Ազգային պատկերասրահում երեկ ներկայացվեց ժամանակակից գեղանկարչական արվեստի ցուցադրությունՙ մասնակցությամբ գերմանացի, վրացի եւ հայ նկարիչների աշխատանքների: Ցուցահանդեսը գերմանական դեսպանատան նախաձեռնությունն է, որը 2 ամիս առաջ Թբիլիսիում կազմակերպել էր ցուցահանդեսՙ «Հանդիպում Փիրոսմանիի հետ» խորագրով: Երեւանյան «Հանդիպում Սարյանի հետ» ցուցահանդեսում ներկայացված նկարների գերակշիռ մասի հեղինակները գերմանացիներ էին, շուրջ 30 աշխատանքՙ Ինգե Շմիդ, Պիտեր Հերման, Ռոբերտ Վեբեր, Քրիստիան Լանթնդորֆ, Անդրեաս Հոմբերգ եւ ուրիշներ: 5 նկարիչներ ներկայացնում էին Վրաստանը, Հայաստանի մասնակցությունն ապահովել էին «Արամե» եւ «Գեւորգյան» պատկերասրահներըՙ Գեւորգ Եղիազարյան, Ռուբեն Աբովյան, Տարոն Մուրադյան, Լիլիթ Սողոմոնյան... Ինչպես յուրաքանչյուր նմանաբնույթ ցուցահանդեսի նպատակը, այս մեկինն էլ արվեստի գործերի միջոցով տարբեր ժողովուրդների միջեւ փոխշփումներն ակտիվացնելն է, հարաբերություններ ստեղծելը: Այս առումով երեկվանը ինչ-որ տեղ նաեւ քաղաքական նշանակությամբ էր, թեեւ ադրբեջանցիները մերժել էին իրենց մասնակցության հրավերը: Պատկերասրահի հասարակական կապերի պատասխանատու Անահիտ Մինասյանն այն կարծիքին է, որ ժամանակակից արվեստի շունչը ամենուր գրեթե նույնն է, որքան էլ, օրինակ գերմանացիների ազատության անհամեմատ հնարավորություններին: Բայց յուրաքանչյուր ժողովուրդ իր մշակութային կենսագրությամբ, չնայած համաշխարհայնացման տենդենցին, այսօրվա արվեստում էլ մնում է իր հոգեւոր հարստությունների կրողն ու արտահայտողը: Ինչպես ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն ասաց. «Արվեստը հայրենիք չունի, բայց ամեն հայրենիք իր արվեստն ունի»:
Մ. Բ.