Սրտամկանի սուր ինֆարկտի զոհերն ավելի շատ տղամարդիկ են
Ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում եւս սրտանոթային հիվանդությունները բնակչության մահացության ընդհանուր տոկոսի կեսից ավելին են կազմում: Հայաստանում անընդմեջ ավելանում են, օրինակ, սրտամկանի սուր ինֆարկտի դեպքերը, ինչի ականատեսն ենք բոլորս: Արձանագրվում է մի հետաքրքրական իրողություն եւս. սրտանոթային հիվանդություններից մահացությունների աճին հակառակ, նկատվում է հիվանդացության ընդհանուր մակարդակի նվազում: Խոսքը վերաբերում է, անկասկած, գրանցված հիվանդներին, քանի որ ինքնաբուժությունը գրեթե զանգվածային բնույթ է ստացել: Ֆինանսական կամ այլ դրդապատճառներով առողջական նման խնդիրներ ունեցողները սովորաբար խուսափում են բժշկի դիմելուց: Որպես կանոն, նրանց մեծ մասը հիվանդանոցում հայտնվում է արդեն բարդացման փուլում, որը, սակայն, հնարավոր էր կանխարգելել եւ չհասցնել կյանքին սպառնացող սահմանի:
Մահացությունների քանակի ավելացումը բացատրվում է նաեւ սրտանոթային ախտերը խթանող ռիսկի գործոնների ուժեղացմամբ: Ամենալուրջ ռիսկի գործոնը համարվում է զարկերակային գերճնշումը: Այս առթիվ ուշագրավ հետազոտություն է իրականացրել Հայկական բժշկական ասոցիացիան: Նման լայնածավալ ուսումնասիրություն այս ասպարեզում իրականացվել է առաջին անգամ եւ կարեւոր է այն տեսանկյունից, որ ողջ հանրապետությունում սրտանոթային հիվանդությունների համաճարակաբանական պատկերի վերաբերյալ որեւէ հստակ վիճակագրություն չկա: Հարցումներն իրականացվել են միջազգային չափորոշիչներով, միջազգային փորձագետների մասնակցությամբ: Ուսումնասիրվել է զարկերակային գերճնշման եւ դրա ռիսկի գործոնների տարածվածությունը, ինչպես նաեւ բնակչության տեղեկացվածության մակարդակը դրա բարդությունների եւ կարգավորման ուղիների վերաբերյալ: Պատահական ընտրության սկզբունքով հետազոտվել է 800 երեւանցի, որոնց 27 տոկոսն ունեցել է զարկերակային գերճնշում: Հաշվարկման սկզբունքների համաձայն, դա նշանակում է, որ Երեւանի 1 մլն չափահաս բնակիչներից 150 հազարը առողջական նման խնդիր ունի: Ըստ եզրահանգման, զարկերակային գերճնշման հետեւանքով զարգացած ինֆարկտի զոհերն ամենից առաջ աշխատունակ տարիքի տղամարդիկ են: «Հետազոտության արդյունքները վկայում են, որ Հայաստանում սրտանոթային հիվանդությունների տարածվածության մակարդակը չի գերազանցում միջին եվրոպական տվյալներին: Բայց մեր կարեւորագույն վրիպումն ու բացթողումն այլ հարթությունում է` եթե ողջ աշխարհում զարկերակային գերճնշմամբ հիվանդները բուժվում են, մեզ մոտ հիվանդների ընդամենը 7 տոկոսն է արդյունավետ բուժում ստանում», ասում է Երեւանի գլխավոր սրտաբան, սրտաբանության ինստիտուտի փոխտնօրեն եւ Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանը:
Հիվանդների մեծ մասը չի հետեւում բուժմանը, պատճառների շարքում առաջինը նրանց տեղեկացվածության խիստ ցածր մակարդակն է: Մի զգալի հատված, որքան էլ զարմանալի լինի, տարիներ տեղյակ չէ իր հիվանդության գոյության մասին: Մի մասն էլ գաղափար չունի, որ գերճնշումը լուրջ ռիսկի գործոն է ինֆարկտների եւ ինսուլտների` սրտամկանի եւ ուղեղի կաթվածի, երիկամային եւ սրտային անբավարարությունների համար: Առավել եւս տեղյակ չեն կանխարգելիչ միջոցառումների մասին:
Իրազեկման կարգով ասենք, որ 140-90-ը այն սահմանային թվերն են, որոնք արդեն խոսում են զարկերակային գերճնշման գոյության մասին:
Զարկերակային գերճնշումը սովորաբար շրջանցում է առողջ ապրելակերպի սիրահարներին, ում կենցաղից բացակայում են ծխախոտը, ալկոհոլը, ճարպոտ եւ աղի սնունդը, եւ ովքեր ֆիզիկական ակտիվ կյանքի երկրպագու են: Հետազոտված 18 տարեկանից բարձր տղամարդկանց 46,2 եւ կանանց 6,3 տոկոսը օրական ծխում է 1 տուփ սիգարետ, տղամարդկանց 21,2 եւ կանանց 4,1 տոկոսը չարաշահում է ալկոհոլը, տղամարդկանց 14,9 եւ կանանց 24,2 տոկոսը տառապում է ճարպակալմամբ, տղամարդկանց 26,6 եւ կանանց 14,5 տոկոսը չարաշահում է նաեւ կերակրի աղը: Նրանց մեծամասնությունը ֆիզիկական ակտիվ կյանքով չի ապրում:
Զարկերակային գերճնշումն այսօր խնդիր է դարձել նաեւ երիտասարդների եւ այն մարդկանց համար, ովքեր ոչ ծխախոտամոլ են, ոչ էլ ալկոհոլի սիրահարներ, քանի որ հիվանդությունը պայմանավորված է ոչ միայն սխալ կենսակերպով: Ռիսկի գործոնների թվում են նաեւ ժառանգականությունը, երիկամային, էնդոկրին համակարգի հիվանդությունները, որոնց ավերիչ գործողության հետեւանքը դառնում է զարկերակային գերճնշումը: Վերջինս շղթայական ռեակցիայով ախտահարում է սրտամկանը, առաջացնում ուղեղային եւ անոթային բարդություններ: Զարկերակային գերճնշման վաղ ախտորոշումն ու կանխարգելումը կարող են ապահովագրել այս վտանգներից ե՛ւ երիտասարդ, ե՛ւ տարեց հասակում:
Սակայն Հայաստանում սրտանոթային կանխարգելիչ ծրագրերի իրականացման համար պետությունը կոպեկների հատկացումներ է անում, եւ եթե մի շարք հիվանդությունների գծով արդեն մշակվել եւ գործում են ազգային ռազմավարություններ, սրտանոթային հիվանդությունները մնացել են ստվերում: Չի իրականացվում այս հիվանդների ոչ հաշվառում, ոչ էլ վերահսկողություն: Գոյություն չունի սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանն ուղղված պետական քաղաքականություն, ինչպես կա շաքարային դիաբետի, քաղցկեղային, արյան, տուբերկուլյոզի դեպքում: Ավելին, նշված հիվանդությունների կանխարգելման համար գործում են նաեւ միջազգային ծրագրեր:
Հետաքրքրական է հետազոտության այլ դրվագ եւս. վերլուծվել են առաջնային օղակի բժիշկների գործողության սկզբունքները, պարզվել է, որ բժիշկների մի մասը սովորաբար հանձնարարում է կուրսային` ժամանակավոր (ասենք` մեկամսյա) եւ ոչ թե երկարաժամկետ բուժում: Այսինքն, Հայաստանում առկա է բժիշկների մի կատեգորիա, որը հիվանդների նման նույնպես տեղեկացվածության խիստ կարիք ունի:
Բժշկագիտական անհերքելի ցուցումներով զարկերակային գերճնշմամբ հիվանդները մինչեւ իրենց կյանքի վերջը պետք է դեղորայք օգտագործեն եւ լինեն բժշկի հսկողության տակ: Եվ գերադասելի է այն բժշկի, որի հետ հիվանդը համագործակցում է եւ որը մանրակրկիտ տեղյակ է հիվանդի առողջական վիճակի առանձնահատկություններին: Դա, իհարկե, ամենից լավ կարող է իրականացնել ընտանեկան բժիշկը:
Մենք արդեն երկար ժամանակ խոսում ենք առաջնային բուժօգնության բարեփոխումների մասին, բայց ընտանեկան բժիշկների արդեն 6-7 տարի փողհարվող համակարգն այդպես էլ իրականություն չի դառնում, եւ բնակչությանը խոտի պես հնձող այս հիվանդության պատկերը եւս անփոփոխ է: Իհարկե, զարկերակային գերճնշումը, ինչպես մյուս հիվանդությունները, անհնար է լիովին բուժել, սակայն գոնե հնարավոր է կարգավորել եւ խուսափել, օրինակ, այնպիսի սարսափազդու բարդությունից, ինչպիսին ուղեղի կաթվածն է:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ