ՔԴՄ-ՔՍՄՙ «Հայոց ցեղասպանության ուրացումը կողոպտում է տեղահանվածների ու սպանվածների արժանապատվությունը»
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ուրացման պատժիչ օրինագծի վերաբերյալ նոյեմբերին Գերմանիայում ծավալված քննարկումներն այլ հարթություն են տեղափոխվել: Խոսել Հայոց ցեղասպանության ուրացման մասինՙ դատապարտելով քաղաքական այն գործիչներին, ովքեր, մեղմ ասած, արհամարհում են 2005-ի հունիսին Բունդեսթագիՙ Հայոց եղեռնի վերաբերյալ ընդունած բանաձեւը: Կողմնացույցի սլաքը միշտ Հոլոքոսթի փորձառությանըՙ գերմանական լրատվամիջոցների խոշորացույցն այս անգամ հակված է հանրությանը ներկայացնելու իր երկրում, որքան էլ տարօրինակ, Բունդեսթագի պատգամավորի մանդատ ունեցող հասարակագիտության մի պրոֆեսորիՙ ուրացման քաղաքականությանը լծված հետեւողական գործունեությունը:
Բայց նախՙ դեկտեմբերի 6-ին միայն փաստ դարձած «ուշացած» մի նախաձեռնության մասին. «Դոյչե վելլեն» օնլայն տարբերակում Աշոտ Գազազյանի Երեւանից ուղարկված լրատվությամբ իրազեկում էր, թե Ֆրանսիայի ընդունած օրենքից հետո 2 ամիս պահանջվեց, որ հայոց խորհրդարանը քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելով ու լրամշակելով, ցեղասպանության ուրացման, ինչպես նաեւ ռասիստական դիսկրիմինացիայի համար պատժաչափ սահմանիՙ 350-850 դոլար կամ մինչեւ 4 տարի ազատազրկում:
Ինչո՞ւ այսքան ուշ, հնարավոր բացատրությունները տարբեր են, բայց կասկածից դուրս է, որ ինչպես Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանն է ընդգծել, «Հայաստանում որեւէ մեկը հարցականի տակ չի դնում ցեղասպանությունը, ինչպես Իսրայելում ոչ ոք Հոլոքոսթը չի ուրանում»:
Հիմա, ինչպես եւ տեղեկացրել ենք սկզբում, ուրացողների մասին:
Գերմանական «Դեր թագեսշպիգել» թերթն իր դեկտեմբերի 8-ի համարում անդրադարձել էր Բունդեսթագի պատգամավոր Հաքքի Քեսքինիՙ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու փաստինՙ այն դեպքում, երբ իր դավանած Դեմոկրատական սոցիալիզմի կուսակցությունը (ԴՍԿ, գերմաներենՙ PDS) միշտ սատար է կանգնել հայերին: Մաթթիաս Մայսներն իր հոդվածում վկայաբերել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) նախագահ Շավարշ Հովասափյանիՙ Բունդեսթագի Ձախերի խմբակցության ղեկավար Գրեգոր Գիզիին հասցեագրված նամակներըՙ հիշեցնելով, թե ժամանակին Ռոզա Լյուքսեմբուրգն ու Կարլ Լիբկնեխտն են կանգնել հայ հալածյալների կողքին: 2002-ին էլ ԴՍԿ պատգամավոր Ուվե Հիկշն է Հայոց ցեղասպանության թեման Բունդեսթագում ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես եկել: 2005-ին նույն կուսակցությանը հարող Պետրա Փաուն եւ Գեսինե Լյոթցշը կողմ են քվեարկել Բունդեսթագում «Հայերի կազմակերպված տեղահանության եւ ոչնչացման մասին» բանաձեւին: Հայերն այժմ ձախերի կուսակցությունից լքված են զգում, գրում է «Դեր թագեսշպիգելը»ՙ պարզաբանելով, թե սրա պատճառը 2005-ից Բունդեսթագի պատգամավոր, ձախերից Հաքքի Քեսքինն է, որը պատգամավոր լինելուց առաջ Գերմանիայի թուրքական համայնքի նախագահի պաշտոնն էր վարում եւ ըստ Գերմանահայոց խորհրդիՙ Հայոց ցեղասպանությունը ուրացողներից է: Նա էր 2005-ին իր համայնքայիններով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ արշավ կազմակերպել: Ավելի ուշՙ մարտին Քեսքինն ասել էր. «Կատարվածի վերաբերյալ շատ տարբեր տեսակետներ կան: Ես չգիտեմՙ ժամանակին ինչ է եղել: Երբ մարդ չգիտի ինչ է եղել, չի կարող պարզապես հայկական կողմի տեսակետը յուրացնել եւ ասելՙ կատարվածը ցեղասպանություն է: Եվ ինչո՞ւ պիտի որեւէ մեկը հարկադրված լինի որոշակի տեսակետ հայտնել»:
Գերմանիայում խարիզմատիկ քաղաքական գործչի համբավ ունեցող Գրեգորի Գիզին Գերմանահայոց խորհրդին վստահեցրել էր, թե իրենց խմբակցությունն ու կուսակցությունը միշտ վճռականորեն դեմ են եղել Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը եւ անկասկած, այդ դիրքորոշմանն էլ կմնան: Ավելի ուշ նա խորհուրդ է տվել Գերմանահայոց կենտրոնական խորհրդին հանդիպել ու խոսել պրոֆ. Քեսքինի հետ: Առաջարկը մերժվել էՙ ցեղասպանությունը ուրացողների հետ հայկական կողմը զրույցի ցանկություն, բնական է, չունի: Դրանից հետո Գիզիի եւ Գերմանահայոց խորհրդի կապն ընդհատվել է: ԴՍԿ մեկ ուրիշ քաղաքական գործիչՙ Շվերինի երկրամասային խմբակցության փոխնախագահ Հելմուտ Հոլտերը Բունդեսթագի իր խմբակցության կուսընկերներին նկատել է տվելՙ բազմակարծությունն այստեղ չի գործում, եւ զգուշացրելՙ այս թեմային չվերաբերվել սեփական հայեցողությամբ:
Քեսքինը հիշյալ վեճի առիթով ասելիք չունի, գրում է գերմանական թերթը եւ շարունակումՙ պատգամավորի գրասենյակից փոխանցել ենՙ ցեղասպանությունը նրա թեման չէ: Նրա գործառույթը ԵՄ ընդարձակման խնդիրն է, դրանովՙ Թուրքիայի անդամակցության հարցն այդ կառույցին:
Մեր զրույցում Գերմանահայոց կենտրոնական խորհրդի փոխատենապետ Րաֆֆի Պետիկյանը հաղորդեց, թե ուժեղ ճնշում են բանեցնելու Քեսքինի, ինչպես նաեւ ԴՍԿ նախագահ Բիսքիի վրա, որն ի հեճուկս բազմաթիվ բողոքների, ամեն ինչ արեց, որ սոցիալ-դեմոկրատների կուսշարքերը լքած Քեսքինը ձախերի ցուցակում առաջնակարգ տեղ զբաղեցնի ու Բունդեսթագ մտնի: Բունդեսթագի բանաձեւը պիտի հետեւանք ունենա դահիճների ու զոհերի համար: Ստացվում է, որ դահիճների ժառանգորդներից մեկը նստած է Բունդեսթագում, Քեսքինը պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ հրապարակավ ներողություն հայցի հայերից: Իսկ Գերմանիան պիտի հետեւի Ֆրանսիայի օրինակին ու պատժիչ օրինագծով կանխի ուրացումը: Պարոն Պետիկյանի փոխանցմամբՙ 3-րդ նամակը իրենց կազմակերպությունն ուղարկել է խմբակցության բոլոր անդամներին, պատասխան չեն ստացել, այն տրամադրել են լրատվամիջոցներին: Դեկտեմբերի 12-ին ԳԿԽ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ նախ հիշեցվում է, թե Բունդեսթագի 2005-ի հունիսի 15-ի բանաձեւը ոչ միայն դատապարտում է երիտթուրքական կառավարության բնաջնջման քաղաքականությունը, այլեւ քննադատության ենթարկում դրանում «Գերմանական ռայխի անփառունակ դերը»: ԳԿԽ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Գերմանացի սոցիալիստները հանդուրժում են ցեղասպանության ուրացումը: Կուսակցության նախագահ Բիսքին տեղեկացված է եղել պրոֆ. Քեսքինի գործունեությանն ու դիրքորոշմանը, բայց դա չի խանգարել նրան Բունդեսթագում նրա համար աթոռ ապահովել: Գերմանիայում թուրքական համայնքի նախկին նախագահը ցայսօր շատ հարցերում պաշտպանում է թուրքական պաշտոնական քաղաքականությունը: «Կիպրոսի թուրքական մասը պիտի ճանաչվի որպես պետություն» 2006-ի ապրիլի 26-ին գերմանական ռադիոյին տված հարցազրույցներից մեկում ասել է Քեսքինըՙ Բիսքիի կողմից գովասանքի արժանացած միգրացիայի հարցերով փորձագետը:
Իրենց գործելակերպով Բիսքին ու Գիզին ոչ միայն կործանում են ԴՍԿ-իՙ որպես ժողովրդավարական, սոցիալիստական կուսակցության, Լյուքսեմբուրգի ու Լիբկնեխտի ավանդույթներին հավատարիմ կուսակցության հանդեպ արժանահավատությունը, այլեւ խաղում թուրքական ոճրագործ ռեժիմի դաշնակից գերմանական ռայխի «անփառունակ դերը», ասված է ԳԿԽ մամլո հաղորդագրության մեջ:
Նույն օրըՙ դեկտեմբերի12-ին խնդրո առարկայի մասին իր վերաբերմունքը հաղորդեց նաեւ ՔԴՄ-ՔՍՄՙ «Հայոց ցեղասպանության ուրացումը կողոպտում է տեղահանվածների ու սպանվածների արժանապատվությունը» վերտառությամբ շրջանառության մեջ դրված իր մամլո հաղորդագրության մեջ: Արդ եւ ապագայում աշխարհում տեղահանությունը օրենքից դուրս հայտարարելու կոչով սկսելով իր գրությունըՙ Բունդեսթագի քրիստոնյա դեմոկրատական-քրիստոնյա սոցիալիստական խմբակցության տեղահանությունների, փախստականների ու ԽՍՀՄ նախկին տարածքից գերմանացի ներգաղթյալների հարցերով զբաղվող խմբի նախագահ Յոխեն-Կոնրադ Ֆրոմմեն հանձնարարելի է տեսնում Բունդեսթագի ձախերի խմբակցության իր գործընկերներին «շուտափույթ խորհուրդ տալ իրենց անդամին կարգի հրավիրել եւ նրանից պահանջել անվերապահ ճանաչել պատմական եղելությունը»: Անվիճելի է, որ երբեմնի օսմանյան կայսրության տարածքում ապրող երկու միլիոնից ավելի հայ ազգաբնակչությանը տեղահանության միջոցով սիրիական անապատներ ուղարկեցինՙ եղերական մահով կյանքին վերջ տալու նպատակով: Պատգամավորը հիշեցնում է, որ Հայաստանի հետ Ֆրանսիան ԵՄ առաջին երկիրն է, որ օրենքի ուժով պատժելու է Հայոց ցեղասպանությունը ուրացողներին: Դա ճակատագրական ազդանշան կլիներ գերմանական Բունդեսթագի այն պատգամավորներին, ովքեր կուրանան այդ ոճիրը, գրում է պարոն Ֆրոմմեն:
«Այսՙ ուրացողները հետապնդելու եւ պատժելու աշխատանքը հարատեւ է, մեր զրույցում նկատել տվեց Բոխումի Սփյուռք եւ ցեղասպանություն ինստիտուտի տնօրեն Միհրան Դաբաղը, որովհետեւ միայն Քեսքինի երեւույթ մը չէ այս ամենը»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա