Չեմ կարծում, թե Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությունը մտահոգեց որեւէ մեկին Հայաստանում: Սակայն դրա արձագանքներն ու հետեւանքները շատ մեծ էին ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ հատկապես Արեւմուտքում, մասնավորապեսՙ Լոնդոնում: Այն տպավորությունն է ստեղծվում, որ այս ողբերգական դեպքը էապես խորհրդանշական է դառնում Ռուսաստանում քաղաքական գործընթացների զարգացման ներկա յուրօրինակությունների տեսանկյունից:
Ակնհայտ է, որ Արեւմուտքը ավելի ու ավելի անհանդուրժողական է դառնում Ռուսաստանի նկատմամբ նրա զորեղացման միտումների համեմատ: Եվ երկրի տնտեսական ու քաղաքական վերածննդի գործընթացը անմիջականորեն առնչվում է մեկ մարդու անվան հետՙ Վլադիմիր Պուտինի: Այսօր պեության կառավարման բոլոր լծակները շարունակում են մնալ այդ մեկ անձի ձեռքին: Նա վերահսկում է կառավարող վերնախավը, իշխանության կուսակցության միջոցովՙ պառլամենտը, ընդդիմությունը գրեթե զուրկ է ազդեցություններից եւ այլն: Ոչ մի արմատական փոփոխություն չի կարող տեղի ունենալ առանց նրա կամքի: Միաժամանակ Պուտինը մեծ դժվարությամբ է ենթարկվում արտաքին ազդեցությունների եւ դառնում է անողոք, երբ ոտնահարվում են նրա անձնական շահերը:
Ահա եւ, երկրի առաջընթացը կասեցնելու կամ «այլ» հունի փոխադրելու համար պետք է խախտել հենց այդ անձի դիրքերը: Չէ որ կար ժամանակ, երբ «դեմոկրատ» Ելցինը իր առանցքային նախարարներին նշանակում էր ամերիկացիների հանձնարարականով: Բռնությամբ կամ խնդիրներով իրար տապալելով կոմունիստների հարուստ փորձն այստեղ անգործունակ է, քանզի Պուտինը ընտրված է ժողովրդի կողմից եւ վայելում է նրա վստահությունն ու աջակցությունը: Նրա մերձավոր շրջապատը իր ներքին խմբակցություններով ու հակասություններով հանդերձ շահագրգռված չէ նրա անկմամբ. շատ «թանկ» արժե իշխանությունը:
Այդ դեպքում ի՞նչ կարող են անել Ռուսաստանի հակառակորդները: Համենայն դեպս պարզորոշ նկատվում է, որ ներկա փուլում շեշտը դրված է չարանենգ ու սադրիչ սպանությունների միջոցով երկրի ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու եւ միջազգային ասպարեզում Ռուսաստանին ու նրա «չեկիստ» ղեկավարին հեղինակազրկելու ստրատեգիայի վրա: Սկզբունքորեն կարեւոր էլ չէ, թե ով է սպանել Լիտվինենկոյին: Բուն փաստն իր էկզոտիկ էությամբՙ սպանություն ռադիոակտիվ նյութի միջոցով, խթանեց հակառուսաստանյան ու հակապուտինյան հզոր կամպանիա. Արեւմուտքի ԶԼՄ-ները ասես նման առիթի էին սպասում հակակրեմլյան լրատվական հեղեղ թափելու համար: Բանը հասել էր նրան, որ եվրոպական մի հեռուստաալիք իր օրվա նորությունները սահմանափակել էր Լիտվինենկոյի գործով ու... եղանակի տեսությամբ: Եթե նման չարագործությունները շարունակվեն, ինչը չի կարելի բացառել, ապա Ռուսաստանի կերպարը կսկսի հավասարվել կոմունիստական Խորհրդային Միության ագրեսիվ, վայրենի, անմարդկային կերպարինՙ «չարիքի կայսրությանը»:
Շատ ժամանակ չի մնացել Պուտինին մինչեւ նախագահական ընտրությունները: Սակայն կասկած չի հարուցում, որ այդ մեկ տարին շատ թանկ է նստելու նրա վրա, որովհետեւ նա է հիմնական թիրախը: Եվ նրան մեկուսացնելու ջանքերում միավորված են ոչ միայն միջազգային հզոր ուժեր, այլեւ ներքաղաքական խմբավորումներ, որոնք առաջինների հետ համերաշխ են Ռուսաստանի վերընթացը կանգնեցնելու եւ առավել եւս այն հետ շպրտելու ջանքերով: Եվ, որ ամենագլխավորն է, փակել Պուտինի երրորդ ժամկետի ճանապարհը: Աշխարհի տիրակալների գլոբալացման քաղաքականության մեջ Ռուսաստանին հատկացված է հումքային կցորդի, քաղաքակրթությունների ընդհարման փորձադաշտի, ապակայունացված սուբյեկտի դերը:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա