Մրցաշրջան-2006-ը հունահռոմեական ոճի մեր ըմբիշների համար բավական հաջող կարելի է համարել: Միջազգային մրցաշարերում մեր ըմբիշներն ընդհանուր առմամբ քսան մեդալ նվաճեցին, ինչը բավական լավ ցուցանիշ է: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ու նրա օգնականները բավական քրտնաջան աշխատանք կատարեցինՙ ըմբիշներին կարեւորագույն ստուգատեսներին ըստ արժանվույն նախապատրաստելու համար:
Սակայն եթե համեմատելու լինենք մեր ըմբիշների ելույթները տարվա գլխավոր ստուգատեսներումՙ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, ապա հայ մարզիկները երկակի տպավորություն թողեցին: Եթե ապրիլին Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում մեր ըմբիշները հաջող մրցելույթներով ուրախացրին իրենց երկրպագուներին, ապա Չինաստանում անցկացված աշխարհի առաջնությունում նրանք հիասթափեցրին:
Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունն իրոք որ աննախադեպ հաջողություն բերեց մեր ըմբիշներին: Մեր հավաքականի անդամներից երկուսըՙ Ռոման Ամոյանը (55 կգ) եւ Կարեն Մնացականյանը (60 կգ) փայլուն մրցելույթներ ունեցան Մոսկվայում եւ կանգնեցին պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին:
Ռոման Ամոյանը վերջին տարիներին բավական առաջադիմել է եւ այսօր Հայաստանի մեծահասակների հավաքականի առանցքային ըմբիշներից է: 2001թ. նա աշխարհի երիտասարդական առաջնությունում փայլուն ելույթ ունեցավ եւ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 2 տարի անց նա իր հաջողությունը կրկնեց արդեն Եվրոպայի երիտասարդական առաջնությունումՙ կրկին արժանանալով չեմպիոնի ոսկե մեդալին: 2004թ. Ռոմանն իր նորամուտը նշեց աշխարհի մեծահասակների առաջնությունում: Նորամուտը հաջող էր: Մեր ըմբիշը հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ զիջելով մրցակցին, արժանացավ արծաթե մեդալի: Մեկ տարի անց Ամոյանը նույնությամբ կրկնեց իր արդյունքը: Վերջին տարիների հաջողություններն արդեն վկայում էին, որ Ռոման Ամոյանը պատրաստ է գրոհել բարձունքը: Եվ Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշը հաստատեց իր բարձր վարպետությունն ու առաջին անգամ հռչակվեց մայրցամաքի մեծահասակների չեմպիոն:
Ամոյանը հաջողությանը մոտ էր նաեւ Չինաստանում անցկացված աշխարհի առաջնությունում: Սակայն մրցավարները սխալմամբ նրա օգտին չգրանցեցին միավորը եւ Ռոմանը դուրս մնաց մեդալների համար մղվող պայքարից:
Մոսկվայում մեր հավաքականին 2-րդ ոսկե մեդալը պարգեւեց Կարեն Մնացականյանը: 29-ամյա ըմբիշը դեռեւս 5 տարի առաջ էր առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն հռչակվել: Մարզիչ Սամվել Գեւորգյանի սանն Աթենքի օլիմպիադայից հետո շուրջ երկու տարի լիարժեք չէր մարզվել ողնաշարի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն դա չխանգարեց Կարենին հաջող մրցելույթներ ունենալ մրցագորգում:
Նշենք, որ 2005թ. մրցաշրջանի ավարտին Մնացականյանը Նիցայում կայացած միջազգային մրցաշարում դարձել էր բրոնզե մրցանակակիր: Իսկ Մոսկվայում նա հաջորդաբար գետնելով իր բոլոր մրցակիցներին, 2-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մոսկվայում մեկ արծաթե մեդալ էլ մեր հավաքականին պարգեւեց ռուսաստանցի Դենիս Ֆորովը, որը հանդես եկավ Հայաստանի դրոշի ներքո:
Ցավոք, Չինաստանում կայացած աշխարհի առաջնությունում մեր չորս ըմբիշներից եւ ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Ինչ խոսք, սա անհանգստացնող փաստ է: Ինչպես հայտնի է, 2007թ. աշխարհի առաջնությունը կայանալու է Բաքվում եւ մեր ըմբիշներն ամենայն հավանականությամբ այդ մրցաշարին չեն մասնակցի: Իսկ այնտեղ խաղարկվելու են Պեկինի օլիմպիադայի ուղեգրերը: Ճիշտ է, կան եւս 2 միջազգային մրցաշարեր, որոնցում հնարավոր է օլիմպիական վարկանիշ ձեռք բերել: Այնպես որ, հունահռոմեական ոճի մեր ըմբիշներին նոր մրցաշրջանում լուրջ փորձություն է սպասում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ