«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2006-12-15 | #241, 2006-12-16 | #242, 2006-12-19


ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՅՑԵԼԵԼ ՂԱՐԱԲԱՂ

Եվրոմիության համար կարեւոր է լսել եւ շփումներ ունենալ ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի հետ, ընդ որում Ղարաբաղի բնակչությունը կարեւորագույն գործոն է: Երեւանում կիրակի օրը Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ երկժամյա բանակցություններից հետո նման հայտարարություն է արել Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Ըստ նրա, Եվրոմիությունը ձգտում է ամրապնդել կապերը Լեռնային Ղարաբաղի հետ, ավելի ակտիվ մոտեցում ցուցաբերել, ինչը մեծապես կնպաստի հակամարտության կարգավորմանը: Ղարաբաղ այցելելու սեփական մտածողությունն ի կատար չածելու մտադրությամբ Փիթեր Սեմնեբին նշել է, թե ի թիվս այլ պատճառների իր այցելությունը կարող էր տարբեր մեկնաբանությունների առիթ տալ հանրաքվեի անցկացման շրջանում:

Միեւնույն ժամանակ Եվրոմիության հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ դա բնավ չի նշանակում, թե ինքը չի պատրաստվում այցելել Ղարաբաղ: Փիթեր Սեմնեբին ծրագրում է մոտ ժամանակներս լինել Ղարաբաղում եւ ակնկալում է արդյունավետ այց:

Եվրոմիության արձագանքը Ղարաբաղի սահմանադրության հանրաքվեին, թե այդ քվեարկությունը կարող է խոչընդոտել բանակցային գործընթացին, Սեմնեբիի մատուցմամբ պետք է ընդունել իբրեւ բացասական արձագանք: Ժողովրդավարական գործընթացները Ղարաբաղում վկայում են ժողովրդավարության մշակույթի բարձր մակարդակի մասին, սակայն, ըստ Սեմնեբիի, հանրաքվեի պարագայում նման քվեարկությունը կանխորոշում է այնպիսի հարցեր, որոնք կարող են լուծվել բանակցությունների արդյունքում: Խոսքը մասնավորապես Ղարաբաղի մասին է:

Հետաքրքրական է, որ Փիթեր Սեմնեբիի խոսքերով, ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է Ղարաբաղի եւ ուրիշ այդ կարգի հակամարտության կարգավորման գլխավոր սկզբունքներից մեկը լինի: Սեմնեբին, սակայն, ընդգծել է, որ դա միակ սկզբունքը չէ, քանի որ Հելսինկիի վերջնական ակտը ներառում է այլ սկզբունքներ, այդ թվումՙ տարածքային ամբողջականությունը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4