«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնը կարճ, բայց այնուամենայնիվ արդեն պատմություն ունի: Այս տարի կինոփառատոնի շրջանակներում 120 ֆիլմ է ներկայացվել` 43 երկրից: Լուսաբանման ծավալներն էլ ընդգրկուն են եղելՙ 60 լրատվամիջոց 500-ից ավելի հեռուստատեսային ռեպորտաժներով, 200-ից ավելի ռադիոհեռարձակումներով եւ ավելի քան 2000 տպագիր հրապարակումներով անդրադարձել է «Ոսկե ծիրանին»: Արդեն 10 միջազգային փառատոների է մասնակցել «Ոսկե ծիրանի» հայկական ֆիլմերի ընտրանին: 50 հազար հանդիսատես ունեցած երրորդ փառատոնի շրջանակներից դուրս էր երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպում-կոկտեյլը, որին հրավիրված ու մասնակից էին փառատոնի հովանավորները, գործընկերներն ու բարեկամները: Արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահի դիրքից շնորհակալագրեր հանձնեց մի քանի տասնյակ անձանց, ովքեր այս կամ այն կերպ աջակցել, նպաստել են փառատոնի կայացմանը:
Նրանք քիչ չէին: Շնորհակալագրեր հանձնվեցին եւ գլխավոր հովանավոր «Վիվասել» ընկերությանը, Երեւանի կոնյակի գործարանին եւ Հայաստանում Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների դեսպանություններին, եւ հայաստանյան գործարարների ու պատգամավորների, բնականաբար նաեւ մշակույթի ոլորտի այն ներկայացուցիչներին, ովքեր մասնակից են եղել փառատոնի կայացմանը:
Նախարար Վարդան Օսկանյանը շնորհակալական խոսք ուղղեց ներկաներին, ընդգծելով, որ արդեն արվածը նշանակալի է գտնում, բայց եւ կարեւորում է սկսածի շարունակականությունն ու կարեւորության, ազդեցության մեծացումը:
ՀՀ մշակույթի ներկայիս նախարար Հասմիկ Պողոսյանը նույնպես գոհունակություն հայտնեց փառատոնի լինելիության համար եւ կարեւորեց արտգործնախարարի աջակցությունը մշակութային միջոցառմանը:
Նախարարության հանդիսասրահի ներկայանալի բազմամարդությունը բացատրվում էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասին արդեն ձեւավորված կարծիքով ու թերեւս ավելի մեծ հաջողությունների ակնկալիքով: Ի դեպ, մշակույթի ներկայիս նախարարից բացի ներկա էին նաեւ նրա երկու նախորդները Ռոլանդ Շառոյանն ու Գեւորգ Գեւորգյանը, մշակույթի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նույնպես ներկա էր եւ արժանացավ շնորհակալագրի: Նշված երկրների դեսպաններն էլ ներկայացել էին արարողությանը, սակայն հայաստանյան գործարար-պատգամավորները երեւի այլ զբաղվածության կամ կատարվածը Վարդան Օսկանյանի վարկին ի նպաստ միջոցառում համարելու արդյունքում իրենց շնորհակալագրերը կստանան ուղարկման կարգով:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ