«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2006-12-15 | #241, 2006-12-16 | #242, 2006-12-19


ԹՈՓԱԼՈՎԸ ԿՐԱՄՆԻԿԻՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ

ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակի առաջատար, բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովը կրկին մարտահրավեր է նետում շախմատի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին: Ինչպես տեղեկացրել է Թոփալովի մենեջեր Սիլվիո Դանաիլովը, բուլղարական կողմը պաշտոնապես դիմել է ՖԻԴԵ-ին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար շախմատային նոր մրցախաղ անցկացնելու պահանջով: Կրամնիկ-Թոփալով շախմատային նոր մրցախաղը պետք է կայանա 2007թ. ապրիլի 12-30-ը Սոֆիայում, Բուլղարիայի նախագահ Գեորգի Պիրվանովի հովանու ներքո: Բուլղարական կողմն իր վրա է վերցրել մրցամարտի 1,8 մլն դոլար մրցանակային հիմնադրամի ապահովումը: Այդ գումարից 1 մլն դոլարը պետք է ստանա մրցախաղի հաղթողը, 500 հազարըՙ պարտվողը, 300 հազարն էլ պետք է փոխանցվի ՖԻԴԵ-ի բանկային հաշվեհամարին: Բացի այդ, բուլղարական կողմն իր վրա է վերցնում մրցախաղի անցկացման բոլոր ծախսերը:

Հիշեցնենք, որ Էլիստայում այս տարվա աշնանն անցկացված Կրամնիկ-Թոփալով մրցախաղում 12 պարտիաներից հետո հաշիվը հավասար էր (6-6): Հաղթողը որոշվեց միայն լրացուցիչ մրցախաղում: Նվազագույնՙ 8,5-7,5 հաշվով հաղթեց Կրամնիկը, որն էլ արժանացավ աշխարհի չեմպիոնի տիտղոսին: Գրոսմայստերներից յուրաքանչյուրը վաստակեց 500 հազար դոլար:

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հաստատել է, որ շախմատի միջազգային ֆեդերացիան Թոփալովի մենեջերից ստացել է պաշտոնական հայտը: Սակայն առայժմ ֆինանսական փաստաթղթերը ՖԻԴԵ-ն չի ստացել: Ըստ Իլյումժինովի, երբ բոլոր փաստաթղթերը կներկայացվեն, այն ժամանակ էլ ՖԻԴԵ-ն կքննարկի հայտը: Սակայն, ամեն դեպքում, ըստ ՖԻԴԵ-ի մրցակարգի, աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը պարտավոր է ընդունել մարտահրավերը, քանի որ մրցանակային հիմնադրամը 1 մլն դոլարից ավելի է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4