Հաստատվեց թ.60 լիցենզիայի վերախմբագրված տարբերակը
Այս մասին երեկ որոշում ընդունեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Համաձայն թ. 60 լիցենզիայի վերախմբագրված տարբերակի, «Արմենտելը» կհրաժարվի ինտերնետ հասանելիության (տվյալների փոխանակման) մենաշնորհից: Ինչպես հանձնաժողովի նիստին հաջորդած ճեպազրույցում հայտնեց հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը, դա նշանակում է, որ ինտերնետ մատակարարող (պրովայդեր) մյուս ընկերությունները կարող են ինտերնետ մատակարարել առանց «Արմենտելի» հետ պայմանագրի:
Հաջորդը միջազգային ձայնային կապի մենաշնորհից հրաժարվելն էՙ «Վիվասել» ընկերության մասով: Ներկայումս «Վիվասելն» այդ ծառայությունը կարող է մատակարարել միայն «Արմենտելի» կայանի միջոցով: Համաձայն հանձնաժողովի ընդունած որոշման, մեկամսյա ժամկետում «Վիվասելն» ինքը կարող է կառուցել իր կայանը եւ միջազգային ձայնային ծառայություններ մատուցել առայժմ միայն իր բաժանորդներին:
Հանձնաժողովի որոշման մեջ նշվում է, որ մինչեւ 2007 թ.-ի մարտի 1-ը կրկին կփոփոխվի լիցենզիանՙ հաշվի առնելով «Արմենտելին» վերապահված բացառիկ իրավունքների վերացման եւ շուկայի մրցակցային դառնալու առեւտրային ազդեցությունը ընկերության վրա: Ամրագրված է նաեւ «Արմենտելի» մյուս բացառիկ իրավունքների վերացման վերջնաժամկետըՙ 2007 թ.-ի նոյեմբերի 14-ը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ եւս մեկ որոշում ընդունեց, որ առնչվում էր հեռախոսահամարների տեղեկատուներին: Խոսքը հեռախոսահամարների տեղեկատուների մասին է, որ պետք է հրապարակեն օպերատորները: Կգործի նաեւ այդ տեղեկատուների էլեկտրոնային տարբերակը: Հեռախոսահամարները 3 տարին մեկ անգամ կթարմացվեն: Նման տեղեկատուներ մինչ այժմ Հայաստանում չեն տպագրվել:
«Արմենտելի» բջջային կապի խափանումը վթարի հետեւանք
Երեկ «Արմենտելի» բջջային կապի բաժանորդները մի քանի ժամ զրկված էին այդ ծառայությունից օգտվելու հնարավորությունից: Լրագրողների այն հարցին, թե ո՞րն էր դրա պատճառը, «Արմենտելի» գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը պատասխանեց, որ տեղի էր ունեցել խոշոր վթար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ