում:

Քանի՞սը բժշկական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ունի, ոչ ոք չգիտի: Դաշտն անտեր է ու խոպան, ու այնտեղ անարգել վարուցանք են անում այդ անձինք:

Նոր կարգը` որոշակիորեն կոշտ պայմաններ առաջադրելով գովազդատուներին, փորձում է առողջապահական գովազդային աղբը թափել եթերից:

Այսօրվանից ապօրինի են համարվում այն գովազդները, որոնք հեռարձակվում են առանց կազմակերպության անվանման եւ նրա արտոնագրի վավերապայմանների, առանց ՀՀ-ում պետական գրանցման հավաստագրի համարի ու ամսաթվի, նաեւ առողջապահության նախարարության թույլտվության համարի ու ամսաթվի ներկայացման:

Այսուհետեւ արգելվում է այն գովազդը, որը լսողին փորձում է համոզել, թե տվյալ դեղը կարելի է օգտագործել առանց բժշկի խորհրդի, որ այն ուրիշ դեղերից ավելի լավն ու արդյունավետ է, եւ կողմնակի ազդեցություններ չունի, իսկ ընդունելու դեպքում անպայման կբարելավվի մեր առողջական վիճակը:

Արգելվում է գովազդել նաեւ բուժական այն մեթոդները, որոնց միջոցով կարելի է «հասնել» գիտությամբ չհիմնավորված արդյունքների:

Եվ կարեւոր մի սրբագրում եւս. արգելվում է պատկերել կամ հեռարձակել գովազդվող մեթոդի օգնությամբ «բուժված» անձանց կարծիքները բուժման ընթացքի, արդյունավետության կամ արդյունքների վերաբերյալ:

Բայց ո՞վ է երաշխավորելու, որ այսօրվանից դյուրահավատ, տարրական գիտելիքներ ու պատկերացումներ չունեցող սպառողների առողջությունն այլեւս վտանգի տակ չի լինի կեղծ բժիշկների գործունեության պատճառով: Եթե 10 տարի ոչինչ չի արվել օրենքի առկայության պայմաններում, հիմա դժվար թե հրաշք լինի: Մանավանդ որ անհայտ է նման գովազդատուներին եթերից, մամուլից վտարելու մեխանիզմը եւս: Համենայն դեպս, այս առթիվ որեւէ հանձնաժողով կամ աշխատանքային խումբ չի ստեղծվել: Գուցե այս անգամ անգործությունից դո՞ւրս գա Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը:

Կարգը որեւէ տողով չի հիշատակում նաեւ տուգանքների կամ պատժամիջոցների մասին, որոնք հարկ կլինի կիրառել օրինախախտների նկատմամբ:

Շրջանցվել է մի կարեւոր հանգամանք եւս` Հայաստանում վխտում են առողջապահական կասկածելի կազմակերպություններ, որոնք միջնորդների միջոցով գովազդում են իրենց տիբեթյան, չինական, հոմեոպաթիկ բժշկության հրաշքները: Նրանց ձեռքը եւս ոչ ոք չի բռնում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4