Պարզվում է, «Վիվարո» հեռուստաբինգոյի տնօրենությունը, իսկ ավելի կոնկրետ` տնօրեններից մեկը չգիտի, որ իրենց խաղի շահումները տոմսերի վաճառքի կետերում չեն տալիս: Ներկայացնենք, թե ինչ պատմություն ունեցավ մի շահում, որը թեեւ «մեծ» չէր գումարի իմաստով, բայց «մեծ խնդիրների» մեջ ընկավ:
Մեզ է դիմել «Վիվարո» հեռուստաբինգոյի նոյեմբերի 29-ի խաղարկության մասնակիցներից մեկը, որը խաղարկությունից օրեր անց չի կարողանում իր փոքր շահումը ստանալ տոմսերի վաճառքի կետերից: Ինքներս վերցրեցինք նրա շահած տոմսը եւ գումարը ստանալու ակնկալիքով մոտեցանք 4-5 տոմսավաճառների: Թե որտեղից ենք գնել տոմսը եւ որ տոմսավաճառներին ենք մոտեցել, չենք նշում` չցանկանալով, որ նրանք կորցնեն իրենց աշխատանքը կամ էլ խնդիրներ ունենան:
Ինչպե՞ս կարելի է վաստակել ժողովրդի վստահությունը, երբ չնչին գումարների պատճառով մարդիկ ընկնում են վատ վիճակի մեջ: Կարելի է, չէ՞, ենթադրել, թե ինչ կարող է պատահել մեծ շահումների դեպքում (նկատի ունենք ոչ թե կոնկրետ այս խաղն, այլ պարագան, որ փոքր խաբեությունները կամ խորամանկությունները չեն կարող վստահություն ձեւավորել):
Մի տոմսավաճառ մեզ ասաց, որ իրենք նոր են սկսել վաճառել «Վիվարոյի» տոմսերը եւ չեն կարող մեր տոմսի շահումը վճարել: Մի այլ տոմսավաճառ էլ գրեթե կրկնեց նախորդի ասածը` նշելով, որ իրենք «կապ չունեն» նոյեմբերի 29-ի խաղարկության տոմսերի հետ եւ կարող են վճարել եկող չորեքշաբթի օրվա խաղին մասնակցած շահումների համար: Մեր զարմանքին, թե ինչո՞ւ չեն վճարում, ասացին, որ դեռ նախկին խաղարկության շահումների ցուցակները չեն ստացել: Շատ «լուրջ» պատճառաբանություն է` հատկապես հաշվի առնելով, որ «Վիվարոյի» տնօրենությունն այս պարագայում խաղարկության ցուցակները «տեղ հասցնելու» դժվարություն չուներ: Ցուցակների «ուշացումը» երեւի հնարավոր կլիներ հասկանալ, ասենք, մարզերի կամ էլ հեռավոր գյուղերի, բայց ոչ` մայրաքաղաքի դեպքում:
Երրորդ տոմսավաճառն էլ զայրացավ մեզ վրա, որ գումարն ենք ուզում եւ ոչ թե փոխարենը նոր տոմս վերցնում: Հետո էլ, երբ մի կերպ գումարը տվել էր, տեսնելով տոմսի վրա նշված ամսաթիվը` վրա բերեց իր գործընկերների ասածը: Մեկ ուրիշն էլ ասաց, թե իրենց եւ «Ընտանեկան» լոտոյի տոմսերի վաճառքը միացել է (թե դա ինչ կապ ունի), եւ իրենք չեն կարող ոչինչ անել նոյեմբերի 29-ի խաղարկության վաճառված տոմսի համար: Այսինքն, այդ խաղարկության մասնակիցներն ի՞նչ պետք է անեն, եթե որտեղից իրենք գնել են տոմսերը, այդ վաճառակետերը միացվել են այլ լոտոների վաճառքին եւ փաստորեն, նախկին վաճառողներին գտնելն այնքան էլ հեշտ չի լինի: Տոմսավաճառները չմոռացան մեզ «խորհուրդ տալ» գումարի համար դիմել Ալեք Մանուկյան 7 հասցեում գտնվող «Վիվարոյի» գրասենյակ: Ինչի՞ համար է այդ քաշքշուկը, չէ՞ որ 3 կամ 5 հարյուր դրամ շահողները երբեք տրանսպորտի փող չեն ծախսի եւ չեն հասնի հեռուստաբինգոյի գրասենյակ: Պատկերացնում եք, չէ՞, քանիսը չեն գնա այդ մանր գումարների հետեւից:
Խաղի տնօրեններից մեկը մեզ հետ զրույցում զարմանք հայտնեց, որ տոմսավաճառները մեր շահած գումարը մեզ չեն տվել. «Իրենք պիտի վերցնեին տոմսը, տային գումարը եւ հետո գային այստեղ` մեզ հետ հաշվարկ անելու: Չգիտեմ ինչի են նման բան ասել: Եթե գումարը 10 հազարից բարձր չէ, պիտի տային»:
Իհարկե, պիտի տային, բայց թե ինչ պատահեց, արդեն նկարագրեցինք....
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ